Հետփառատոնային աշուն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 1, 2010 16:24

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնը, արդեն մի քանի տարի հաջողությամբ իրականացնում է “Փառատոնն անիվների վրա” հետփառատոնային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երևանյան փառատոնում աչքի ընկած լավագույն ֆիլմերը ցուցադրել նաև մայրաքաղաքից դուրս: Անցած տարի անիվները ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի ֆիլմերը տարան Ջավախք, Արցախ, Սյունիք:

Հավատարիմ մնալով բարի ավանդույթին` այս տարի ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը անիվներով հասավ Տավուշի մարզ, որտեղ` Բերդ քաղաքի նորաբաց “Արևաբերդ” կինոթատրոնում, սեպտեմբերի 29-30-ին ցուցադրվեցին “Սասունցի Դավիթ” մուլտֆիլմը, Սուրեն Բաբայանի “Մի նայիր հայելուն”, Հարություն Խաչատրյանի “Սահման”, Էդգար Բաղդասարյանի “Սուրբ ծեսերի երկիրը” և Հյուզ եղբյարների “Իլայի գիրքը” ֆիլմերը:

Առաջիկայում ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը անիվների վրա նորից կշարունակի իր երթը եւ կհասնի Արցախ, Ջավախք և այլ վայրեր:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը օրինակ է ծառայել Ռիգայի կինոփառատոնի համար

ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ տարիներ շարունակ համագործակցում է Ռիգայում կազմակերպվող ԱՐՍԵՆԱԼՍ կինոփառատոնի հետ: Այս տարի ԱՐՍԵՆԱԼ”-ը, որի հիմնադիրներից է նաեւ Սուրեն Բաբայանը, նշում էր իր 20-ամյակը:

Այս տարի` սեպտեմբերի 20-24-ը փառատոնի շրջանակներում առաջին անգամ կայացել է “Ռիգա վիրուս” դասընթացների ծրագիրը երիտասարդ կինոգործիչների համար, որի համար օրինակ է ծառայել երևանյան փառատոնի “Ռեժիսորներ առանց սահմանների” համագործակցության ֆորումը: Հայաստանից ընտրվել էին 3 կինոնախագծեր, որոնց հեղինակները` Արեգ Ազատյան, Շողեր Թադևոսյան, Դավիթ Մաթևոսյան, Մարիամ Օհանյան, Աստղիկ Սիմոնյան և Անահիտ Օրդյան, հրավիրվել էին Ռիգա: Ծրագրին մասնակցում էր ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը, որը “Ռիգա վիրուս”-ի հայկական կողմից համակարգողն է:

“Ռիգա վիրուս”-ի շրջանակներում կինոսցենարի զարգացման և ֆիլմարտադրության մարկետինգի թեմաներով դասընթացները վարում էին եվրոպացի մասնագետները: Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից և Բալթյան երեք երկրներից, որոնք դասընթացների վերջին օրը ներկայացրեցին իրենց կինոնախագծերը :

Այսպիսով, “Ռիգա վիրուս”-ը նպատակ ունի դառնալ Կովկասի եւ Բալթյան երկրների միջեւ կինոյի ոլորտում համագործակցության յուրահատուկ վայր:

ԱՐՍԵՆԱԼՍ 2010-ի շրջանակներում ներկայացվեց Սուրեն Բաբայանի “Մի նայիր հայելուն” ֆիլմը:


Դիտվել է 3437 անգամ:
Print Friendly

Leave a Reply