Երեւանում մեկնարկեց քիմիական «Նոր նյութեր եւ պրոցեսներ խորագրով» գիտաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2010 14:03

Երեւանում այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ընկերության» երկրորդ գիտաժողովը` «Նոր նյութեր եւ պրոցեսներ» խորագրով: Այն մինչեւ հոկտեմբերի 8-ը կանցկացվի Երեւանում եւ Գորիսում, որում կներկայացվի 81 ելույթ: Ինչպես նշեց գիտաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի համար «նոր նյութերի եւ պրոցեսների» ուսումնասիրությունը կարող է դառնալ տնտեսական զարգացման լուրջ հիմք:

«Տարբեր ոլորտներում մեր գիտական հայտնությունները պատրաստ են ներդրման համար, սակայն չկան այն փոքր ֆինանսական խթանները, որ անհրաժեշտ են դրանք գործարկելու համար»,- նշեց նա` հավելելով, որ «Քիմիական ընկերությունը» իր առաջնային խնդիրներից պիտի համարի տարբեր գիտական հաստատությունների եւ տնտեսվարողների միջեւ կապեր հաստատելը` գիտական աշխատանքը տնտեսության մեջ ներդնելու համար: Գիտաժողովում նշվեց, որ գիտաժողովն առանձնահատուկ է, քանի որ այն Երեւանում անցկացվելով չի սահմանափակվում, մասնակիցներ են ներգրավված նաեւ Արցախից: Եթե քիմիական առաջին գիտաժողովը նվիրված էր Հայաստանում քիմիական ոլորտի խնդիրների քննարկմանը, ապա այս գիտական հանդիպումն արդեն առավել որոշակի է բարձրացնում քիմիայի ոլորտի հիմնախնդիրը` տարբեր միջոցներով նոր նյութեր ստանալու անհրաժեշտությունը:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մանթաշյանի տեղեկացմամբ` հաջորդ տարվա ՀՀ բյուջեում նախատեսված է որոշակի գումար, որը կուղղվի կիրառման ենթակա երկու կամ երեք ծրագրի: Նա հույս հայտնեց, որ լուրջ մրցակցության արդյունքում ֆինանսավորման կարժանանան ամենակենսունակ ծրագրերը:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply