Անիի նամազն ու Աղթամարի խաչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 6, 2010 15:27

Անիի Մայր տաճարը

Հոկտեմբերի 1-ին հարյուրավոր թուրք ազգայնականներ Մեջլիսում երկրորդ ընդդիմադիր  ուժ հանդիսացող «Ազգայնական շարժում»  կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի ղեկավարությամբ Անիի Մայր տաճարում նամազ արեցին:

Կուսակցությունը  թուրքական «Գորշ գայլեր»  ծայրահեղական աջակողմյան խմբավորման քաղաքական թևն է, որը տարածված է ամբողջ աշխարհում և մոտ 80 մասնաճյուղ ունի:

Անիի տաճարի ընտրությունը պատահական չէ: Թուրք-սելջուկների սուլթան Ալփարսլանը  1064 թ. գրավել է Անին, Մայր տաճարի վրայից հանել է խաչն, ու դրանից հետո տաճարը 60 տարի գործել է որպես մզկիթ: Այնուհետև Անին գրավել է  վրաց Դավիթ թագավորը, և տաճարը կրկին ծառայել է որպես եկեղեցի: Այսօր եկեղեցին կիսաքանդ վիճակում է. գմբեթն առանց խաչի է, իսկ ներսում թուրքերեն հայհոյանքներ են գրված:

Դևլեթ Բահչելին ուրբաթօրյա նամազից հետո քննադատել է թուրքական իշխանություններին Աղթամարում և Սումելայում իրականացված պատարագների համար:

Այս տարի օգոստոսի 15-ին, 88 տարվա մեջ առաջին անգամ, Թուրքիայի Տրապիզոնի նահանգում գտնվող պատմական Սումելա ուղղափառ վանքում  վարչապետ Էրդողանի կառավարության թույլտվությամբ պատարագ մատուցվեց:

Անիում անցկացված նամազի նախօրեին թուրք իշխանությունները տեղադրեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` այս երկու իրադարձությունների մեջ ակնհայտ կապ կա, և նամազի անցկացումը, որի թույլտվությունը մինչ այդ վիճարկվում էր, իշխանության կողմից թուրք հասարակությանն արված ռեվերանս էր:

«Խաչի տեղադրումը Թուրքիայի կողմից հայ հասարակությանն ուղղված դրական մեսիջ էր՝ թուլացնելու մեզ մոտ գոյություն ունեցող հակաթուրքական տրամադրությունները,- ասում է Մելքոնյանը,- մյուս կողմից` սուրբ պատարագի  անցկացումից հետո թուրք հասարակությունում սկսել էին ուժեղանալ հակաիշխանական տրամադրությունները, և նամազի թույլտվությունն ուղղված էր դրանք մեղմելուն»:

Թուրքագետը ուժեղացող հակահայկական տրամադրություններով է պայմանավորում խաչի ուշ տեղադրումը: «Գործողությունների աստիճանական ընթացքը կոչված էր մեղմացնելու այդ ալիքը, որովհետև պատարագի հետ խաչը տեղադրելու դեպքում այն ավելի բուռն կլիներ»,- ասում է նա:

Աղթամարի եկեղեցու գմբեթի խաչի տեղադրումն աննկատ անցավ և աղմուկ չբարձրացավ, պարզապես թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ խաչը տեղադրվել է:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի բնորոշմամբ` նամազի անցկացումը հստակ քաղաքական շեշտադրում պարունակող ուղերձ էր: Նա ասում է, որ սրանով Թուրքիան փորձում է հասկացնել, որ ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական վայրերում գտնվող հուշարձանային կոթողները պատկանում են Թուրքիային:

«Դա ամենևին էլ պայմանավորված չէր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկա չլինելու փաստով,- ասաց նա,-  պատճառը ներքին օգտագործման համար իսլամիստական միտումները շրջանառության մեջ դնելն էր, որը  իրավատերերի հետքերը ջնջելու փորձ է»:

Մայր Աթոռի դիվանապետն իր դիտարկումը հիմնավորում է այն փաստարկով, որ արմատական իսլամիստները խույս են տալիս քրիստոնեական եկեղեցում կամ  առհասարակ այլակրոն պաշտամունքային վայրերում պաշտամունք իրականացնելուց:

«Ենթադրում եմ, որ մարդիկ փորձել են մզկիթներում աղոթք անել, բայց հասկացել են, որ Աստծո հետ հարաբերվելու լավագույն տարբերակը Անին է»,- հեգնեց Արշակ սրբազանը:

Դիվանապետն ասաց, որ հետայսու՝ հրավերի դեպքում, բացառված չէ Մայր Աթոռի մասնակցությունը Աղթամարի եկեղեցում մատուցվող պատարագին: «Որևէ արգելք չկա, որ խանգարի Մայր Աթոռի ներկայությունը,- ասաց նա,- եթե հրավեր լինի, մենք, նոր իրողությունները քննարկելով ու հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ, դրական պատասխան կտանք»:

Արշակ սրբազանը դեմ է այն առարկությանը, թե պետք էր բոյկոտել Աղթամարի պատարագը այն հիմնավորմամբ, թե դա քաղաքական շոու է: «Մենք Թուրքիայում ունենք 2500 պաշտամունքային սրբավայր,- ասում է նա,- ու եթե  հնարավորություն կա դրանցից գեթ մեկը փրկելու ոչնչացումից, ինչո՞ւ այդ հնարավորությունը կորցնել, առավել ևս, որ Աղթամար եկեղեցու վերականգնման աշխատանքներում մասնակցություն է ունեցել մեր մշակույթի նախարարությունը»:

Ստամբուլում, որտեղ այսօր կենտրոնացած է հայ համայնքը,  գործում է  16 եկեղեցի։

«Փառք և խոնարհում այդ մարդկանց, որ այդքան բռնաճնշումների ներքո կարողանում են պահպանել հայ եկեղեցին»,- ասաց Արշակ եպիսկոպոսը:

Դիտվել է 2383 անգամ:
Print Friendly

Leave a Reply