Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հնարավորությունը մեծանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2010 17:40

Ինչ կոնգրեսի անդամները այս շաբաթ մեկնեցին իրենց վարչատարածքային շրջաններ, Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի ընդունումը նոր թափ ստացավ` իր համահովանավորների շարքերում ներառելով ներկայացուցիչներ Մայքլ Դոուլին, Պիտեր Քինգին, Թիմոթի Բիշոփին, Թիմ Րայանին և Ռոբերտ Բրեդիին. հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը (համագումար):

Նոր համահովանավորների հետ մեկտեղ Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթան կապիտոլիումում հանդիպումներ ունեցավ կոնգրեսի անդամների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոզիի հետ` քննարկելով Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման կարևորությունը և ցեղասպանության ժխտմանը դիմակայելու անհրաժեշտությունը:

«Մենք բոլորս ջանք ենք գործադրում ապահովել 252-րդ բանաձևի ընդունումը կոնգրեսում»,- ասաց բանաձևի հովանավոր, ներկայացուցիչ Ադամ Շիֆը: «Ամեն օր կոնգրեսի նորանոր անդամներ միանում են Հայոց Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարին: Ամերիկայի Հայկական Համագումարը խիստ կարևոր դեր է տարել բանաձևի անցկացման գործում և ձեռք է բերել բանաձևի նոր աջակիցներ»:

Թոթահից բացի համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը աշխատել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կոալիցիայի հետ (Central and East European Coalition – CEEC) CEEC-ի սեպտեմբերյան քարոզչական օրվա համար, որտեղ Հայոց Ցեղասպանության բանաձևը օրակարգի գլխավոր հարցերից էր: CEEC-ը, որը կազմված է 18 համազգային կազմակերպություններից և ներկայացնում է ավելի քան 20 միլիոն ամերիկացիների, անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատում և սենատում հանդիպումների մի շարք կազմակերպեց:

«Աջակիցների լայն կոալիցիայի ստեղծումը խիստ կարևոր է բանաձևը քվեարկության դնելու համար»,-նշեց կոնգրեսական Ջեքի Սփիերը:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարին ցեղասպանության ընդունման համար տասնամյակներ տևող իր աշխատանքի համար: Աջակիցների կոալիցիա ստեղծելու իրենց ջանքերը մեզ մոտեցրել են Հայոց Ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ի  կոնգրեսի կողմից: Ես պատրաստ եմ շարունակել աշխատել մեր ընդհանուր նպատակի` բանաձևի ընդունմանը հասնելու համար և երախտապարտ եմ համագումարին այդ նպատակին հասնելու  իր օգնության համար»,- նշեց կոնգրեսում հայկական խնդիրներով զբաղվող խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply