Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին:

Պաշտոնական, Օրվա լուր | | October 4, 2010 20:06

Ողջունելով Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին` Նախագահ Սարգսյանը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Հանրապետության ղեկավարի հավաստմանբ, Հայաստանը պատրաստ է հարեւան Վրաստանի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` նկատի առնելով պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին. “Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմանը”,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Գրիգոլ Վաշաձեն վստահեցրել է, որ Հայաստանի եւ Վրաստանի Նախագահների պայմանավորվածություններն իրագործման ընթացքի մեջ են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, մաքսային եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Ընդծվել է, հատկապես, մաքսային անցակետերում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման, “մեկ պատուհանի” սկզբունքի կիրառման ուղղությամբ փոխգործակցությունը: Կարեւորվել է նաեւ տարածաշրջանային ծրագրերի մշակման եւ իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply