Թուրքիայի կրթության նախարարը խախտել է տաբուն. 80 տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլի հայկական դպրոցները նոր դասագրքեր են ստացել

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 5, 2010 10:22

80 տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլի հայկական դպրոցները նոր դասագրքեր են ստացել: Ինչպես գրում է Hurriyet Daily News թերթը, հայկական դպրոցների աշակերտների օգտագործած դասագրքերը չէին թարմացվել 1930-ական թվականներից ի վեր: Դպրոցականներին մոտ 24 000 գիրք է բաժանվելու: Նոր դասագրքերին կից կտրամադրվեն նաեւ թուրքերեն եւ անգլերեն լեզուներով CD-ներ: Թերթը նշում է, որ Թուրքիայի կրթության նախարար Նիմետ Չուբուքչուն խախտել է հայկական դպրոցներին վերանայված բովանդակությամբ նոր դասագրքեր բաշխելու տաբուն, որի համար հատուկ թույլտվություն էր անհրաժեշտ:
Նոր դասագրքերի ստեղծման ժամանակ ամենադժվարը թարգմանությունն էր թուրքերենից հայերեն: Թարգմանության համար ներգրավվել էին Թուրքիայի Հայկական համայնքի ուսուցիչների հիմնադրամի (TEAOV) աշխատակիցները, ովքեր աշխատել էին հայ 80-ամյա թոշակառու ուսուցիչների հետ:
Ստամբուլում հայկական դպրոցների մեծ մասը փակվել է աշակերտների քանակի կրճատման պատճառով: Ստամբուլի հայկական համայնքը` 50 հազար հոգի, ունի 16 դպրոց, որոնցից միայն երկուսն են միջնակարգ: Այստեղ սովորում են 3000 աշակերտներ եւ աշխատում են 300 ուսուցիչներ: Թուրքիայի համալսարաններում հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի բացակայության պատճառով ուսուցիչները դասավանդում են` հիմնվելով իրենց ընտանիքներում ստացած գիտելիքների վրա, նշում է թերթը

Դիտվել է 1621 անգամ:
Print Friendly

Leave a Reply