Հայաստանում Ուսուցչի օրն այսուհետ կնշվի հոկտեմբերի 5-ին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2010 13:45

 Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  ՙՀայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին՚ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:

 

Օրենսդրական նախաձեռնության հեղինակների` հանրապետական պատգամավորներ Սամվել Նիկոյանի և Կարինե Աճեմյանի հիմնավորմամբ, Հայաստանում Ուսուցչի օրը, ՀՀ կառավարության 2001թ.-ի հոկտեմբերի 1-ի որոշմամբ, նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը` որպես ՙՈւսուցչի տոն՚, սակայն նպատակահարմար է այդ հարցը կարգավորել օրենքով: Օրվա ընտրությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ հոկտեմբերի 5-ին նշվում է ՅՈՒՆԵՍԿՈի կողմից 1994թ.-ին հիմնադրված Ուսուցչի համաշխարհային օրը: Ներկայումս այն ընդգրկված է ՄԱԿի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետություններում:

 

Օրինագծի ընդունումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` կարևորելով ազգապահպանման, սերնդի զարգացման ու դաստիարակության գործում ուսուցիչների մեծ վաստակը, մաղթեց նրանց առողջություն և երջանկություն, անսահման կորով ու նվիրում:

 

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2539 անգամ:
Print Friendly

Leave a Reply