Դեպի Ախթալա կամ “դըբա լավը”. լրագրողական խորոված Ախթալայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 6, 2010 16:44

Հոկտեմբերի 3-ին լրագրողական խումբն ուղևորվեց Ախթալա: Լոռու մարզի այդ գեղատեսիլ բնակավայրում լրագրողներից քչերն էին եղել: Նրանք, ովքեր եղել էին, արդեն գիտեին, որ Ախթալան ինքնատիպ քաղաք է, որ հպարտորեն կարող է դասվել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերի շարքը և մի շարք ամենա-ներ ունի, որոնցով առանձնանում է Հայաստանի մյուս բնակավայրերից:

Լրագրողական շրջայցը կազմակերպվել էր Խորովածի փառատոնի շրջանակներում. սեպտեմբերի 19-ին Ախթալայում անցկացվել է Խորովածի երկրորդ փառատոնը, որից հետո Հայաստանն առաջարկ է ստացել ընդգրկվելու համաշխարհային “Բարբիքյու” ասոցիացիայի կազմում:

Լրագրողներին ընկերակցում էին ասոցիացիայի փոխնախագահ, մոսկվաբնակ Արտյոմ Ենգոյանը, որ առաջարկ էր ներկայացրել Հայաստանին` ընդգրկվելու ասոցիացիայի կազմի մեջ, “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման”  հասարակական կազմակերպության նախագահ, “Արարատ հոլ” ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը, որ Խորովածի փառատոնի հանձնաժողովի նախագահն է, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, որ հավատում է, թե Խորովածի փառատոնը կարող է նպաստել Հայաստանում` մասնավորապես Ախթալայում զբոսաշրջության զարգացմանը, և վերջապես, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, որ ոչ միայն հավատում է, այլև գործնական  քայլեր է անում, որ Հայաստանում կայանա Խորովածի փառատոնը, և Ախթալան դառնա Հայաստանում զբոսաշրջության զարգացման կարևորագույն կենտրոններից մեկը:

Ի դեպ, շրջայցի ժամանակ Ալավերդու “Ֆլորա” ռեստորանում, որտեղ լրագրողների համար ճաշ մատուցվեց, ներկա էին նաև Իսրայելից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ. Խաչիկյանը “գործնական թրեյնինգ” անցկացրեց լրագրողների համար, թե նաև ինչ պետք է անել զբոսաշրջությունը զարգացնելու և զբոսաշրջիկներին գրավելու համար. նա հայկական երաժշտություն պատվիրեց և զբոսաշրջիկներին հրավիրեց պարելու: Մի քանի րոպե անց ողջ սրահը լցվեց հայկական քոչարիի նվագով և հրեա զբոսաշրջիկների պարով, լցվեցին նաև բաժակները, հնչեցին կենացներ: Օտարերկրյա զբոսաշրջիկները հեռացան` Հայաստանին ու հայերին ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ հղելով:

Լրագրողներն այցելեցին Ախթալայի ամրոց, որտեղ տեղի էր ունեցել Խորովածի փառատոնը: Այնտեղ նրանց սպասում էր ոչ միայն միջնադարյան սքանչելի հուշարձանախումբը, այլև խորովածի մանղալներն ու շշերը: Պարզվեց, որ լրագրողները պետք է իրենց ձեռքով խորոված պատրաստեն և հյուրասիրեն ներկաներին: Նաև  հայտնի դարձավ, որ եկող տարի մայիսին Գերմանիայում անցկացվելիք խորովածի միջազգային մրցույթին պատրաստվում է  մասնակցել նաև Հայաստանը, և Հայաստանում անցկացվելիք նախընտրական փուլին իրենց պատրաստած խորովածով կմրցեն նաև լրագրողական թիմեր: Հաղթող թիմը հայ խոհարարների հետ կմեկնի Գերմանիա` լուսաբանելու փառատոնը:

‘”Հայերն արդեն չորս հազար տարի է` գիտեն, թե ինչ բան է խորովածը, բայց, ցավոք սրտի, առայժմ լավ տեղեկացված չեն աշխարհի “Բարբիքյու” շարժման նոր  նվաճումներին,- ասում է “Բարբիքյու”-ի փոխնախագահ Արտյոմ Ենգոյանը,- սակայն վստահ եմ, որ իրենց բազմադարյան փորձը միացնելով նորագույն մեթոդներին` հայերը կկարողանան այդ ասպարեզում աշխարհին նոր բան հրամցնել”:

Արտյոմ Ենգոյանը նաև կարծում է, որ Ախթալան կդառնա Հայաստանում խորովածի միջազգային շարժմանը միանալու խորհրդանիշը:

Ախթալան ու իր  ամենա-ները
Ախթալայի միջնադարյան նշանավոր ամրոցը` իր վանական համալիրով, եզակի հուշարձան է: Ամրոցը Հայաստանում ամենալավ պահպանվածներից է, իսկ վանական համալիրի գլխավոր կառույցը` Սբ. Աստվածածին եկեղեցին, առանձնանում է իր զարդաքանդակներով ու որմնանկարներով: Այդ որմնանկարներն, ըստ ուսումնասիրողների, կարող են դասվել Բյուզանդիայից դուրս գտնվող քաղկեդոնական մշակույթի լավագույն գործերի շարքը: Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանված մոնումենտալ նկարչության ամենամեծ նմուշներն են:

Զարմանալի է այն, որ Ախթալայի Սբ. Աստվածածին եկեղեցին, գտնվելով Սանահինի և Հաղպատի պատմաճարտարապետական համալիրներից ոչ հեռու, մի տեսակ անուշադրության է մատնվել, և այսօր շատերն անգամ տեղյակ չեն դրա գոյության մասին:

Ախթալայի վանական համալիրը նաև կռվախնձոր է, դրա նկատմամբ հավակնություններ ունի վրաց եկեղեցին: Պատճառներից մեկն էլ, թերևս, դարձյալ ոչ բավարար լուսաբանումն է: Բանն այն է, որ XXII դարում հայ իշխանական տների մեջ ուժեղացել է Զաքարյանների ազդեցությունը, որոնք հայ-վրացական զինված ուժերի գլուխ անցած` Հյուսիսային Հայաստանի տարածքներն ազատագրել են սելջուկներից: Ախթալան` որպես սեփականություն, անցել է Զաքարյան եղբայրներից Իվանեին, ով դիվանագիտական նպատակներով ընդունել է հունադավանություն` քաղկեդոնություն:
Լինելով հայ, սակայն վրաց արքունիքում զբաղեցնելով բարձր պաշտոններ` Զաքարյանները չէին կարող անտեսել վրացիների քաղկեդոնական լինելը: Միաժամանակ չէր կարելի նաև անտեսել Հայաստանի բնակչության և Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունելի լինելու հանգամանքը: Եվ քանի որ Հայաստանում կային նաև քաղկեդոնական հայեր, Իվանե Զաքարյանը Սբ. Աստվածածինը դարձրել է քաղկեդոնական եկեղեցի` միանգամից երկու հարց լուծելով. մի կողմից` վրաց արքունիքի հետ հարաբերությունների ամրապնդումը, մյուս կողմից` հեղինակության և ազդեցության տարածումը քաղկեդոնական հայերի շրջանում:

Հնում Ախթալան անվանել են Պղնձահանք. այն հայտնի է եղել իր  պղնձահանքերով, որոնք հին Հայաստանի ամենահայտնիներից են: XIX դարում Ախթալայում  պեղումներ է արել աշխարհահռչակ Ֆրանսիացի գիտնական, հնագետ Ժակ դը Մորգանը:
Ախթալայում տարածված կարծիքի համաձայն` միջնադարում այդ տարածքում հաստատված հայկական Կյուրիկյան թագավորական տան պղնձե դրամները հատվել են հենց Ախթալայում.

“Ավելի վաղ էլ միջնադարյան Հայաստանում թողարկվել են դրամներ, սակայն դրանց մի երեսին եղել է հայատառ արձանագրություն, մյուս երեսին` արաբատառ,- ասում է ախթալացի պատմաբան Վահե Անթանեսյանը,- սակայն լրիվ մաքուր հայատառ առաջին ու միակ դրամները Հայաստանում հատվել են Ախթալայի ամրոցում գտնվող դրամահատարանում”:

Ախթալայի պղնձահանքի հետ է կապվում նաև Վենետիկի Սբ. Մարկոսի տաճարի մուտքի վերնամասը  զարդարող չորս ձիերի` նշանավոր “Վենետիկյան քառյակ” բրոնզե քանդակը: Մինչ օրս հայտնի չէ, թե երբ և որտեղ է ստեղծվել այդ քանդակը: Ըստ հայկական վարկածի, այն Ներոն կայսրին է նվիրել հայոց արքա Տրդատ Ա-ն` Հռոմի կայսրից իր թագը ստանալու առիթով 65 թ. Հռոմ կատարած հայտնի այցի ժամանակ: Եվ ենթադրվում է, որ բրոնզե քանդակի պղինձը արդյունահանվել է Ախթալայի հանքերից: Նշենք նաև, որ այդ քանդակը որոշ աղբյուրներում հիշատակվում է “Հայկական ձիեր” անվանումով:
Ախթալայում է գտնվում նաև Կովկասի հնագույն գործարանը` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը 1763 թվականից  կարճատև դադարներով գործում է մինչ օրս:
Ուշագրավ է նաև, որ Ախթալան միակ բնակավայրն է, որտեղ գոյություն չունի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան.

“Ախթալան այդ պատերազմում զոհ չի ունեցել, քանի որ բնակչության մեծ մասն աշխատել է կա’մ հանքերում, կա’մ երկաթուղում, որոնք եղել են ստրատե•գական նշանակություն ունեցող կառույցներ. այստեղից պատերազմ չեն զորակոչել”,-բացատրում է պատմաբանը:

Հայտնի է, որ XIX դարում Ախթալայի պղնձահանքերով հետաքրքրվել են ֆրանսիացիները, և 1887 թ. Փարիզում կնքվել է մի պայմանագիր, համաձայն որի` հիմնադրվել է “Ախթալայի հանքեր” բաժնետիրական ընկերությունը:

Իսկ երկաթգծի կառուցումից հետո Ախթալան դարձել է նաև հաղորդակցման ակտիվ գոտի: Թիֆլիս-Ախթալա-Ղարաքիլիսա-Հահամլու-Ջաջուռ-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթգծի շինարարությունը սկսվել է 1895 թ. և տևել չորս տարի:

“1896 թ. Ախթալայում տեղի է ունենում աշխատավորների գործադուլ, որն առաջինն է համարվում Հայաստանում”,-ասում է պատմաբանը:

Պղնձահանքի, երկաթուղու շահագործումն Ախթալայում առաջացրել են ժողովրդագրական նոր պատկեր և մշակութային բազմազանություն,  քանի որ այստեղ բնակություն են հաստատել ֆրանսիացիներ, հույներ, վրացիներ, ռուսներ:

Ախթալայում է գտնվում նաև հայ մեծ գործարար և բարեգործ Միքայել Արամյանցի կալվածքը, որը նրա ընտանիքի համար ծառայել է` որպես հանգստյան տուն: Շվեյցարական ճարտարապետությամբ կառուցված այդ հեքիաթային դղյակը, թերևս, Հայաստանի ամենայուրօրինակ շինություններից է: Կալվածքում է գտնվում նաև կանանց թենիսի դաշտը, որն առաջինն է Հայաստանում:

Իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ Ախթալայի ամրոցում բացվեց ևս մի եզակի հուշարձան` ամուսնական մատանիների հուշարձանը. այն տարածաշրջանում հաստատ միակն է:

Մի խոսքով, Ախթալան մի վայր է, որն իրապես կարող է դասվել Հայաստանի նշանավոր վայրերի շարքը, հպարտորեն ընդունել ու իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ զարմացնել ու հիացնել ոչ միայն հայ, այլև օտարերկրյա քաղաքացիներին:

Ախթալացիները լավատես են ու հավատում են իրենց քաղաքի պայծառ ապագային: Ամեն բաժակ բարձրացնելիս նրանք ասում են ոչ թե “ողջ լինենք” կամ “էհ, Աստված”, այլ ասում են` “Դըբա լավը”:

Դիտվել է 2835 անգամ:
Print Friendly

Leave a Reply