Բյուրականի աստղադիտարանը հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 5, 2010 15:44
Վիկտոր Համբաձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում նշեց աստղադիտարանի գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, կենտրոն դառնալու համար Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ) հայտ են ներկայացրել նաեւ այլ երկրներ` Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք, այս ոլորտում չունենալով այնքան էլ մեծ ներուժ, պատրաստ են բավականին մեծ ֆինանսական միջոցներ ներդնել դրա համար:
Մինչեւ տարեվերջ ՄԱՄ-ի գործադիր խորհուրդը այդ կապակցությամբ որոշում կկայացնի: «Եթե ՄԱՄ-ը ընդունի մեզ որպես տարածաշրջանային կենտրոն, ապա լրացուցիչ միջոցներ կտրամադրի` մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով, որոշակի ծրագրեր իրականացնելու համար: Սակայն մեր երկիրն իր կողմից նույնպես պետք է ֆինանսապես աջակցի` գրասենյակի տեղի, աշխատողներին համապատասխան սարքավորումներով եւ աշխատավարձերով ապահովելու համար»,- ասաց նա` հույս հայտնելով, որ Միջազգային աստղագիտական միությունը հենց Հայաստանի հայտը կբավարարի:






Facebook
Tweet This
Email This Post
