Հանրապետությունում հոկտեմբերին ջերմաստիճանը կլինի նորմային համապատասխան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2010 15:42
Հայաստանում հոկտեմբերին ջերմաստիճանը կլինի նորմային համապատասխան, եղանակային պայմանների լուրջ շեղումներ չեն սպասվում: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանի նորման համարվում է 14-17-ը, երկրորդում` 12-14-ը, երրորդում` 10-12-ը: Այն նվազելով` ամսվա ավարտին հասնում է 10 աստիճանի:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայհիդրոմետի» օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը, աշունը Հայաստանի բարձր լեռնային շրջաններում սկսվում է օգոստոսի վերջին, իսկ հովտային շրջաններում, մասնավորապես` Երեւանում, հոկտեմբերի կեսերից: Եղանակի վտանգավոր երեւույթներից կարող են դիտվել հորդառատ անձրեւներ, առանձին շրջաններում` մառախուղ: «Առաջիկայում դեռեւս ամպրոպների ականատես կլինենք, բայց կարկուտը գրեթե բացառվում է»,- ասաց օդերեւութաբանը` նշելով, որ սպասվում են «սառը օդային ալիքներ»: Զ. Պետրոսյանի տեղեկացմամբ` հոկտեմբերը համարվում է տեղումների քանակով երկրորդ ամիսը հանրապետությունում մայիսից հետո: Դրանց քանակը սովորաբար բավականին բարձր է լինում նախորդ երեք ամիսների տեղումների ցուցանիշից, իսկ ջերմաստիճանային առումով հոկտեմբերը շատ հաճելի է հատկապես հովտային շրջաններում:
Եղանակի վտանգավոր երեւույթներից կարկուտ հազվադեպ է դիտվում, քամու արագությունը թուլանում է: Անդրադառնալով ամառային ամիսներին` Զ. Պետրոսյանը նշեց, որ տարածաշրջանի համեմատ Հայաստանում բարվոք եղանակ էր: «Եթե մեզ մոտ բարձր ջերմաստիճան գրանցվեց ընդամենը մեկ շաբաթ, հիմնականում` 38-39 աստիճան, միայն մեկ օր` 40 աստիճան, տարածաշրջանում շատ ավելի բարձր ջերմաստիճան է արձանագրվել»,- ասաց Զ. Պետրոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
