Է.Նալբանդյան. «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան հարցեր, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների, երկխոսության միջոցով»

Պաշտոնական, Օրվա լուր | | October 4, 2010 22:01

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան հարցեր, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների միջոցով, հանդիպումների, երկխոսության ընթացքում: Նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին ՀՀ եւ Վրաստանի ԱԳ նախարարները բազմաթիվ հարցեր են քննարկել, նախեւառաջ` երկկողմ հարաբերություններին վերաբերող: Ըստ Է.Նալբանդյանի` գոհունակությամբ է նշվել, որ առեւտրաշրջանառությունը վերջին ինն ամիսների ընթացքում ավելացել է մոտ 50 տոկոսով: Տարվա կտրվածքով հնարավոր է ապրանքաշրջանառության ծավալը հասնի 200 միլիոն դոլարի, եւ 50 տոկոս դրական դինամիկան, նախարարի բնորոշմամբ, կարեւոր թիվ է: Մոտ 300 հազարից ավելի զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան:

Քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող, վիրահայությանը հուզող, նաեւ` տարածաշրջանային ու միջազգային հարցեր: ԱԳ նախարարները հանդիպել են մի քանի օր առաջ Նյու Յորքում, հուլիսին` Ալմաթիում, հունիսին` Թբիլիսիում: «Ինչպես պայմանավորվել էինք, գոնե երկու ամիսը մեկ անգամ հանդիպումներ են կայանում Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների միջեւ, եւ դա բնական է, քանի որ հարեւան երկրներ ենք, հարեւանների միջեւ բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկվում են ու լուծումներ ստանում»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Գ.Վաշաձեի գնահատականով` հայ-վրացական հարաբերությունները երբեւէ ավելի լավ չեն եղել, քան այսօր: «Որպես սերտ բարեկամ-հարեւան պետություններ` մենք ունենք հարցեր քննարկելու, բայց երբեք այդ հարցերը չենք վերածում խնդիրների: Մենք ունենք փոխադարձ ըմբռնում յուրաքանչյուր հարցի շուրջ»,-ընդգծեց Վրաստանի արտգործնախարարը: Առեւտրաշրջանառության ծավալի ավելացման համար, ըստ նրա, լավ ցուցանիշ է արձանագրվել այն պարագայում, երբ աշխարհը դեռեւս ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության ներքո է: «Գիտակցելով պատասխանատվության աստիճանը` մենք` ԱԳ նախարարություններում, անում ենք հնարավորը` բարելավելու Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները»,-ասաց Գ.Վաշաձեն:

Անդրադառնալով ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող հայտարարություններին, որոնք, ի դեպ, հերքվել են հենց իր կողմից` կապված Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետների երկարաձգման հետ, Գ.Վաշաձեն ընդգծեց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ինքը պետք է որոշի անվտանգության ինչ համակարգեր են անհրաժեշտ իր երկրին, եւ ոչ ոք դա քննարկել չի կարող:

Ջավախքում հայկական դպրոցների եւ դասարանների փակման, կրթական խնդիրների վերաբերյալ հարցին ի պատասխան Վրաստանի ԱԳ նախարարը նշեց, որ 102 հայկական դպրոցներ են ներառված պետական հատուկ կրթության ծրագրում, ինչպես այդ տարածաշրջանում վրացական դպրոցները: Դրանք բոլորը համակարգչայնացված են: Կրթական խնդիրների լուծումը երկու պետությունների կրթական գերատեսչությունների ուշադրության կենտրոնում է: Հայկական կրթություն ստացող հայ երեխաները կարող են բուհերում եւս շարունակել հայերեն բազային կրթությունը, ապա անցնել վրացերեն ուսուցման ինտենսիվ կուրս:

Ինչ վերաբերում է վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծմանը, ապա դրա համար Վրաստանը չի գնա սահմանադրական փոփոխությունների կամ անհրաժեշտ ինստիտուտների ստեղծմանը: Համադաշնության մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությունը ոչ թե զգացմունքային կոչ էր, այլ ընդամենը վրաց-ադրբեջանական հարաբերությունների որակում որպես համադաշնային:

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply