Սխտորաշենի 2000-ամյա տնջրենին հրաշքով փրկվեց …
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 3, 2010 9:07
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղն ու նրա պարծանքը համարվող պատմական տնջրենին (չինար) դարերի մշուշում թաղված անցյալ ունեն: 1800-ական թթ. կեսերին 500 բնակիչ ունեցող գյուղը ճիշտ մեկ դար անց արդեն մեծ գյուղի համբավ ուներ:
Մեծ Հայրենականին գյուղը երկու գեներալ է տվել` Աշոտ և Արշակ Դադայաններ: Հետագայում` Վարանդա գետի հովտի թփուտածածկ լանջին ծվարած այդ գյուղի զարգացմանը կամ թեկուզ պահպանմանը ոչ մի ուշադրություն չի դարձվել, և նրա տնտեսությունը միացվել է շատ հեռու գտնվող Կարմիր շուկային: Դրա հետևանքով գյուղը կամաց-կամաց դատարկվել է: Շարժման տարիներին պատկերը մի փոքր փոխվեց. գյուղ վերադարձավ 15 բնակիչ: Բայց այսօրվա պատկերն առավել քան տխուր է: Ինչպես ասում են, Սխտորաշենի անունը կա, բայց ամանում չկա: Գյուղն անմարդաբնակ է, թեև կանգուն տներ կան:
Արցախում այս գյուղն առավել հայտնի է իր 2000 տարեկան ծառով և եռակն սառնորակ ու հորդառատ աղբյուրով: Սա նաև սրբավայր է: Շատերն են այստեղ գալիս այդ հրաշք ծառը տեսնելու և իրենց ուխտը նորոգելու համար: 44 քմ փչակի մակերես, 27 մետր բնի շրջագիծ, 54 մետր բարձրությամբ և 1400 քմ մակերեսով սաղարթախիտ ծառի ստվերի ներքո հանգստացել ու սառնորակ աղբյուրից ջուր են խմել տարբեր ժամանակների մեր շատ երևելիներ:
IV դարի սկզբին Ամարաս տանող ճանապարհին այստեղ է կանգ առել Գրիգոր Լուսավորիչը: Նա Արցախ էր եկել քրիստոնեություն տարածելու նպատակով: Այնուհետև` նրա թոռը` Գրիգորիսը, որ թաղված է Ամարասի վանքում, Մեսրոպ Մաշտոցը, որ Արցախ էր եկել դպրոցներ հիմնելու նպատակով, Աղվանքի Վաչագան բարեպաշտ թագավորը, մատենագիրներ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին: Ավելի ուշ այս ծառի հովանու ներքո դադար են առել Րաֆֆին և Ավետիք Իսահակյանը:
Լավ է, որ ծառը պահպանվում է պետության կողմից, իսկ թե լավ է պահպանվում, թե վատ, արդեն ուրիշ խնդիր է: Գրում եմ ու մտորում` վատ չէր լինի, եթե այն Արցախի զբոսաշրջային երթուղիներում ընդգրկվեր, քանզի եզակի է իր տեսակի մեջ: Մի հանգամանք ևս. ծառի գոյության մասին իմացել եմ դեռևս 1994-1995 թթ., տարիներն անցել են, բայց տարիքն ասես նույնն է մնացել…
Դարերի փորձությանը ենթարկված, պատերազմից հրաշքով փրկված ծառը (դեմ-դիմաց երևում է Ֆիզուլի (Կարյագինո) քաղաքը) այս ամռանը հրաշքով է փրկվել կրակի ճարակ դառնալուց: Ինչպես ասացի, այն սրբավայր է, և փչակում դրված մոմասեղանը ամեն պահի վտանգի իրական աղբյուր է, որից այս տարի չհաջողվեց խուսափել: Փչակում բռնկված հրդեհի պատճառով այն մասամբ այրվել է, ու պատերը բարակել են: Բարեբախտաբար, վտանգն իսկույն չեզոքացվել է, և ծառը փրկվել է:
Օգոստոս ամիսն էր, երբ այնտեղ եղա: Ծառի հարևանությամբ դեռ պահպանվում էր այրված փչակի կտորների կույտը… Պահակը շփոթված էր: 400 դրամ օրավարձով աշխատող պահակին դժվար է մեղադրել կատարվածի համար, հազիվ թե հնարավոր լինի այդ գումարով որևէ մեկի ոտքը գիշեր-ցերեկ «կապել» այդ ծառին: Գուցե մոմասեղա՞նը փչակից հանվի:
Այս տխուր ու մտահոգիչ պատկերի ֆոնին, այնուամենայնիվ, լուսավոր մի բան գտնվեց: Ծառի և սառնորակ աղբյուրի հարևանությամբ չափագրում էր արվում: Իմացա, որ դարեր շարունակ աննպատակ հոսող ջուրն օգտագործելու նպատակով ջրամբար է կառուցվելու: Մտածեցի, որ գյուղացու հոգսը կթեթևանա, և ծառի պահպանությունը կուժեղանա, բայց նույն պահին էլ միտքս եկավ հայտնի ասացվածքը. «Մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա»: Մինչև ջրամբարը կառուցվի, ո՞վ գիտի, թե ծառից ինչ կմնա…
Ուստի, այդ մտավախությամբ էլ ծառի պահպանությամբ զբաղվող մեր հայրենակիցներին ոչ թե քննադատական խոսք եմ ուղղում (հրաշալի գիտեմ, որ երկիրը հազար ու մի հոգսի մեջ է թաղված) , այլ` զգոնության կոչ. վաղը ուշ չլինելու համար՝ այսօր ավելի մտահոգ լինենք: Եվ ոչ միայն…
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
