«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի հայտարարությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2010 12:52

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարվեց ՀՀ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հրաժարվելու և օտարալեզու դպրոցների բացումը միայն «Հանրակրթության մասին» օրենքով կարգավորելու` կոալիցիայի որոշման մասին, հարկ ենք համարում նախաձեռնող խմբի անունից հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

1.   Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում և սփյուռքում ծավալված աննախադեպ հասարակական ընդվզումը և յուրատեսակ շարժման վերածված դիմադրությունն ուղղված են եղել ոչ թե այս կամ այն օրինագծի, այլ կոնկրետ օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարի ու ծրագրի դեմ:

2.   «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չկատարելու պարագայում ցանկացած հանրակրթական հաստատության գործունեություն, որը դասավանդումն իրականացնում է օտար լեզվով, լինելու է հակաօրինական, քանի որ հակասելու է վերհիշյալ օրենքի Հոդված 2-ին, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դասիտարակության լեզուն գրական հայերենն է», և ըստ նույն օրենքի` բացառություն կարող է լինել միայն ազգային փոքրամասնությունների ու ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար: Ի դեպ, սրա մասին ամիսներ շարունակ հայտարարել են թե՛ վարչապետ Սարգսյանը, թե՛ նախարար Աշոտյանը` վկայակոչելով Կառավարության իրավաբանների կարծիքը, ում մասնագիտական կարողություններին կասկածելու որևէ հիմք չունենք: Այժմ, հայտարարելով, թե «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, նախագծի հեղինակները պարտավոր են առնվազն մատնանշել այն իրավական հիմքերը և հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից, ինչը չի արվում:

3.   Նույն հիմնավորմամբ «Լեզվի մասին» օրենքին հակասող է պետք ճանաչել Կառավարության կողմից ԱԺ ներկայացված` «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի` «Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»:

4.   Մասնավոր դպրոցներից մեկի տնօրենի և ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի բանավոր հղումը «Հանրակրթության մասին» օրենքի Հոդված 6-ի կետ 5-ին` որպես ավագ դասարաններում որոշ առարկաներ օտար լեզվով դասավանդելու հիմքի, բացարձակ անհեթեթություն է, քանի որ նշված կետը սահմանում է ընդամենը «ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակի» տոկոսը և որևէ հնարավորություն չի տալիս պարտադիր ժամաքանակից դուրս դասաժամերն անցկացնել օտար լեզվով, ինչը նույնպես կհակասեր «Լեզվի մասին» օրենքին:

5.   Վերոհիշյալ դրույթներից պարզ է դառնում, որ Հայաստանում արդեն գործող այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որտեղ ՀՀ` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չհանդիսացող քաղաքացիների համար դասավանդումը կազմակերպում է օտար լեզվով, հակաօրինական են` անկախ նրանից, որ նրանք չեն տրամադրում ՀՀ պետական նմուշի ավարտական վկայական. «Լեզվի մասին» օրենքն այդպիսի բացառություն չի ենթադրում, և պետք փակվեն կամ իրենց գործունեությունն անհապաղ համապատասխանեցնեն ՀՀ օրենսդրությանը:

6.   «Ազգային ինքնությունը, լեզուն, ժառանգականությունը պահպանելու, ձուլման և հեռացման հերթական ռիսկերից խուսափելու, իսկ մյուս կողմից` միջազգային համագործակցությունը, սերունդների դաստիարակման գործում փորձի փոխանակումը չսահմանափակելու, կրթության հարցերում ճկուն, արագ արձագանքող և մրցունակ լինելու» (ԱԺ նախագահի ելույթի անուղղակի մեջբերում) միակ և բոլորի կողմից ընդունելի ճանապարհը կարող է լինել միայն միջազգային կրթական ծրագրերի տեղայնացումը և բացառապես հայոց լեզվով դրանց մատուցումը: Ընդ որում, մի քանի փորձարարական և նորարարական դպրոցներում հաջողություններ արձանագրելու պարագայում ՀՀ Կառավարությունը պարտավոր է այդ փորձը տարածել նաև Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների վրա` այդպիսով բարձրացնելով ամբողջ հանրակրթության մրցունակության մակարդակը և խուսափելով որակյալ դպրոցական կրթության «էլիտարացումից» և «կլանայնացումից»:

7.   Նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանում բարձրակարգ կրթությամբ մտահոգ բոլոր անհատներին ու կազմակերպություններին (ներառյալ` կուսակցություններին և բիզնեսի ներկայացուցիչներին) և առաջին հերթին` դրա համար պատասխանատվություն կրող պետական մարմիններին գործուն միջոցներ ձեռնարկել միջազգային կրթական ծրագրերի (մասնավորապես, Միջազգային բակալավրիատի) տեղայնացման, ինչպես նաև ուսուցիչների պատշաճ վերապատրաստման ուղղությամբ: Մինչ այդ հարկավոր է շրջանառությունից հանել օտարալեզու դպրոցներ բացելու բոլոր տեսակի մասնավոր և կառավարական նախագծերը և ստեղծել հատուկ հանձնաժողով` ազգային կրթության մրցունակության բարձրացման ռազմավարությունը մշակելու և իրականացնելու համար: Պատրաստ ենք մեր ողջ ներուժը (գիտելիքներ, կազմակերպչական հնարավորություններ, հանրային լայն աջակցություն և այլն) ներդնել սույն գործի իրականացման համար:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնություն:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply