ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը այցելել է ԱՄՆ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2010 10:21

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը Խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 26-ին Նյու-Յորքում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի հետ: Այնուհետև պատվիրակությունը մասնակցել է տեղի հայկական համայնքի կողմից կազմակերպված միջացառմանը` նվիրված ՀՀ անկախության հռչակման հերթական տարեդարձին: Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու հայկական հանրապետությունների վաստակած անկախության արժեքը և շեշտել է Սփյուռքի դերակատարությունն այն ամրապնդելու գործում:

Նույն օրը երեկոյան հայտնի բարերար Անդրեաս Ռուբյանը Արցախի խոսնակի պատվին ընդունելություն է կազմակերպել, որին մասնակցում էին տեղի հայ համայնքի հոգևոր, քաղաքական և հասարակական գործիչներ: Աշոտ Ղուլյանը ներկաներին կոչ է արել շարունակել հայրենիքին ցուցաբերվող աջակցությունը և ակտիվորեն մասնակցել Արցախի օգտին նոյեմբերին կայանալիք համահայկական հանգանակությանը:

Սեպտեմբերի 27-ին Նյու-Յորքի «Ֆորդհեմ»  համալսարանում ԼՂՀ ԱԺ խոսնակը հանդիպել է նահանգի տարբեր բուհերում սովորող հայազգի ուսանողների հետ: Զրույց է ծավալվել ԼՂՀ-ում տիրող ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի և հնարավոր հեռանկարների մասին: Հանդիպմանը հրավիրված Միչիգանի համալսարանի  պրոֆեսոր Դենիս Փափազյանը կանգ է առել Արցախի անկախության միջազգային ընկալման հարցի վրա:

Սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, միջնորդների ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ խորհրդարանական հնարավորությունների օգտագործման վերաբերյալ:

Այնուհետև, պատվիրակությունը այցելել է ԱՄՆ Կոնգրես, որտեղ նրան ընդունել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանը: Պարոն Բերմանը պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը պահել ուշադրության կենտրոնում` նպատակ ունենալով շարունակել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը ուղղված ԱՄՆ որդեգրած քաղաքականությունը:

Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ պատվիրակությունը այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, հանդիպում է ունեցել դեսպան Թաթուլ Մարգարյանի և դիվանագիտական կազմի հետ: Հանդիպման ընթացքում, մասնավորոպես, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական գերատեսչությունների միջև համագործակցության խորացման հեռանկարներին, խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նույն օրը երեկոյան Կապիտոլիումի բարձունքին, ԱՄՆ Կոնգրեսի սրահներից մեկում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջացառում: Միջոցառմանը ելույթ են ունեցել խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԱՄՆ կոնգրեսականներ:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Խորհրդային համակարգի ողջ անկատարությունը, նրա պատմական դատապարտվածությունը երևակվել են հենց Լեռնային Ղարաբաղում: Մեզ այլ ճանապարհ չէր մնում, քան ընտրություն կատարել բռնատեղահանման և ինքնապաշտպանության միջև: Մենք ընտրեցինք երկրորդը և ստիպված եղանք ներքաշվել Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի մեջ»,- իր ելույթում ասել է Աշոտ Ղուլյանը:

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական պետություն է ստեղծվում, խոսնակը ավելացրել է. «Դա ազատ քաղաքացիների կամավոր ընտրությունն է, ինչն արտահայտվել է երկու հանրաքվեների միջոցով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվում էր ՄԱԿ-ը, աշխարհում ինքնիշխան պետությունների թիվը մի քանի տասնյակի էր հասնում: Այսօր Միացյալ Ազգերի Կազմակերպության անդամների թիվը մոտենում է երկու հարյուրի: Եվ դա տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի միջոցով, ինչը միջազգային հարաբերությունների անկյունաքարն է»:

Ընգծելով, որ Արցախը հակված է դեպի խաղաղություն, համագործակցություն և հանդուրժողոկանություն, Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել այդ ճանապարհին ունենալ ԱՄՆ ժողովրդի, կառավարության և Կոնգրեսի աջակցությունը:

Սեպտեմբերի 29-ին ԼՂՀ պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում: Կոնգրեսականներ Ջեքի Սպիերի և Սթիվեն Ռոթմանի հետ զրույցների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հնարավոր զարգացումներին, ինչպես նաև ԱՄՆ կողմից ԼՂՀ-ին հատկացվող օժանդակությանը, տարածքային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը այցելել է «Հայ դատի»  վաշինգտոնյան գրասենյակ, որտեղ հանդիպել է գրասենյակի ղեկավարության հետ: Քննարկվել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և համազգային օրակարգում այսօր հրատապ համարվող թեմաներին վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Զրույցի մասնակիցները նշել են Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների  զարգացման անհրաժեշտությունը:

Սեպտեմբերի 30-ին ԼՂՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձին: Ընդունելության ժամանակ ԼՂՀ խորհրդարանի խոսնակը մի շարք հանդիպումներ  և զրույցներ է ունեցել տարբեր երկրների դիվանագետների և պաշտոնատար անձանց հետ:

Նույն օրը Վաշինգտոնի Կարնեգի հետազոտական կենտրոնում /Carnegie Endownment for International Peace/ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հարավային Կովկասի տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ: Խոսնակը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային այլ հրատապ խնդիրների վերաբերյալ ԼՂՀ դիրքորոշումը:

Հոկտեմբերի 1-ին, այցի վերջին օրը, ԼՂՀ պատվիրակությունը հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի ղեկավար մարմնի անդամների հետ, քննարկվել են քաղաքական, տնտեսական, մարդասիրական բնույթի մի շարք հարցեր:

Օրվա երկրորդ կեսին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը ԼՂՀ խորհրդարանի խոսնակի պատվին ընդունելություն է կազմակերպել, որին մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ողջունելով ԼՂՀ պատվիրակությանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշել է Արցախի համահայկական դերն ու նշանակությունը, ԼՂՀ անկախության ամրապնդման գործում Հայաստանի և Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը:

Իր պատասխան խոսքում Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ կատարած այցի արդյունքների առթիվ և ներկաներին կոչ է արել սատարել Արցախի միջազգային ճանաչմանը տանող բոլոր ծրագրերին:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply