Կաճաճկուտում հողերը դեռեւս սեփականաշնորհված չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հոկտեմբերի 6, 2010 11:33

Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի հողերը դեռեւս սեփականաշնորհված չեն: Նշենք, որ այն գտնվում է գլխավոր մայրուղուց 15 կմ հեռավորության վրա, ունի 1069,84 հա տարածք, որից 835,66 հա-ն գյուղատնտեսական հողեր են: 115 ընտանիք ունեցող գյուղի համար առաջնային խնդիր է հողերի սեփականաշնորհումը, որոնք դեռեւս համայնքային սեփականություն են: Հարցի լուծումը հետաձգվում է գյուղի սողանքային գոտում լինելու պատճառով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գյուղապետ Մխիթար Թամազյանը, այս տարի 158,49 հա տարածության վրա կատարվել է խոտհունձ: Եվս 54,75 հա վարելահող վեր է ածվել խոտհարքի: Գյուխտեխնիկայի կարիք չի զգացվում, քանի որ հողատարածքները գտնվում են զառիվայրում, հողը մշակվում է ձեռքով: Հայաստանի գյուղական համայնքների զարգացման հիմնադրամի եւ «Այ-Էյ-Դի» ծրագրի աջակցությամբ լուծվել է համայնքի 64 տնտեսությունների խմելու ջրով ապահովման հարցը, սակայն դեռեւս չի լուծվել գազիֆիկացման խնդիրը:

Ըստ գյուղապետի` «Վորլդ-Վիժն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ գյուղի դպրոցը կունենա նոր սանհանգույց: Աշխատանքներն իրականացվում են կրթօջախի միջոցներով, հկ-ի տրամադրած շինանյութով: Այս ծրագրի շրջանակներում դպրոցի բակում կառուցվել է խաղադաշտ, ստեղծվել է համակարգչային դասարան: Դպրոցի տնօրեն Ղարիբ Պողոսյանը նշում է, որ 48 աշակերտի համար դեռեւս չլուծված է մնում մարզադահլիճի հարցը, որի բացակայության պատճառով ֆիզկուլտուրայի դասերն անցկացվում են դասարաններում:

Դիտվել է 888 անգամ:

Leave a Reply