Ադրբեջանի դպրոցներում առաջին դասարանից սկսած երեխաներին կաշառք տալ են սովորեցնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2010 10:35
Ադրբեջանի կրթության համակարգում կաշառակերության եւ կոռուպցիայի առկայությունը ժխտել հնարավոր չէ: Դա նույնիսկ չի կարողանում ժխտել Կրթության նախարարությունը: Նույնիսկ նախարարության պաշտոնյաներն են հայտարարում, որ աշխատանքներ են տանում ստեղծված խայտառակ իրավիճակը շտկելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Pia.az» կայքը:
«Pia.az»-ին բազմաթիվ բողոքներ են հասել, որ Ադրբեջանի դպրոցներում կրկին մեկնարկ է տրվել դրամահավաքի արշավին՝ այս անգամ ուսուցչի օրվա կապակցությամբ: Միջնակարգ դպրոցների ուսուցիչները աշակերտների ծնողներին կանչում եւ այդ նպատակով նրանցից փող են պահանջում: Ամենածանրն առաջին դասարանցիների ծնողների վիճակն է, քանի որ նրանց արդեն զգուշացրել են, որ փողը չտալու դեպքում, չեն օգնելու, որ երեխան լավ կրթություն ստանա: «Հենց առաջին դասարանից երեխաներին սովորեցնում են կաշառքին: Եթե ծնողը պահանջվող փողը չի տալիս, երեխային հոգեբանական ճնշման են ենթարկում մնացած աշակերտների առաջ:
Դպրոցում աշակերտների մոտ կաշառքի նկատմամբ դրական զգացումներ են արթնացնում եւ ամրապնդում: Դա մեծ հանցագործություն է: Ադրբեջանի դպրոցներում փչացնում են մեր երեխաներին: Եթե այդ դպրոցականն այսօր կաշառք է տալիս՝ համոզված լինելով, որ դա անհրաժեշտություն է, ապա վաղն էլ ինքն է կաշառք պահանջելու: Դա նրա մոտ սովորական է դառնալու: Այդ մասին ես բազմիցս եմ զգուշացրել եւ տեղեկացրել դպրոցի տնօրենին եւ Կրթության նախարարությանը: Բայց ոչ մի արձագանք չկա:
Դա ադրբեջանական ազգի ամենամեծ դժբախտությունն է, երբ երեխան սովորում է կաշառքին, ինչը գնալով ավելի է ընդարձակվում», -թերթին հղած նամակում դժգոհել է մի դպրոցականի ծնող: «Կրթության բնագավառում կաշառքի դեմ պայքարելու մասին հորջորջող Կրթության նախարարությունն արդյոք տեղյա՞կ է այս խայտառակությունից: Կարծում ենք՝ այո, եւ շատ դեպքերում էլ` շարունակում է աչք փակել դրա վրա», -եզրահանգել է «Pia.az»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
