Ըստ ադրբեջանցի փորձագետի` Ադրբեջանի 2011 թ-ի բյուջեի 65 տոկոսը կոռուպցիայի համար է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2010 10:07

Ադրբեջանում հայտնի տնտեսագետ փորձագետ Ռովշան Աղաեւը 2011 թ-ի բյուջեի նախագծի մեկնաբանության մեջ հայտնել է, որ Ադրբեջանի բյուջեի ծախսերի նվազագույնը 65 տոկոսն ամփոփված են «պատգամավորների համար փակ պահվող ծախսերի ուղղություններում, ինչը կազմում է 1,4 մլրդ մանաթ»:

Նրա պնդմամբ, «բյուջեում անհայտ նշանակությամբ այդ ծախսերը կոռուպցիայի հիմնական աղբյուրն են Ադրբեջանում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Մեդիա ֆորում» կայքին արած մեկնաբանության մեջ տնտեսագետ փորձագետ Ռովշան Աղաեւն ասել է, որ 2011 թ-ի բյուջեի աճը հիմնականում Նավթի պետական հիմնադրամից բյուջեին արվող տրանսֆերտների հաշվին է: «2011 թ-ի բյուջեում նավթի բաժինն, անցյալ տարիների համեմատ, ավելի է աճել: 2010 թ-ին Նավթի հիմնադրամի՝ բյուջեին արվող տրանսֆերտները կազմել են 51,4 տոկոս, իսկ 2011 թ-ին այդ տրանսֆերտների չափը նախատեսված է 53,7 տոկոս:

Դա նշանակում է, որ բյուջեի կեսից ավելին ձեւավորվել է Նավթի հիմնադրամի հաշվին: Եթե նկատի առնենք, որ բյուջեի հարկերի մի մասը վճարվում է միայն նավթի հաշվին, ապա ի տարբերություն 2010 թ-ի բյուջեի, 2011 թ-ի բյուջեում նավթային եկամուտների բաժինը կկազմի 70 տոկոսից ավելի: Դա շատ մեծ թիվ է, այսինքն, բյուջեի երկու երրորդից ավելին ձեւավորվում է նավթի հաշվին: Նավթի հիմնադրամը որպես լուրջ եկամուտային աղբյուր օգտագործվելը ցույց է տալիս, որ էկոնոմիկայի խթանման գործում ադրբեջանական կառավարությունը չի ցանկանում լուրջ փոփոխությունների գնալ հարկային եւ տնտեսական քաղաքականության մեջ, եւ չի գնալու նաեւ մոտակա տարիներին», -եզրահանգել է փորձագետը: Ռովշան Աղաեւը նշել է, որ փորձագետներին անհանգստացնող հարցերից մեկն էլ բյուջեի թափանցիկության խաթարումն է: «2010 թ-ին բյուջեում անհայտ նշանակությամբ ծախսերի բաժինը կազմում էր 850 մլն մանաթ:

2011 թ-ին այն հասել է 1,4 մլրդ մանաթի: Դա խիստ մեծացրել է բյուջեի ծախսային մասի թափանցիկության մասին կասկածները: Պետք է նկատի առնել, որ բյուջեի ամեն բաժին ունի նաեւ այլ ծախսերի մաս: Միեւնույն ժամանակ ամբողջությամբ գաղտնի է պահվում նաեւ պաշտպանության եւ ներդրումային կառուցվածքը: Նշանակում է` բյուջետային ծախսերի նվազագույնը 65 տոկոսը կուտակված է պատգամավորների համար փակ պահվող ծախսային ուղղություններում: Միջազգային կազմակերպությունների, տեղական քաղաքացիական հասարակության կառույցների՝ թափանցիկության հետ կապված նախաձեռնություններին հակառակ, պետբյուջեում փակ ծախսերի ծավալը տարեցտարի շարունակում է աճել», -ասել է փորձագետը:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply