ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ՀՀ Ազգային Ժողովում հնչած հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2010 19:32

Հարց. – Պարոն նախարար, երեկ ադրբեջանցիները տարածեցին հաղորդագրություն հայ մոլորյալ հովվի սպանության մասին: Պաշտպանության նախարարության հայտարարությունից պարզ է դառնում, որ մոլորյալ հովիվը ահաբեկիչ չէր, որեւէ ծառայության կողմից նախապատրաստված չէր, իսկ ադրբեջանցիներն իրենց ոճրագործությունը թաքցնելու նպատակով հայտարարում էին, որ նա Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստված ահաբեկիչ էր: Պարզ է, որ այդ ոճրագործությունով Ադրբեջանը խախտել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, ինչպես նաեւ ռազմագերիների վերաբերյալ կոնվենցիաների նորմերը: Ինչպիսի՞ն է ԱԳՆ արձագանքն այդ ոճրագործությանը:

Պատասխան. – Նախ ցանկանում եմ խորին ցավակցություններ հայտնել Մանվել Սարիբեկյանի հարազատներին: Երիտասարդ հովվի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, եւ վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջեւ, ապա սպանել: Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները եւ հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել եւ հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply