ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում լսվեց Հայաստանի հարցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2010 12:43

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովում մինչև շաբաթավերջ, ըստ ամենայնի, կհստակեցվեն Հայաստանի հարցով համազեկուցողների Երևան կատարելիք այցի ժամկետները: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, չի բացառվում, որ այցը կայանա հոկտեմբերի 16-20-ին: Մինչ այդ, հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի նիստում քննարկել է Հայաստանի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած բանաձևերի կատարման ընթացքը` առանց որևէ որոշում ընդունելու: Ի դեպ` քննարկումների համար նախատեսված էր 1 ժամ, սակայն դրանք տևել են 35-40 րոպե, ինչի պատճառով կրճատվել է ելույթների նախատեսված տևողությունը, իսկ որոշ դեպքերում դրանք հանվել են: Այնուամենայնիվ, բոլոր ելույթների ամբողջական տեքստերը հանձնաժողովում տարածվել են:

Մոնիտորինգի նիստում իրենց տեսակետներն են ներկայացրել իշխանական թևի և ընդդիմության, այդ թվում նաև` արտախորհրդարանական, ներկայացուցիչները: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ-ի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների մշակած բարեփոխումների նախագիծը: Նրա ելույթում, մասնավորապես, անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքում, ոստիկանության համակարգում, մամուլի բազմակարծության, հավաքների ազատության ապահովման ուղղությամբ բարեփոխումներին:

Հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, թե’ Ա.Գրիգորյանը, թե’ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ, ընդդիմադիր ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը և Զարուհի Փոստանջյանը, իրենց զեկույցներում ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում ստանձնած պարտավորությունները:

«Իշխանությունները փաստորեն փորձում են ներկայացնել ինչ-որ բարեփոխումների մտադրությունները որպես արդեն արված գործ: Բայց դա’ չէ չափանիշը, որով պետք է գնահատենք իշխանությունների գործողությունները, այլ այն, ինչ թ.1677 բանաձևի մեջ որպես պահանջ ներկայացված է»,-«Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, նիստում ասել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Ըստ Ա.Գրիգորյանի, այդ պահանջների ամենակարևոր կետերի` «քաղբանտարկյալների, մարտի 1-ի դեպքերի անաչառ հետաքննության և մամուլի ազատության, մասնավորապես, «Ա1+»-ի վերաբացման, մասով  բացարձակապես ոչինչ չի արվել»: Ընդդիմության ներկայացուցիչը քննադատել է նաև ԵԽ-ին` վերոհիշյալ բանաձևի ընդունումից հետո դրսևորած անգործության համար:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի անունից նամակ էր հղել ԵԽ-ի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Նամակում, մասնավորապես, ասված էր.

«Եվրոպայի Խորհուրդը և նրա Խորհրդարանական Վեհաժողովը ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի և ինն ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձեւի պահանջները, և որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը: Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ Եվրոպայի Խորհուրդը շարունակում է դրսևորել չհիմնավորված հանդուրժողականություն` դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը»:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply