Պարզեցվել է լիցենզավորման գործընթացը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2010 16:52

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսը կրում էր «Lիցենզավորման գործընթացի բարեփոխումներն ու լիցենզավորումն էլեկտրոնային տարբերակով» խորագիրը։ Բանախոսներն էին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը և ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Իր խոսքում ֆինանսների նախարարը նշել է, որ վերջին շրջանում կառավարությունը լուրջ միջոցառումներ է իրականացնում ընթացակարգերի թեթևացման և վարչական արգելքների հեշտացման և ընդհանրապես բյուրոկրատիայի նվազեցման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 24-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծով ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերի փոխարեն առաջարկվում է սահմանել 84 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 84 բարդ և 12 պարզ (ընդամենը 96) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ։
Նախագծի մշակման ընթացքում լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակներ կրճատվել կամ համախմբվել են։ Տիգրան Դավթյանը պարզաբանելով ներդրված ընթացակարգերի էությունը` հայտնել է. «Պարզ ընթացակարգեր իրականացվում են այն գործունեությունների վրա, որոնք պետության համար անհրաժեշտ են զուտ տեղեկատվություն ստանալու համար այդ գործունեության մասին և ներկայացնում են նվազագույն պահանջներ։ Բարդ ընթացակարգը ենթադրում է որոշակի չափանիշներ ընկերությունների, իրավանաբական, ֆիզիկական անձանց համար և այս կամ այն բարդ լիցենզիան ստանալու համար անհարժեշտ է բավարարել այդ չափանիշները»։ Ֆինանսների նախարարի փոխանցմամբ այդ գործընթացը պարբերական բնույթ է կրելու, որպեսզի գործարարները և անհատ ձեռներեցները առանց խնդիրների կարողանան իրականացնել լիցենզավորումը։
Այնուհետև կառավարության աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է www.e-gov.am/licenses բաժնում տեղադրված նոր ծառայությունը, որի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ լիցենզավորում, թե՛ պարզ և թե՛ բարդ ընթացակարգերով։ Ըստ Դավիթ Սարգսյանի` ներկա պահին միայն երկու բնագավառում է ընձեռվում լիցենզավորման հնարավորությունը. «առաջինը` պարզ ընթացակարգով ստացվող լիցենզիաներն են, որոնք տրամադրում է ֆինանսների նախարարությունը և երկրորդը` տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաներն են։ Առաջիկա վեց ամսիսների ընթացքում մնացած բոլոր լիցենզիաների տարատեսակների գծով նույնպես հնարավորություն կլինի ներկայացնել դիմումներ` բացառությամբ, օրինակ, միջուկային վառելիքի տեղափոխման լիցենզիայից»- նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Այս ոլորտները բանախոսի կարծիքով ամենահրատապն են, քանի որ պարզ ընթացակարգերով լիցենզավորումը ավելի մասսայական է և վերաբերվում է փոքր բիզնեսին։
Տես աուդիոնյութը

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply