Հայաստանի հունական համայնքը`անհետացման վտանգի տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 4, 2010 16:37

Հայաստանում մնացած սակավաթիվ հույներին իրենց համայնքից միայն հուշեր են մնացել:

Ավելի քան 2 հարյուր տարի առաջ`1760-ականներին, Իրակլի թագավորի հրավերով Թուրքիայից մեծ թվով հույն հանքափորներ են տեղափոխվել եւ բնակություն հաստատել Հայաստանի`վրացական ազդեցության տակ գտնվող բնակավայրերում:

Հիմնականում հույների ուժերով է կառուցվել նախ Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770-ին` Ալավերդու, այնուհետեւ`Շամլուղի պղնձաձուլական գործարանները: Սակայն այսօր երկրում բնակվող փոքրաթիվ հունական համայնքը կարող է իսպառ վերանալ:

20 տարի առաջ ազգությամբ հույն 800 բնակիչ ունեցող Մադանն այլեւս ոչ թե առանձին գյուղ է, այլ 5 կմ հեռավորության վրա գտնվող Ալավերդի քաղաքի մի թաղամասն է, ընդամենը` 75 բնակչով:

Ընդ որում, Մադանում ապրող 40 ընտանիքներից միայն 5-ն է հունական` հիմնականում ծեր թոշակառուներից բաղկացած:

«Մադանը մեր ցավն է. լրիվ հունական գյուղ էր, հիմա հազիվ 3-4 ընտանիք է մնացել: Մեծահասակներ են: Գյուղը, կարելի է ասել, քանդված է, տեր ու տիրական չկա` կարծես պատերազմից հետո մտնես», – ցավով նշում է Հայաստանի հունական հասարակական կազմակերպությունների նախագահ Արկադի Խիտարովը:

Իսկապես, դատարկված գյուղն իր կիսաքանդ տներով պատերազմի թատերաբեմ է հիշեցնում:

Հույն հանքափորները միշտ մեծ պատիվ եւ հարգանք են վայելել իրենց աշխատասիրության եւ ֆիզիկական բնատուր ուժի շնորհիվ. անգամ խորհրդային տարիներին Ալավերդու պղնձաձուլական ֆաբրիկայի ամենադժվար տեղամասեր ուղարկվել են փորձառու եւ բանիմաց հույն հանքափորները:

ԽՍՀՄի փլուզումից հետո հանքերը փակվեցին, գործարանները դադարեցին աշխատել, կրճատվեցին աշխատատեղերը. այն ժամանակ ենթադրվում էր, որ Ալավերդին կարող է նաեւ առանց արդյունաբերության գոյատեւել:

Առանց աշխատանքի մնացած հույների մեծամասնության համար փրկություն դարձան իրենց էթնիկ հայրենիքի` Հունաստանի կառավարության կողմից հայրենադարձների համար ստեղծված արտոնյալ պայմանները: Հայաստանից սկսվեց հույների արտահոսքը դեպի Հունաստան, որտեղ գաղթածներին կառավարությունն առաջարկում էր տանիք, ապահովում աշխատանքով:

1979թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում գրանցված հույների քանակը եղել է 5653, 2001թ. նրանց թիվը կտրուկ նվազել է` հասնելով 1176-ի:

Հաշվի առնելով Մադանի վատթարացող կենսապայմանները`զարմանալի չէ, որ հույներից շատերը շտապեցին ժամ առաջ օգտվել հունական կառավարության ընձեռած հնարավորությունից եւ հեռացան գյուղից:

Մադանցիների գնահատմամբ`ամենահրատապ լուծում է պահանջում խմելու ջրի խնդիրը. Մադանը նախկինում ապահովված է եղել ջրով, սակայն խողովակները քայքայվել են, եւ թաղամասն ամբողջությամբ ջրազրկված է:

Տնամերձ փոքրիկ հողակտորի մշակմամբ, անասնապահությամբ կամ անտառում հավաքած հատապտուղները վաճառելով ապրուստ վաստակող գյուղացիներն ի վիճակի չեն խողովակներ գնելու, ջրատարը վերանորոգելու համար անհրաժեշտ գումարը հայթայթելու: Արդեն մի քանի տարի յուրաքանչյուրն իր համար կենցաղային ջուրը մի քանի կիլոմետր հեռվից` էշով կամ ոտքով է բերում:

Ըստ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի` Ալավերդի համայնքի ավագանու կողմից հաստատված զարգացման քառամյա ծրագրով առաջիկա 2 տարիների ընթացքում մադանցիներին հուզող ջրամատակարարման խնդրի լուծման ուղղությամբ ոչինչ նախատեսված չէ:

«Չնայած այն բանին, որ 2012-ին ավարտվող քառամյա ծրագրում նման աշխատանքներ նախատեսված չեն, տեղյակ ենք խնդրին: Նախատեսվում է ուսումնասիրություններ, չափումներ կատարել, որից հետո միայն կարելի կլինի մտածել կամ հաջորդ ծրագրում ներառելու, կամ խնդրի լուծման այլ ճանապարհներ փնտրելու մասին»:

Գյուղում, ըստ 80-ամյա մադանցի հույն Գենեոս Ասլանովի, չկա ոչ բուժկետ, ոչ դպրոց, մինչդեռ խորհրդային իշխանություններն, այստեղ մի քանի հայկական, ռուսական եւ հունական դպրոցները միավորելով, դպրոցի մեծ շենք էին կառուցել, որում մինչեւ 1400 աշակերտ էր ուսանում:

Այժմ գյուղում բնակվող ընտանիքների երեխաները սովորում են Ալավերդու դպրոցներում. «Մանես» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված մեկ ավտոբուսը բավական է նրանց գյուղից քաղաք եւ ետ տեղափոխելու համար:

«Անգամ բուժկետ չունենք: Եթե որեւէ մեկն իրեն վատ է զգում, զանգահարում ենք ներքեւ (Ալավերդի) ` ասում են բենզինը դուք պիտի տաք, որ գանք: Մինչեւ իրենց գալն այդ մարդը կարող է մահանալ: Բուժքույր չունենք: Հունական «Հիպոկրատ» բժշկական կենտրոնի տնօրեն Սիմոն Զախարովը քույրին մի քանի տարի այստեղ պահեց: Հիմա ճգնաժամի պատճառով այդ մարդու ձեռքից էլ բան չի գալիս: Բայց նա էլի ամիսը մի անգամ բժիշկներով, շարժական բուժսարքավորումներով գալիս է այստեղ, ախտորոշում կատարում, բայց հիմնական բուժքույր չունենք», – մեջբերում է Գենեոսի եղբայրը` Վասիլի Ասլանովը:

Թաղամասը քաղաքից 5 կմ հեռավորության վրա է: Գյուղն Ալավերդուն կապող երթուղին էլ կանոնավոր չի գործում:

«Տրանսպորտ չկա, պետք է տաքսի պատվիրես, որ Ալավերդուց գա, 1500 դրամ վճարես, որ գնաս ու ետ գաս: Գյուղացիներն անգամ մի լուցկու համար գնում են քաղաք. չէ՞ որ խանութ էլ չունենք», – գանգատվում է 84-ամյա Վարվառա Ապոստոլովան:

Մադանում մնացած ծերերի հարազատներն, ինչպես Գենեոսի 3 տղաներն ու թոռները, Վարվառա Ապոստոլովայի 9 թոռները, գտնվում են Հունաստանում:

«Մերոնք բոլորն այնտեղ են ու գալու միտք էլ չունեն, իսկ ես վատանում եմ այնտեղ, սիրտս է ցավում, օդը մի տեսակ այն չէ: Գալիս եմ եղբորս մոտ, ամառներն անցկացնում այստեղ, շնչում եմ օդը: Պղնձաձուլականի ծխի պատճառով նախկինում էր, որ խեղդվում էի, չէի կարողանում շնչել: Բացի այդ, քամին ծուխը մեկ այս կողմ է բերում, մեկ` ուրիշ կողմ տանում», – ասում է Գենեոս Ասլանովը:

Գյուղի ապագայի, ճակատագրի մասին իր խորհրդածություններն է ամբողջացնում Գենեոսի եղբայրը` Վասիլի Ասլանովը.

«Գյուղի մասին մտածող, ցավող չկա: Մի քանի հոգի ենք մնացել, մե՞նք էլ փախչենքգնանքՄի օր այս գյուղը պիտի վերանա: Սա հունական գյուղ է, ամբողջ Հայաստանը գիտի սրա մասին, բայց եթե այսպես շարունակվի` գյուղն ամբողջությամբ կքանդվի, ինչպես արդեն քանդված են շատ տներ, անգամ` Մեծ Հայրենական պատերազմի մասնակից, գյուղի միակ ԽՍՀՄ հերոսի` Կոնստանտին Խաջեւի տունը, որն այժմ պետք է թանգարան լիներ»:

Մադանի սակավաթիվ բնակիչներին մնում է միայն գուշակել, թե ինչ կլինի գյուղի հետ, երբ իրենք էլ թողնեն հեռանան:

Մադանում մի քանի մատուռ եւ եկեղեցի է եղել ժամանակին: Բնակիչները դեռեւս հիշում են նրանց անունները` Այա Վարվառա, Այոս Գեորգիուս: Հիմա միայն գերեզմանատանը հարակից մատուռն է կանգուն. հունական կառավարության կողմից հատկացված միջոցներով այն վերանորոգվել է:

Եկեղեցիների մասին խոսելիս` Վասիլի Ասլանովը հիշում է. «Տերտեր ունեինք, զանգերը ղողանջում էին, ժողովուրդը գնում էր այնտեղ, կնունք էին անումՍովետի ժամանակ ակումբ դարձրին, մեջը կինո էին նայում, Երեւանից գալիս` համերգ էին տալիս: Իսկ այժմ միայն ժամանակ առ ժամանակ կովերն են արածում: Հիմա գոնե կարգի բերվեր, որպեսզի կարողանայինք գոնե մոմ վառել»:

Վահագն Անտոնյանն «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցն է Լոռու մարզում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի <<Կովկասյան լրատու>> պարբերականից: (www.iwpr.net)

Վահագն Անտոնյան, ԿովկասԿովկասյան լրատու # 560

Դիտվել է 1663 անգամ:
Print Friendly

Leave a Reply