Վարչապետի ճեպազրույցը ՌԴ-ից ցորենի ներկրման և գերավճարների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2010 19:55

Տիգրան Սարգսյան – Մենք սկսում ենք սերմնաբուծության ծրագրի իրականացման առաջին փուլը։ Դուք տեսաք, որ մենք ներկրել ենք բարձր որակի սերմնացու Ռուսաստանի Դաշնությունից։ Գյուղնախարարությունը մեծ նախապատրաստական աշխատանք է տարել. բոլոր մարզերից ընտրվել են այն հողատարածքները, որոնք համապատասխանում են գյուղանախարարության կողմից տրված որակի չափանիշներին։ Մոտեցումը բավական խիստ է եղել։ Կնքվում են պայմանագրերը ֆերմերային տնտեսությունների հետ։ Նրանք ստանձնում են պարտավորություն, որ մեզ վերադարձնելու են առաջին վերարտադրության սերմացու, որը մենք կարող ենք օգտագործել մյուս տարիներին` գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը բարձրացնելու համար։
Եթե առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք հետևողականորեն իրականացնենք սերմնաբուծության այս ծրագիրը, ապա կարձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում որակական բարելավում կունենանք հացահատիկային տնտեսությունների արդյունավետության և արտադրողականության բարձրացման գործում։

Հարց- 2011 թվականի բյուջեի նախագծում գրված է, որ մենք այս տարի 2.7 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը 4 տոկոս էր կանխատեսում։ Ինչու՞ են մենք այդքան հոռետես։ Արժույթի միջազգային հիմնադրամը քննադատել էր գերավճարների վերադարձելիության խնդիրները, դուք բարձրաձայնել եք, որ այդ գումարները պետք է վերադարձվեն, բայց ինչ-ինչ պատճառներով չեն վերադարձվում։ Խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։

Պատասխան- Անկեղծ լինելու համար պետք է ասենք, որ համաշխարհային տնտեսության կանխատեսումները եռամսյակը մեկ փոփոխվում են` ըստ գոտիների` Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության, Ճապոնիայի տնտեսության, քանի որ ճգնաժամը բնութագրվում է նրանով, որ նախկին տարիների օրինաչափությունները չեն դրսևորվում, և կանխատեսումներ կատարելը բավական բարդ է, և եռամսյակը մեկ մենք տեսնում ենք, որ տեղի են ունենում ճշգրտումներ։ Համաշխարհային տնտեսությունն իր ազդեցությունը թողնում է նաև Հայաստանի վրա ուղղակի ներդրումների, մասնավոր տրասֆերտների, համաշխարհային շուկաների գների միջոցով։ Բնականաբար, մեր մակրոտնտեսական ցուցանիշների վրա ազդեցությունը մեծ է։ Եռամսյակը մեկ տեղի է ունենում բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վերագնահատում։ Խնդիրն այն է, որ մեր մակրոտնտեսական ցուցանիշները պետք է հավասարակշռված լինեն, որպեսզի մենք կարողանանք ձևավորել բավարար պաշարներ կայունություն ապահովելու համար, ինչը և մենք անում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։
Այդ տեսակետից մենք արժանացել ենք բարձր գնահատականի. բոլոր չափանիշները, որ դրված են մեր ծրագրի հիմքում, կարողացել ենք կատարել։ Կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ մեր կանխատեսումը ենթադրում է, որ Ազգային Ժողովի կողմից հաստատված պետական բյուջեի նախագծով 1.2 տնտեսական աճից մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ. եթե չլիներ գյուղատնտեսության ոլորտում 2010 թվականի աննախադեպ անկումը, ապա աճը կլիներ ավելի մեծ։ Բայց, այնուամենայնիվ, մենք գերակատարում ենք ամենակարևոր ցուցանիշը` հարկային մուտքերը, ինչն ավելացնում է մեր պետության ֆինանսական կայունությունը և ընդհանուր առմամբ բարձրանում է դիմադրողականության աստիճանը։
Դա կարևոր հանգամանք է։ Ինչ վերաբերվում է գերավճարներին, ապա այս խնդիրը վերջին տասնհինգ տարիների ընթացքում մնում է արդիական և պայմանավորված է հարկային վարչարարության բարելավումով։ Մեկ-երկու օրերի ընթացքում դժվար է հարկային վարչարարությունը որակապես փոխել, բայց այն, որ մենք գերավճարների առումով էլ ունենք բավական լուրջ նվաճումներ, ակնառու է այն առումով, որ եթե դիտարկենք գերավճարների ծավալների աճի տեմպերը, կտեսնենք, որ նախորդ տարիների համեմատ էապես նվազել է, իսկ ամենակարևոր ցուցանիշն այն է, որ մենք ավելացրած արժեքի հարկի վերադարձելիության հետ կապված որևիցե խնդիր չունենք, և այսպիսի իրավիճակ երբևիցե Հայաստանում չի եղել, երբ որ արտահանողներն իրենց ավելացրած արժեքի հարկի վերադարձի գումարներն ստանում են տարվա ընթացքում։ Ավելին, 2011 թվականին մենք ստանձնում ենք պարտավորություն, որ եթե մենք ժամանակին չվերադարձնենք ավելացրած արժեքի հարկը, ապա մենք` պետությունը, պետք է տոկոսներ վճարի մասնավոր հատվածին։ Այնպես որ ընթացիկ գերավճարներ բացառվում է, որ մենք ունենանք, բայց նախորդ տարիներից կուտակված գերավճարների մաշեցման խնդիրը դեռևս արդիական է։ Եվ այնտեղ կա ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտություն, որոշ դեպքերում, կարծում եմ, քրեական գործեր հարուցելու անհրաժեշտություն, որովհետև մենք տեսնում ենք, որ շատ անարդար ձևով մեծածավալ գերավճարներ են ձևակերպված, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և հասկանալի է որ միլիարդավոր դրամներ հենց այնպես վերադարձնել տնտեսվարող սուբյեկտներին, որոնց փաստաթղթերում մենք հայտնաբերում ենք թերություններ, ճիշտ չի լինի։ Դրա համար սա իրականում բարդ խնդիր է, բայց ակնհայտ է մի փաստ որ ես կուզենայի ձեր միջոցով հաղորդել տնտեսվարող սուբյեկտներին,. մենք բացառում ենք ընթացիկ ավելացրած արժեքի հարկի վերադարձելության առումով գերավճարների ձևավորումը։ Դա ուղղակի բացառվում է, որովհետև պետությունը խստացրել է ինքն իր նկատմամբ պահանջները, և 2011 թվականից մենք պարտավոր ենք լինելու տույժ, տուգանք վճարել մասնավոր հատվածին, եթե ուշացնենք ավելացրած արժեքի հարկի վերադարձը։ Այնպես որ այդ տեսակետից արմատական փոփոխություն է տեղի ունենում միջավայրում։

URL: http://www.gov.am/am/interviews/item//

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply