Վ. Մովսիսյան. «Առաջիկա 2-3 տարիներին հսկայածավալ աշխատանքներ են տարվելու Սեւանի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 6, 2010 17:56
Հայաստանի Հանրապետության նախագահն ու կառավարությունը շատ են մտահոգված Սեւանա լճի խնդիրներով եւ գտել են հնարավորություններ դրանք լուծելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը` հավելելով, որ առաջիկա 2-3 տարիներին հսկայածավալ աշխատանքներ են տարվելու Սեւանի բոլոր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Նրա տեղեկացմամբ, այդ միջոցառումների համար տրամադրվելու է 44 մլրդ դրամ կամ 120 մլն դոլար: «ՀՀ նախագահին ներկայացված առաջարկություններն ուղղված են երեք հիմնահարցերի լուծմանը` Սեւանի մակարդակի բարձրացում, ջրի որակի եւ էկոհամակարգի վերականգնում:
Սեւանի հիդրոհանգույցի Արփա-Սեւան թունելի ավելի քան 3,3 կմ հատվածը գտնվում է վթարային վիճակում եւ պահանջվում են հրատապ միջոցառումներ այն վերականգնելու համար: Հայտարարվել է միջազգային մրցույթ, որում հաղթել է «Արփա-Սեւան» ՓԲԸ-ն. վերականգնման արժեքը 11,8 մլրդ դրամ է: Շինաշխատանքներն արդեն սեպտեմբերի 1-ից սկսվել են եւ կավարտվեն առաջիկա 6-7 տարիներին: Դրանք շատ լուրջ աշխատանքեր են:
Եթե այդ հատվածը չվերականգնենք, ապա այն կարող է դուրս գալ շահագործումից»,- ասաց բանախոսը` ավելացնելով, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում շինարարները կաշխատեն, իսկ մյուս վեց ամսում պետք է Կեչուտի ջրամբարից ջուրը տեղափոխվի Սեւան: Վ. Մովսիսյանի խոսքով, այսօր Սեւանի հիմնահարցերի ամբողջ համակարգում կարեւորագույն խնդիրը մաքուր եւ որակով ջուր ունենալն է: «Եթե մենք մաքուր ջուր չենք ունենալու, ապա մեր նախկինում կատարած բոլոր աշխատանքները ջուրն են լցվելու, որովհետեւ մեր նպատակը քաղցրահամ, այլ ոչ թե տեխնիկական կամ ոռոգելի ջուր ունենալն է»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Նրա տեղեկացմամբ, արդեն սկսվել եւ այս տարի կավարտվեն հինգ քաղաքների` Սեւանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Ջերմուկի կոյուղագծերի վերականգնման աշխատանքները: Ըստ Վ. Մովսիսյանի` եթե չլուծվեն 43 համայնքների ջրամատակարարման, կոյուղագծերի մաքրման խնդիրները, ապա բարդություններ կառաջանան: Աշխատանքներ են տարվում նաեւ Սեւանի պահպանման եւ վերականգնման համահայկական հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որտեղ կենտրոնցված բոլոր գումարները կծախսվեն միան լճի մաքրման խնդիրները լուծելու համար: «Մաքրման առումով չափանզանց կարեւոր է, որ մենք ունենանք լճում առաջացած եւ առաջացող բոլոր գործընթացների վերաբերյալ հավաստի եւ լիարժեք տվյալներ, որն այժմ չունենք:
Դրա համար մենք մշակել ենք Սեւանի էկոհամակարգի եւ ջրաբանական մոնիտորինգի համալիր ծրագիր ու ներկայացրել հանրապետության նախագահին: Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոնիտորինգի ժամանակակից համակարգ` նոր սարքավորումներով ու մեդոդաբանությամբ, այնուհետեւ` ինֆորմացիոն բանկ, որից յուրաքանչյուր քաղաքացի ինտերնետի միջոցով տեղեկանա, թե այդ պահին Սեւանում ինչ իրավիճակ է` կապված հողի, ջրի եւ օդի հետ»,- ասաց Վ. Մովսիսյանը: Լճի ափերի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են:
Սեւանի մակարդակը 1900 մ 4 սմ է: Վերջինիս բարձրացման արդյունքում ջրում է հայտնվել 520 շինություն, որոնցից 203-ը` կապիտալ, 317-ը` շարժական` փայտյա կամ մետաղյա տնակներ: Վ. Մովսիսյանի տեղեկացմամբ, ապամոնտաժման եւ տեղափոխման աշխատանքներն արդեն սկսված են: Ներկայումս քանդվել են 27 շենք-շինություններ, որից 22-ը` «Լավանդա սիթի»-ում, 5-ը` «Սեւան» ազգային պարկում:
«Ինքնակամ կառուցվածքները պետք է ապամոնտաժվեն եւ տեղափոխվեն առանց փոխհատուցման, իսկ պետական գրանցում ունեցողների համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կուսումնասիրի, թե այդ շենքի կառուցման իրավական հիմքերը արդյո՞ք համապատասխանում են ՀՀ օրենքներին: Եթե այդպես լինի, կքննարկվի դրանց փոխհատուցման հարցը, իսկ եթե ունենան պետական գրանցում, սակայն իրավական հիմքերով համարվեն ոչ օրինական կառույցներ, դրանց համար փոխհատուցում չի լինի»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ջրում են հայտնվել, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների, 593 հա անտառներ եւ թփուտներ: Դրանց մաքրման համար ՀՀ կառավարության հատկացրած գումարով Ֆինլանդիայից ձեռք է բերվել ջրում աշխատող մեքենա` բոլոր սարքավորումներով: Նախատեսվում է, որ մեքենան Հայաստանում կլինի հոկտեմբերի վերջին: Վ. Մովսիսյանը ամենաբարդը համարեց ճանապարհների խնդիրը, որովհետեւ նախկինում, ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալների, ջրի տակ մնալու էր 9.7 կմ ճանապարհահատված, սակայն ներկայումս այդ թիվը 16.6 կմ է: Հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում կվերանայվի ճանապարհների տեղափոխման գլխավոր հատակագիծը 2011-2029 թվականների համար:






Facebook
Tweet This
Email This Post
