Շ.Քոչարյան. «Ադրբեջանի տարածքային ամբողջակա- նությունը որեւէ առնչություն չունի ԼՂՀ-ի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2010 21:47

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Այսօր Հայաստանի Ազգային Ժողովում ԼՂՀ-ի ճանաչման օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` ավելացնելով, որ այսօր միջազգային որեւէ կազմակերպություն գոյություն չունի, որը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում: «ԽՍՀՄ փլուզումով ձեւավորվել են երկու իրավահավասար պետություններ` Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ավելին, ԼՂՀ-ի անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանինը:

Նրանց տարբերությունը կայանում է նրանում, որ մեկը միջազգայնորեն ճանաչվել է, իսկ մյուսը` ոչ: Մեր ջանքերն ուղղված են հենց նրան, որպեսզի ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչվի եւ ոչ միայն Հայաստանի կողմից»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Ըստ նրա, ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը գտնվում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Շ. Քոչարյանի դիտարկմամբ, ԼՂՀ-ի անկախության հայեցակարգի հիմքն Արցախի ժողովրդի` հանրաքվեի արդյունքներով արտահայտած կամքն է, որը պետք է հետեւողականորեն իրականացվի:

«Քանի դեռ ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավված չէ, Հայաստանն իր վրա է վերցրել խնդրի ներկայացման հարցը, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք կարող ենք փոխարինել ԼՂՀ-ին` ընթացող բանակցություններում»,- ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը: Նա եւս մեկ անգամ ներկայացրեց «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որը որպես ԼՂ խնդրի բանակցային հիմք է ընդունվել: «Այն կառուցված է երեք հիմնարար սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության իրավունքի վրա: Նույնը վերաբերվում է նաեւ վերջին` «Սանկտպետերբուրգյան առաջարկություններ»-ին, որոնք արվել են «Մադրիդյան սկզբունքներ»-ի հիման վրա, որը եւս Հայաստանը պատրաստ է ընդունել որպես բանակցային հիմք»,- ասաց Շ. Քոչարյանը:

Նա փաստեց, որ Ադրբեջանը մերժում է ինքնորոշման եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները` ներկայացնելով մեկ սկզբունք, «այն էլ աղավաղված կերպով, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»: «Այնպես որ` Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ԼՂ-ի հակամարտության շուրջ ստատուս քվոն պահպանվի»,- նկատեց Հայաստանի փոխարտգործնախարարը:

Դիտվել է 2426 անգամ:
Print Friendly

Leave a Reply