Հայկական մշակույթի օրեր` Եգիպտոսի և Սիրիայի Արաբական Հանրապետություններում
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | October 5, 2010 17:14
Հոկտեմբերի 5-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված` սեպտեմբերին Եգիպտոսի և Սիրիայի Արաբական Հանրապետություններում Հայկական մշակույթի օրերի անցկացմանը: Ասուլիսին մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ս. թ. սեպտեմբերի 16-21-ը մասնակցել է Եգիպտոսի, այնուհետև` սեպտեմբերի 21-28-ը Սիրիայի Արաբական Հանրապետություններում անցկացվող Հայկական մշակույթի օրերին:
• Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում` Հայկական մշակույթի
օրերի շրջանակներում` սեպտեմբերի 18-ին Կահիրեի «Էլ Գումհուրիա» թատրոնի սրահում բացվել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանի «Հայկական ճարտարապետություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցադրությունն իր մեջ ներառում էր հայկական ճարտարապետության, պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև զբոսաշրջության համար նախընտրելի վայրերի լուսանկարներ:
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում` Հայկական մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Կահիրեի օպերային թատրոնում` Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթի մասնակցությամբ: Համույթը փայլուն ելույթներով հանդես է եկել նաև Դամանհուրի /սեպտեմբերի 20-ին/ և Ալեքսանդրիայի /սեպտեմբերի 21-ին/ օպերային թատրոններում` արժանանալով հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելությանը:
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում` Հայկական մշակույթի օրերի փակման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին` Ալեքսանդրիայի օպերային թատրոնում: Նույն օրը հայկական պատվիրակությունը մասնակցել է հայկական համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների;
Եգիպտոս այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը պաշտոնական հանդիպումների շրջանակներում քննարկել է համագործակցության մի շարք ծրագրեր`
2011 թ. մարտ-ապրիլ ամիսներին` Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի ծրագիրը և ժամկետները,
համատեղ բալետային ներկայացումներ բեմադրելու և փոխայցելություններ կազմակերպելու,
գրահրատարակչության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու,
գրքի ցուցահանդես-տոնավաճառներ կազմակերպելու ուղղություններով:
• Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայկական մշակույթի
օրերի շրջանակներում սեպտեմբերի 23-ին` Սիրիայի Ազգային թանգարանում բացվել է կիրառական, ժողովրդական արհեստների և <<Հայկական ճարտարապետություն>> խորագրով լուսանկարչական ցուցահանդեսները, ցուցադրվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից պատրաստված` Հայաստանի մասին պատմող 35-րոպեանոց ֆիլմ: Նույն օրը Ասադի անվան օպերային թատրոնի մեծ դահլիճում կայացել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթի ելույթը: Անսամբլը համերգներով հանդես է եկել նաև Հալեպում և Դեր Զորում:
Սիրիայում Հայկական օրերի փակման արարողությունը կայացել է Հալեպի մշակույթի տանը` Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթի մասնակցությամբ:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը Սիրիա այցելության ընթացքում պաշտոնական հանդիպումների շրջանակներում քննարկել է մի շարք համագործակցության ծրագրեր`
2011 թվականին Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի,
պարային համույթների համատեղ համերգային ծրագրերի,
գրողների, լրագրողների փոխայցելությունների,
արաբերենից հայերեն և հակառակ լեզուներով թարգմանությունների,
հայ-սիրիական համատեղ ֆիլմարտադրության ուղղություններով::






Facebook
Tweet This
Email This Post
