Երևան կժամանի Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 7, 2010 10:19
Սպասվում է, որ այսօր ինքնաթիռով ժամը 16:00-ին Երևան կժամանի Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզեն: Այս այցն անսպասելի է, և մեր երկրում ոչ-ոք չէր սպասում բարձրաստիճան այդ հյուրին: Բանն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ նախատեսված է հոկտեմբերի 8-ին անցկացնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համաժողով, որում քննարկվելու է այդ կազմակերպության նախագահ Ալեքսան Ավետիսյանին պաշտոնանկ անելու հարցը: Այն տպավորություն էր, որ Ավտիսյանը ներկա չի գտնվի այդ միջոցառմանը, քանի որ նա Շվեյցարիայում է, որտեղ անցկացվել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստ: Սակայն Ալեքսանյանը ևս վերադառնալու է Երևան: Այնպես որ, հետաքրքիր զարգացումներ են սպասում: Ի դեպ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ է ցանկանում է, որ Ավետիսյանն ազատի իր զբաղեցրած պաշտոնը, սակայն Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է և թելադրանքը կարող են չկատարել: Իսկ ազգային ֆեդերացիայի գործերին միջամտելու դեպքում, Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան կարող է պատիժներ կիռառել, նաև արգելել, որ մեր երկրի այդ մարզաձևի ներկայացուցիչները միջազգային մրցաշարերի մասնակցեն: Հավելենք, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գործկոմի 46 անդամներից 29-ը ստորագրել են ֆեդերացիայի նախագահին անվստահություն հայտնող փաստաթղթի տակ: Ավետիսյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ մարդկանց վախեցրել են, ճնշումներ են գործադրել:






Facebook
Tweet This
Email This Post
