Քննարկվել են սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2010 12:42

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք։ Ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնության «Սեմենա» ասոցիացիայի նախագահ Իվան Կուզմինը ու «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգորի Դոնցովը, ովքեր կարևոր դեր են ունեցել ՌԴ-ից սերմերի ներկրումը ժամանակին ապահովելու գործում։

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է վերհանել առկա խնդիրները և հասկանալ մարզերում ստեղծված իրավիճակը` ինչպես է բաշխվել ՌԴ-ից ներմուծված սերմը։

Անդրադառնալով սերմնաբուծության ծրագրի իրականացմանն առնչվող հիմնական հարցադրումներին և խոսելով ՀՀ կառավարության հաստատած ռազմավարության առաջնահերթություններից` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը գյուղատնտեսական ֆերմաներին օգնության ծրագիր չէ, այլ սերմնաբուծության վերականգնման ծրագիր, այսինքն` մենք պետք է գործ ունենանք այն տնտեսությունների հետ, որոնք երկարաժամկետ համագործակցելու են պետության հետ և մասնագիտանալու են սերմնաբուծության բնագավառում։ Սա նշանակում է` մարդիկ պետք է հետևեն հողի որակին, բոլոր տեխնիկական պահանջները կատարեն, իրենց մասնագիտական կարողություններն ավելացնեն ու մշտական վերահսկողության ներքո լինեն մեր սերմնաբուծական ֆերմաների կողմից։ Այդ համագործակցության շնորհիվ պետք է հասնենք ՀՀ պահանջարկը բավարարելու համար մեր կողմից մատնանշված տարեկան 30.000 տոննա սերմ արտադրելու թիրախային ցուցանիշին»:

Այնուհետև գյուղատնտեսության նախարարի և մարզպետների կողմից ներկայացվել են տվյալներ մարզերում սերմնացուի բաշխման ու պայմանագրի կնքման հայտ ներկայացրած ֆերմերների թվի վերաբերյալ։

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ-ից ժամանած հյուրերն այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում անցկացնելու են սեմինար ֆերմերների և սերմնաբուծարանների աշխատակացիների համար` նվիրված ՌԴ-ից ներկրված սերմի տեխնոլոգիական ճիշտ օգտագործմանը։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նման սեմինարների կազմակերպումը` նպատակաուղղված ֆերմերներին համապատասխան տեղեկատվության տրամադրմանը։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տեղական օրգանիկ պարարտանյութերի փորձարկման պիլոտային ծրագրի մանրամասներ։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ դա կնպաստի տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը և հանձնարարել է մարզպետներին անձնական հսկողություն սահմանել ծրագրի նկատմամբ։

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply