Նախարարները ենթարկվում են վարչապետի հրահանգին`հանգստանալ Հայաստանում կարճ ժամանակով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 15, 2009 12:18

ԿառավարությունՀՀ նախարարներից շատերն այս ամռանը չեն հանգստանա, մի մասն էլ դեռևս չեն որոշել` երբ և հայաստանյան որ հանգստավայրում կանցկացնեն հանգիստը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հունիսի 18-ի հայտարարությունը՝ «ամառվա սեզոնը միասին գնահատենք որպես լարված աշխատանքային շրջան: Իրավունք չունենք տրամադրվել, թե կառավարության համար սկսվում է ամառային սեզոն», մեծ ազդեցություն ունեցավ նախարարների հանգստի կազմակերպման վրա։

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը դեռևս չի մտածում հանգստի գնալու մասին։ Բայց ինչպես նշեց նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայտայանը, «վարչապետի հետ խորհրդակցությունից հետո նոր կորոշի՝ երբ կգնա արձակուրդ»։ Նախարարի նախընտրելի հանգստավայրի մասին մամուլի խոսնակը չգիտեր։

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նույնպես չի որոշել՝ հայաստանյան որ հանգստավայրում արձակուրդը կանցկացնի, բայց աշխատանքային դադարը նրա համար շատ ցանկալի կլիներ։

«Նույնիսկ ազատ ժամանակ հանգիստ չունի Հրանուշ Հակոբյանը,- ասում է Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Գևորգ Հարությունյանը,-բայց տիկին Հակոբյանը միշտ էլ Հայաստանում` իր հայրենի Գեղարքունիքի մարզում է անցկացնում հանգիստը։ Այս ամռանը ևս այնտեղ կանցկացնի»։ Հարությունյանի խոսքով ՝ նախարարը երբեք Անթալիա չի գնում հանգստանալու։

Նորանշանակ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը չեն կարող հանգստի գնալ ոչ միայն դրա իրավունքը չունենալու պատճառով (դեռևս 2 ամիս են աշխատում), այլև գլխահաս գործերի:

«15 օրով է արձակուրդ գնալու բնապնախարար Արամ Հարությունյանը` իհարկե, Հայաստանի սահմաններում, բայց որ ուղղությամբ՝ չգիտենք»,-տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից։

Տնտեսական ճգնաժամի հետևանքները թոթափելու համար ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այս տարի չի կարողանա հանգստանալ։ Անցած տարի նույնպես չի ստացվել ։

Իսկ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն արձակուրդ չի գնա. «ճանապարհաշինության բուռն շրջան է սկսում, իսկ առանց պարոն Սարգսյանի, գործն առաջ չի գնա»,-ասում է նախարարի խոսնակ Սուսաննա Տոնոյանը։ Իսկ ձմեռային հանգիստը նախարարն անցկացրել է Ստեփանավանում:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply