Մանթաշյանի ծոռնուհին ցանկանում է պապի հարստությունը բերել Հայաստան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 5, 2010 18:45

Ալեքսանդր Մանթաշյան (1842-1911). մեծահարուստ հայ, որ իր աշխատասիրության և տաղանդի շնորհիվ նվաճեց Բաքվի նավթարդյունաբերության գագաթները` իր կապիտալը հասցնելով 30 մլն ռուբլու: Նրա ընկերությունը մասնաճյուղեր ուներ Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում:

Մանթաշյանի անունը հայտնի է գրեթե ամեն հայի, սակայն այն հիմնականում զուգակցվում է Բաքվի նավթարդյունաբերության հետ: Այնինչ Մանթաշյանը եղել է հայ հասարակական կյանքի զարգացման կարևորագույն դերակատարներից մեկը:

Մանթաշյանը հայտնի բարերար էր: 1895-ից Կովկասի հայոց բարեգործական ընկերության ցկյանս պատվավոր նախագահն էր, որը բարեգործական մեծ ծրագրեր է իրականացրել Հայաստանի ու տարբեր երկրներում ապրող հայերի համար: Նրա մեկենասությամբ կառուցվել է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրոցի նոր շենքը, վերակառուցվել են Ս. Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսության համալիրը, Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Հայաստանի Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը և այլն:

Մանթաշյանի հովանավորությամբ ավելի քան 200 տաղանդավոր երիտասարդներ, այդ թվում նաև Ն. Ադոնցը, Գարեգին Հովսեփյանը, Գևորգ Չորեքչյանը, Սիամանթոն, Կոմիտասը, Հ. Մանանդյանը և այլք, կրթվել են ռուսական ու եվրոպական լավագույն համալսարաններում:

Նա ուներ բազմաթիվ կալվածքներ, շոգենավեր, տներ: Այսօր նրա ժառանգներին գրեթե ոչինչ չի մնացել: Նրանք սփռված են աշխարհով մեկ, իսկ Մանթաշյանի կապիտալի մի մասը պահված է շվեյցարական ու ամերիկյան բանկերում:

Նինա Նաջարյան-Մանթաշյանն  այս երևելի հայի ծոռնուհիներից է: Տիկին Նինայի հորական տատը` Աննան, Մանթաշյանի երկրորդ տղայի` Լևոնի դուստրն է: Տիկին Նինան երկու գլխավոր նպատակ ունի. նախ` Հայաստանում հիմնել Մանթաշյանի թանգարան, ապա` Մանթաշյանի` բանկերում մեկ դար պահված հարստությունը բերել Հայաստան: Առաջին նպատակը իրագործվելու ճանապարհին է, երկրորդը` դերևս երազանքի ոլորտում է:

Նինա Նաջարյանը Մանթաշյան ազգանունը սկսել է կրել 2000-ից: «Որոշվեց, որ եթե ժառանգորդ եմ, ապա պիտի կրեմ այդ ազգանունը»,-ասում է նա:

Տիկին Նինան պատմում է, որ տատը` Աննան, ծնվել է Բաքվում, սովորել Թիֆլիսում, ապա ամուսնացել է Լևոն Նաջարյանի` իր պապի հետ:  «Տատս բոլշևիկ է եղել, ԱՄՆ-ից գաղտնի համագործակցել է բոլշևիկների հետ, դրա համար էլ թաքցրել է իր ազգանունը: Նա գրվել է ամուսնու ազգանունով` Նաջարյան»,- պատմում է տիկին Նինան:

Աննայի մայրը գերմանուհի է եղել: Հայրը` Մանթաշյանի որդի Լևոնը, չենթարկվելով հոր կամքին, ամուսնացել է գերմանուհու հետ և զրկվել հոր ժառանգությունից.«Ինքս եմ կարդացել կտակը, որում գրված է, որ եթե նրա ժառանգները մինչև 30 տարեկան ամուսնանային այլազգիների հետ, կզրկվեին ժառանգությունից, ոչ միայն իրենք, այլև  իրենց երեխաները»,-պատմում է տիկին Նինան:

Տատի տունը Բաքվում մինչ օրս պահպանվում է: Այն տիկին Նինայի հորեղբոր տղայի անունով է:  Երեք տարի առաջ տիկին Նինան Բաքվում հանդիպել է Ալիևի խորհրդականներից մեկի հետ, ով սիրով համաձայնել է տատի տան կահույքը տրամադրել իրեն` Մանթաշյանի ապագա թանգարանում դնելու համար:

«Բաքվում իմանալով, որ Աննայի թոռնուհին եմ, ինձ մեծ հարգանքով վերաբերվեցին: Ասացին` տատիս հետ կապված ինչ որ պետք է, կտրամադրեն,- պատմում է տիկին Նինան,- հիմա, երբ գնում եմ Բաքու, մտնում եմ տատիս տուն, հանգստանում: Հարևաններն ինձ սիրով ընդունում են, մաքրում տունը, օդափոխում: Դեռ ուսանողական տարիներին տատս հանդիպել է ավագ Ալիևի հետ, որը տատիս երկրպագուն է եղել և հուշեր ուներ` կապված տատիս հետ»:

Տիկին Նինան 1997թվից ի վեր «հետաքննում է» Ալեքսանդր Մանթաշյանի կյանքն ու գործունեությունը: Եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, փնտրել Մանթաշյան գերդաստանի շառավիղները, ճշտել տեղեկությունները: Նրա հեղինակությամբ Մանթաշյանի մասին արդեն երեք գիրք է լույս տեսել, չորրորդը պատրաստ է տպագրության: «Մահից առաջ տատս ինձ խնդրեց, որ եթե կարողանամ՝ գիրք գրեմ իրենց գերդաստանի մասին»,- պատմում է տիկին Նինան, որ, ի դեպ, բանաստեղծ և հրապարակախոս է, բազմաթիվ գրքերի հեղինակ:

Մանթաշյանի մասին առաջին գիրքը` «Հայ մեծ բարեգործները», լույս է տեսել 2000-ին, երկրորդը` «Մանթաշյանը և քրիստոնեության 1700-ամյակը», լույս է տեսել 2002-ին, իսկ երրորդը` «Մանթաշյանի գործունեությունը»` 2004-ին: Տիկին Նինան ամեն ինչ անում է, որ մոտ 400-էջանոց 4-րդ գիրքը` «Մանթաշյանի խորհուրդներն ու ասույթները և գենային ճյուղերը», գոնե 2011-ին լույս տեսնի, «որպեսզի 2012-ի մարտին` Մանթաշյանի 170-ամյակին, ներկայացվի հանրությանը»:

Մանթաշյանի թանգարան բացելու գաղափարը վաղուց է հղացվել: Նինան բազմաթիվ նյութեր է հավաքել, ոչ միայն տեղեկություններ ու լուսանկարներ, այլև անձնական իրեր` Մանթաշյանի զարդատուփը, ծխամորճը, գորգը, ծաղկամանը, որում նա մանուշակներ է աճեցրել, և այլն:

«Երեք տարի առաջ դիմեցի կառավարությանը՝ Հայաստանում Մանթաշյանի թանգարան բացելու խնդրանքով,- ասում է տիկին Նինան,- դրական արձագանք եղավ: Մի լավ ընկեր ասաց, որ Հալաբյան փողոցում մի կառույց ունի, որի երկրորդ հարկը կարող է տրամադրել թանգարանի համար, սակայն Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն ասաց, որ Մանթաշյանի թանգարանը ավելի նպատակահարմար է կառուցել կենտրոնում: Նա նաև հայտնեց, որ կենտրոնում Հին Երևան կառուցելու ծրագիր կա, և այնտեղ էլ կկառուցվի նաև Մանթաշյանի թանգարանը: Թե երբ կկառուցվի Հին Երևանը, չգիտեմ, դեռ սպասում ենք…»:

Տիկին Նինան հետաքրքիր, անսպառ եռանդով լեցուն կին է, ում հետ շփվելիս հասկանում ես, որ մանթաշյանական արյուն կա երակներում: Նա ապրում է և՛ Երևանում, և՛ ԱՄՆ-ում: Ծնվել է Գավառում, սակայն 2 տարեկան հասակում պապը նրան Միացյալ նահանգներ է տարել:

Տիկին Նինայի պապը` Լևոն Նաջարյանը, Ամերիկայի նշանավոր հայերից է եղել: Նրանց տունը, որտեղ այժմ ապրում են տիկին Նինան ու նրա զավակները, Սպիտակ տան մոտ է գտնվում: Տիկին Նինան ասում է, որ այդ տունը «Լևոնի դղյակ» են անվանել: Նաև պատմում է, որ Բուշերը եղել են պապական ընտանիքի բարեկամները և եկել-գնացել են իրենց տուն:

1988-ի երկրաշարժի ժամանակ տիկին Նինան իր պապի հետ 36 հայ երեխա է տարել ԱՄՆ և պահել այնքան, մինչև հարազատները գտնվել են, իսկ 6 տղայի տիկին Նինան է որդեգրել, պահել ու մեծացրել:

«Հարազատ երկու դուստր ունեմ, սակայն տղաներս ինձ համար ոչնչով չեն տարբերվում հարազատներից,- ասում է նա և արցունքն աչքերին պատմում, թե ինչպես նրանցից երկուսը 2003-ին ինքնաթիռով Եգիպտոսից Ֆրանսիա ուղևորվելիս զոհվեցին,- մյուս տղաներս շատ լավ են, բարձրակարգ կրթություն են ստացել, ամուսնացել են, երեխաներ ունեն, մեծս Շվեյցարիայում է ապրում` դոկտոր, պրոֆեսոր է, մյուսներն ԱՄՆ-ում են»:

Տիկին Նինան «Ադանա» կենտրոնի նախագահն է, որը ժամանակին ակտիվ գործունեություն է ծավալել գրեթե ողջ աշխարհում, իսկ այժմ մասնակի է գործում: «Ադանան» մշակութային, սոցիալական, բարեգործական ծրագրեր է իրականացրել և իրականացնում նաև Կովկասում:

«Մանթաշյաններն ու Նաջարյանները հարուստ են եղել, բայց նրանց ժառանգներն այժմ շատ խնդիրներ ունեն»,-ասում է տիկին Նինան: Շրջագայելով աշխարհով մեկ` նա ամենուր Մանթաշյաններ է փնտրել, սակայն զարմանքով բացահայտել է, որ ոչ բոլորն են հետաքրքրված ու ոգևորված իրենց ազգանունով: «Շատերին անգամ չէր հետաքրքրում, որ իրենք Մանթաշյանի ժառանգներն են,- պատմում է տիկին Նինան,- Շվեյցարիայի բանկ մտնելու, դատ բացելու և Մանթաշյանի հարստության մի փոքր մասը գոնե Հայաստան բերելու համար պետք է թոռներից մեկի համաձայնությունը: Մանթաշյանի չորրորդ տղայի` Հովսեփի որդի Ալեքսանդրը, որն այժմ թոքաբորբով պառկած է Ֆրանսիայում, համաձայնություն չի տալիս, որ գործընթացը սկսեմ: Նա ոչ ոքի չի ընդունում, զանգերին չի պատասխանում: Մանթաշյանները հեռու են մնում իրարից»:

Տիկին Նինան ասում է, որ Մանթաշյանի` Շվեյցարական բանկում պահված գումարն այժմ 300 միլիոնի է հասել, իսկ ԱՄՆ-ինը` 30 միլիոնի:

«Եթե դրանց միայն տոկոսներն էլ հնարավոր լինի ստանալ ու բերել Հայաստան, ապա մեծ  նվաճում կլինի»,- ասում է նա:

Դիտվել է 7530 անգամ:
Print Friendly

Leave a Reply