Ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական մրցույթ-փառատոնը` Գեղարքունիքի մարզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2010 16:57

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ԱԺ «Բաց դռներ» մշակութային հիմնադրամը անցկացնում են ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, որը նվիրվում է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին, կրկին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Այս փառատոնի նպատակն է` փորձել երիտասարդ սերնդի ուշադրությունը բեւեռել հայրենի գրականությանը, սատարել գալիք սերնդի մեջ հայոց լեզվի ու պոեզիայի նկատմամբ սիրո վերածննդին, շարունակելի դարձնել հայ ասմունքի հարուստ ավանդույթները:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք փուլով, երկու տարիքային խմբով, այն կեզրափակվի Երեւանում: Փառատոնը հյուրընկալվելու է նաեւ Ջավախքում:

Հայաստանի մարզերի, Ջավախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան հազարավոր դպրոցականներ արդեն մասնակցել են փառատոնի առաջին փուլին: Հոկտեմբերի 1-ին Սեւանում մեկնարկեց փառատոնի երկրորդ` մարզային փուլը, որին ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Հրանտ Մադաթյանը եւ Տաճատ Վարդապետյանը:

Իր ելույթում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` նման միջոցառումներ նախաձեռնելու եւ հովանավորելու համար:

ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը փառատոնի մասնակիցներին ու ներկաներին փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեմաղթանքները եւ նշեց, որ ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող փառատոնն անուրանալի դեր ունի մատաղ սերնդի դաստիարակման գործում: Պատգամավորը շեշտեց ԱԺ նախագահի ընդգծված վերաբերմունքը արվեստի ու մշակույթի նկատմամբ:

ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Վարդանյանը շատ կարեւոր համարեց Վահան Տերյան բանաստեղծի գնահատումը նաեւ պետական բարձր շրջանակների կողմից, եւ դրա վառ վկայությունը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ անցկացվող այս փառատոնն է:

Գեղարքունիքի մարզի դպրոցների շուրջ 30 աշակերտներ արտասանեցին Վահան Տերյանի ստեղծագործություններից:

Մրցույթ- փառատոնի ավարտին ժյուրին որոշեց 6 հաղթողներին, որոնք կմասնակցեն փառատոնի` Երեւանում անցկացվելիք եզրափակիչ փուլին:
01.10.2010

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply