Սփյուռքում գործում է 416 հայկական կրթօջախ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2010 12:36

Շուրջ 7 միլիոն բնակչությամբ հայկական Սփյուռքում գործում է 416 հայկական կրթօջախ, այդ թվում` վարժարաններ, ամենօրյա եւ կիրակնօրյա դպրոցներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Պետրոսյանը, այդ կրթօջախներից 137-ը Ռուսաստանի Դաշնությունում է:

«Ոչ պաշտոնական տվյալներով`Ռուսաստանի հայ համայնքը աշխարհում ամենամեծն է, իսկ ըստ պաշտոնական աղբյուրների` երկրորդն է ԱՄՆ-ից հետո: ՌԴ-ում պաշտոնական տվյալներով բնակվում է 1,3 մլն հայ, ոչ պաշտոնական` 1,5 մլն: Քանի որ Ռուսաստանի Դաշնությունում ունենք այդքան մեծ հայկական համայնք, հետեւաբար կրթօջախներն էլ շատ են»,-նշեց Վ. Պետրոսյանը` հավելելով, որ Ռոստովի շրջանի վեց հանրակրթական դպրոցում դասավանդվում են հայագիտական առարկաներ:

Հայկական կրթօջախների թվաքանակով երկրորդ տեղում է Ուկրաինան` 43, ապա` Լիբանանը` 38, Սիրիան` 30, Իրանը` 29: Չնայած պաշտոնական տվյալներով ամենից շատ հայեր բնակվում են ԱՄՆ-ում, այնուամենայնիվ, այնտեղ կա ընդամենը 27 հայկական կրթօջախ, իսկ Ֆրանսիայում եւ Թուրքիայում, համապատասխանաբար` 16 ու 19:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply