Կրթական-տեղեկատվական տոնավաճառ` Ֆրանսիական համալսարանում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2010 11:36
Լեզուների եվրոպական օրվա  կապակցությամբ   վաղը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի կունենա կրթական-տեղեկատվական տոնավաճառ:
Քեմբրիջյան Լեզուների հանրագիտարանի տվյալներով աշխարհում այսօր կան 6000-ից ավելի լեզուներ, ընդ որում կան լեզուներ, որոնցով խոսում են 1000-ից էլ քիչ մարդ:
2001 թվականը Եվրախորհուրդն ու Եվրամիությունը հայտարարել էին լեզուների եվրոպական տարի:  Եվ հենց 2001 թվականին եվրոպական այդ երկու կառույցները սեպտեմբերի 26-ը հայտարարեցին Լեզուների Եվրոպական օր: 9 տարի է, ինչ այս օրը տոնում են Եվրամիության և Եվրախորհրդի անդամ երկրներում:
«Լեզվական անհանդուրժողականությունը կարելի է հաղթահարել լեզուների ուսումնասիրման և մշակույթների ըմբռնման միջոցով, որն անգլերենում հնչում է որպես understanding, ֆրանսերենում` comprehension, իսլանդերենում` skilningur, էստոներենում` mõistmine, իռլանդերենում` tuiscint, լեհերենում` zrozumienie, իսկ մակեդոներենում` razbiranje», օրվա առթիվ ելույթ ունենալով` նշել է Եվրախորհրդի նախարարների խորհրդի նախագահ Անտոնիո Միլոշոսկին:
Եվրախորհուրդը խրախոսում է Լեզուների Եվրոպական օրվա նշումը ողջ տարվա ընթացքում և քաջալերում անդամ երկրների ավելի քան 800 միլիոն քաղաքացիներին սովորել օտար լեզուներ:
Բրիտանական խորհուրդը, Երևանում DAAD-ի տեղեկատվական կենտրոնը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը, կարևորելով լեզուների իմացության անհրաժեշտությունն ու միջմշակութային երկխոսության զարգացումը, օրը տոնելու նպատակով կազմակերպում են կրթական տեղեկատվական տոնավաճառ:
Հայաստանը միանալով Բոլոնիայի գործընթացին` նախաձեռնեց հայկական բարձրագույն կրթական համակարգը կրթության եվրոպական մոդելին համապատասխանեցնելու գործընթացը: Ինչպես նշվում է  Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի հրատարակած ուղեցույցում,  Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որի նպատակն է մինչև 2010 թվականը ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք և աջակցել եվրոպական բարձրագույն կրթության գրավչությանն ու մրցունակությանը ողջ աշխարհում:
Այս համատեքստում Եվրախորհուրդը մշակել է Լեզուների երաշխավորման համաեվրոպական շրջանակ (Common European Framework of Reference for Languages), որի նպատակն է սահմանել լեզուների գնահատման մեկ ընդհանուր սանդղակ:  Այսօր աշխարհում ընդունելի և ճանաչելի դարձած այդ սանդղակով լեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչև C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացության նախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ:
Կրթական տոնավաճառի ընթացքում կներկայացվի Լեզուների երաշխավորման համաեվրոպական շրջանակը, իսկ Հայաստանում աշխատող միջազգային կազմակերպությունները կներկայացնեն իրենց կրթական և զարգացման ծրագրերը:
Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply