Արևիկ Պետրոսյան. “ՙԱռավել քան 16 տարի ես մասնակցում եմ պետական շինարարությանը, կառավարման նոր համակարգերի մշակմանը և ներդրմանը”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2010 19:23

Հոկտեմբերի 4-ին մեկնարկեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը: Ակնկալվում էր, որ նիստը նախագահողը պաշտոնապես կհրապարակի ԱԺ փոխնախագահի պաշտոնից ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության և խմբակցության անդամ Արևիկ Պետրոսյանի հրաժարականի մասին դիմումը: Սակայն Ա.Պետրոսյանը որոշեց մինչ այդ անձամբ ամբիոնից խոսք ուղղել իր գործընկերներին: Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց շուրջ երեք տարի` ի նպաստ ԱԺ-ի բնականոն գործունեության, փոխադարձ հարգանքով համատեղ աշխատելու համար: ՙԱռավել քան 16 տարի ես մասնակցում եմ պետական շինարարությանը, կառավարման նոր համակարգերի մշակմանը և ներդրմանը: ԱԺ-ի ընտրություններին չեմ մասնակցել պաշտոն զբաղեցնելու համար: Ընտրվելով պատգամավոր, ես ազատվել եմ բարձր պետական պաշտոնից (ՀՀ  քաղծառայության խորհրդի նախագահի տեղակալ), որը պետք է պաշտոնավարեի մինչև 2013թ.-ը: Ընտրարշավին ունեցել եմ ակտիվ մասնակցություն` ներկայացնելով առաջարկներ, տեսակետներ այն դրույթների վերաբերյալ, որոնց տիրապետել եմ նաև գործնականում՚,-ասաց նա:

 Ա.Պետրոսյանը նաև ընդգծեց, որ, զբաղեցնելով ԱԺ-ի նախագահի տեղակալի պաշտոնը, իր լիազորությունների, իրեն տրված հնարավորությունների շրջանակներում, բարեխղճորեն կատարել է կանոնակարգային իր պարտականությունները, ձգտել է իրագործել փոխխոսնակի պաշտոնում ընտրվելիս տված խոստումները` պետական կառավարման ոլորտի, ԱԺ-ի գործունեության, կանանց, երեխաների իրավունքներին և այլ ոլորներին առնչվող, հեղինակել և համահեղինակ է հանդիսացել երկու տասնյակից ավել օրենսդրական նախաձեռնությունների, ներկայացրել է բազմաթիվ գրավոր, բանավոր առաջարկներ` ԱԺ-ում քննարկվող օրենքների նախագծերի վերաբերյալ: Նա նշեց նաև, որ ինքը համագործակցել է հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում կնքվել են փոխըմբռնման հուշագրեր, ինստիտուցիոնալ ելքերով համաձայնագրեր, այդ թվում` միջազգային:

 ՙՆերկայացրել եմ Հայաստանի Հանրապետությունը, Ազգային ժողովը բազմաթիվ միջազգային պատվիրակությունների, օտարերկրյա պետությունների ղեկավար ներկայացուցիչների հետ հանդիպումներում, միջազգային ատյաններում: Այս ամենը կատարել եմ և հետայսու` որպես ԱԺ-ի պատգամավոր, նույնպես կատարելու եմ նույն սկզբունքներին համապատասխան` բարձր պատասխանատվությամբ եւ ի շահ, ի նպաստ պետության և հանրության՚,-հայտարարեց նա:

 Ելույթից հետո նա լքեց դահլիճը: Պատասխանելով լրագրողների հարցերին, նա հայտնեց, որ այսօր չի մասնակցի նիստերին, սակայն ՙհաջորդ նիստերին ավելի բնականոն հունով՚ կշարունակի աշխատանքը, հատկապես, որ ունի շրջանառության մեջ դրվելիք օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններ:

 Ա.Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել իր կուսակցության որոշումը, նշելով, որ շարունակելու է մնալ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ: ՙ2,5 շաբաթ եւ ավելին մամուլում շատ ակտիվ արծարծումներ են կատարվում, և, իհարկե, մենք քննարկում ունեցել ենք կուսակցության, կուսակցության ղեկավարի հետ, և արդյունքում ես ներկայացրել եմ հրաժարականի մասին դիմում: Այլ մեկնաբայություններ տալու ցանկություն չունեմ: Որևէ մեկը որևէ բան պահանջել չի կարող, դա եղել է կուսակցության որոշում, որն ես ընդունել եմ՚,-ասաց նա:

 Ի պատասխան հարցին, թե մամուլում նաև արծարծվում են Սահմանադրական դատարանի անդամ դառնալու  իր ցանկության մասին լուրեր, Ա.Պետրոսյանն ասաց, որ այդ տեղեկատվությունն իր համար նորություն էր: ՙԲայց նաև պետք է նշեմ, որ դրական եմ ընդունում, որովհետև իրեն հարգող ցանկացած իրավաբանի համար արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմնում պաշտոն զբաղեցնելը բարձր պատիվ է՚,-ասաց նա:

 Գայանե Մելիքյան

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply