ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագիծը քննարկվեց, քվեարկությունը հետաձգվեց մինչև հաջորդ քառօրյա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2010 20:50

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովը քննարկեց ՙԺառանգություն՚ խմբակցության հեղինակած ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրենքի նախագիծը: Այն գլխադասային` Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացության չէր արժանացել, սակայն հեղինակների կողմից ճանաչվել էր արտահերթ, ուստի ԱԺ կանոնակարգօրենքի համաձայն, առանց քվեարկության ներառվել էր ԱԺ նստաշրջանի օրակարգ և քննարկվեց արտահերթ կարգով: Հիմնական զեկուցողի` ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ և ԱԺի նույնանուն խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությամբ, օրինագծի քվեարկությունը հետաձգվեց մինչև հաջորդ հերթական քառօրյա:

Քննարկման ընթացքում բոլոր ելույթ ունեցողներն ընդգծում էին, որ անհնար է գտնել գեթ մեկ հայի, ով դեմ կլինի ԼՂՀի ճանաչմանը: Սակայն` ի տարբերություն ՙԺառանգության՚, որի կարծիքով Հայաստանի կողմից ճանաչումը վերջին քսանամյակում նույնիսկ ուշացած քայլ է, ԱԺի քաղաքական մեծամասնությունը պնդում էր, թե հաշվի առնելով, որ հակամարտության կարգավորումն ընթանում է ԵԱՀԿի Մինսկի խմբի եռանախագահողների շրջանակներում, և այդ ձևաչափում խնդրի լուծումը սպառված չէ, պետք չէ վնասել գործընթացին: Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ևս հայտնեց, որ կառավարությունը ներկա փուլում

նախագծի ընդունումը համարում է աննպատակահարմար:

Ընդդիմադիր ՙՀՅԴ՚ խմբակցության անունից վերջինի ղեկավար Վահան Հովհաննեսյանը հայտարարեց, որ իրենք ևս դեմ են եղել այս պահին հարցի քննարկմանը` բազմիցս նշելով, որ սա այն հարցը չէ, որին քննարկվելուց հետո կարելի է չքվեարկել կամ ՙդեմ՚ ու ՙձեռնպահ՚ քվեարկել, սա այն հարցն է, որ պետք է ընդունվի միաձայն, ընդ որում` քվեարկությանը բոլոր 131 պատգամավորների մասնակցությամբ: ՙԵթե երկու կողմերի` մեր ընդդիմադիր գործընկերների և իշխանության, համառության և կոմպրոմիս գտնելու անընդունակության պատճառով, ի վերջո, հարցը հասավ քննարկման և, եթե պիտի քվեարկություն լինի, ես հայտարարում եմ, որ ՙՀՅԴ՚ խմբակցությունն ամբողջությամբ ՙկողմ՚ է քվեարկելու՚,-հայտնեց նա: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընդդիմությունը պետք է գիտակցի, որ չի կարող բացարձակապես հաշվի չնստել իշխանության վարած քաղաքական կուրսի, տեսակետի հետ, իսկ իշխանությունն էլ իր հերթին չպետք է անտեսի ընդդիմության տեսակետը: ՙՍարսափելի բան չէր լինի, եթե հարցը բոլորիս ստորագրությամբ մտներ նստաշրջանի օրակարգ, և քննարկումը պահվեր որպես վերջին միջոց հետագայի համար՚,-ասաց Վ.Հովհաննեսյանը` հավելելով, որ աննպատակահարմարության վերաբերյալ իշխանություններից ՙկարգին բացատրություն՚ էլ չլսվեց:

Եզրափակիչ ելույթում Ր.Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ՙմեր կողմից քաղաքական, իրավական որոշման, կարգավիճակի ընդունումը որևէ ձևով բացասաբար չի ազդելու բանակցային գործընթացի վրա՚: ՙՄենք մեր գործերը պետք է կատարենք համախոհաբար, բայց ժամանակին՚,-ասաց նա` հավելելով, որ հայցում է քաղաքական ուժերի զորակցությունը, որ ՙսա դառնա համազգային նախագիծ, համապետականորեն քննարկված բոլոր ուժերի կողմից, համախոհաբար մտնի օրակարգ, և մենք միասին քննենք, թե երբ է թեբովանդակության, թեընթացակարգային, թեժամանակային առումով ճշգրիտ պահը, բայց ոչ 19 տարի հետո՚: Նա առաջարկեց այդ նպատակն իրացնելու համար քվեարկությունը հետաձգել:

Նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԺի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ քվեարկությունը հետաձգելը ճիշտ էր: ՙՄենք կփորձենք մեկ անգամ ևս բանակցել ընդդիմության հետ և այդ քվեարկությունը հետաձգել ոչ թե 15 օրով, այլ օրակարգից հարցը հետ կանչել, այնուհետ անդրադառնալ այդ հարցին՚,-ասաց ԱԺի նախագահը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2345 անգամ:
Print Friendly

Leave a Reply