Մեկնարկել է դպրոցական սնունդ ծրագիրը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2010 10:11

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցում, որի տարրական դասարաններում սովորում է 86 աշակերտ,  այսօր մեկնարկել է դպրոցական սնունդ ծրագիրը,  որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագրի մեկնարկին ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են  ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մ. Լուկյանովան,  «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ՀՀ ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհավորելով բոլորին ծրագրի մեկնարկի կապակցութամբ,  նշել է, որ այն կարևորված է թե առողջական և թե սոցիալական տեսակետից, քանի որ ծրագիրը հավասար հնարավորություններ է ստեղծում բոլոր երեխաների համար: «ՀՀ կառավարությունն իր գործունեության մեջ միտված է դեպի ժողովուրդ, հասարակության շահեր, կոնկրետ քաղաքացու կոնկրետ կարիքների բավարարում: Իրականացվող ծրագրի ամենախոշոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն շարունակվելու  է արդեն որպես ՀՀ պետական ծրագիր: Ծրագրի շրջանակում միջգերատեսչական ջանքերով ՀՀ կառավարության հովանու ներքո մշակվելու է դպրոցական  սննդի ազգային ռազմավարություն, որը կյանքի կկոչվի 2013 թվականից և միտված կլինի ՀՀ առնվազն տարրական դասարանների բոլոր աշակերտներին համապատասխան դպրոցական սննդով մատակարարմանը: Սա խոշոր սոցիալական նախաձեռնություն է, և ես վստահ եմ, որ ծրագրի այս հատվածը լավ հարթակ է այն համատարած, համընդհանուր և որպես պետական ազգային ծրագիր իրականացնելու համար»,-նշել է Ա. Աշոտյանը:

Հյուրերն այցելել են դպրոցի ճաշարան, աշակերտների հետ համտեսել մատուցված սնունդը: Այնուհետև շրջայց են կատարել վերջերս վերանորոգված դպրոցի նոր մասնաշենքում, եղել համակարգչային, ռազմագիտության դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Հյուրերը մասնակցել են նաև դպրոցի բակում անցկացվող ծառատունկին:

8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոցական սնունդ եռամյա ծրագրի նպատակն է բարելավել դպրոցականների սնուցման վիճակը` նպաստելով տարրական դասարանի դպրոցականներ ունեցող ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը։ Ծրագրի շրջանակում ընդգրկված 1-4-րդ դասարանցիներին օրական մեկ անգամ կտրվի տաք կերակուր։ Նախնական փուլում ծրագրից կօգտվի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցների շուրջ 12.500 աշակերտ: Հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև Լոռու, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները։ Հիմնական փուլում ծրագրից կօգտվի արդեն շուրջ 50.000 դպրոցական։ ՊՀԾ-ի աջակցությամբ դպրոցական սնունդ ծրագիր Հայաստանում իրականացվել է նաև 2002-2008թթ., որում ընդգրկված է եղել տարեկան 25.000-30.000 աշակերտ։

ՊՀԾ-ն քաղցի դեմ պայքարող աշխարհի ամենախոշոր մարդասիրական կազմակերպությունն է։ Ամեն տարի ՊԾՀ-ն սնունդ է մատակարարում ավելի քան 70 երկրի շուրջ 90 միլիոն մարդու։ Դպրոցական սնունդ ծրագիրն արդեն 45 տարի իրականացվում է ավելի քան 60 երկրի շուրջ 22 միլիոն երեխայի համար։


Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply