Փոփոխություններ ԱԺ-ի ղեկավար կազմում, նաև ԵԽԽՎ-ում և ԵԱՀԿ ԽՎ-ում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 1, 2010 16:00

Առաջիկա երկուշաբթի օրը` հոկտեմբերի 4-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը: Այս անգամ էլ դրանք կանցկացվեն ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում, քանի որ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցման և կահավորման աշխատանքները նախատեսված ժամկետում` մինչև սեպտեմբերի 25-ը, ավարտին չեն հասցվել: Ըստ ամենայնի, օրենսդիրները սեփական տարածքում նիստեր գումարելու հնարավորություն կունենան հոկտեմբերի վերջին:

Ակնկալվում է, որ առաջիկա լիագումար նիստերում պաշտոնապես կհրապարակվի ԱԺ փոխնախագահի պաշտոնից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության անդամ Արևիկ Պետրոսյանի հրաժարականի մասին դիմումը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` հրաժարականը կհամարվի ընդունված, եթե հրապարակումից հետո երեք օրվա ընթացքում նա գրավոր դիմումով իր դիմումը հետ չվերցնի: Այդ դեպքում խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ կընտրի նոր փոխնախագահ: Կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է ԲՀԿ-ին, և կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում արդեն իսկ որոշել է առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

56-ամյա Ս. Բալասանյանը, որ  համեմատաբար վերջերս է անդամագրվել ԲՀԿ-ին և դարձել նաև կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության անդամ չէ: Նա, սկսած 1999 թվականից, վերջին երեք գումարումների ԱԺ-ի պատգամավոր է ընտրվել Գյումրիից: 2003-2007 թթ. եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ և խորհրդարանական խմբակցության ղեկավար: Ս.Բալասանյանը մասնագիտությամբ մանկավարժ-մաթեմատիկոս և սննդի տեխնոլոգ է: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1977 թ.` աշխատելով բանվոր Լենինականի գարեջրի գործարանում: 1992-1999 թթ. եղել է նույն գործարանի տնօրենը, իսկ հետագայում` սեփականատերը:

Վերջին օրերին բազմիցս է հիշատակվել Ս. Բալասանյանի ժամանակին արված արտահայտությունը, թե իր ճակատին գրված է «Օրինաց երկիր», և այս կապակցությամբ շատերը կատակում են, թե արդյոք արդեն ջնջվե՞լ է այդ գրությունը: Պատգամավորն այս խոսակցություններին հանգիստ է վերաբերվում և պարզաբանում. «Ես դա ասել եմ նվիրվածության աստիճանով, որովհետև, եթե հիշում եք, 2006-ից սկսած, երբ ՕԵԿ-ն ընդդիմադիր դաշտում էր, ամբողջ մամուլը գրում էր, թե ես դուրս եմ գալու ՕԵԿ-ից, առնետավազք է լինելու և այլն»: Ըստ նրա, հակառակ այդ կանխատեսումներին, նա իր սկզբունքներին չդավաճանեց. ՕԵԿ-ից դուրս եկավ 2007 թ. ընտրություններից հետո, «որպեսզի ավելորդ  խոսակցություններ չլինեն»:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե, ըստ իշխանական շրջանակների, Ս.Բալասանյանը համաձայնել է անդամագրվել ԲՀԿ-ին` պաշտոն ստանալու խոստման դիմաց: Նշվում է նաև, որ թեկնածուի նախկին կուսակիցները, մեղմ ասած, խանդավառված չեն նրան այդ պաշտոնում ընտրելու հեռանկարից, սակայն, կարծում ենք, անակնկալները քիչ հավանական են, և հերթական անգամ կհարգվեն կոալիցիոն պայմանավորվածությունները:

Հայաստանի խորհրդարանի նիստերի օրերին Ստրասբուրգում կգումարվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի աշխատանքներին կմասնակցի նաև ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Նստաշրջանի օրակարգի նախնական տարբերակում Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարց նախատեսված չէ, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 5-ին Հայաստանի իշխանական թևի և ընդդիմության, այդ թվում նաև`արտախորհրդարանական, ներկայացուցիչները մասնակցելու են ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ նախատեսված է Հայաստանի վերաբերյալ վեհաժողովի ընդունած բանաձևերի կատարման ընթացքի քննարկումը: Արտախորհրդարանական ընդդիմության տեսակետը ներկայացնելու համար հրավիրված է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

Տեղեկացրել ենք նաև, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները որոշ խնդիրներ ունեն Հայաստանի հարցով նորանշանակ համազեկուցող, շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադի հետ: Մասնավորապես, պատվիրակության տարբեր անդամներ կարծիք էին հայտնել, որ այդ գործիչը չի կարող անաչառ լինել Հայաստանի հարցում: Որպես հիմնավորում նշվում էին նրա հրապարակայնորեն արտահայտած տեսակետները, նաև` Շվեդիայի սեպտեմբերի 19-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում: Օրերս` ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, պարզ դարձավ, որ Գ. Լինդբլադը չի վերընտրվել, հետևաբար առաջիկայում ԵԽԽՎ-ում կնշանակվի Հայաստանի հարցով նոր համազեկուցող:

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի` վեհաժողովի կանոնադրության համաձայն` քանի դեռ չի ձևավորվել անդամ երկրի նոր պատվիրակություն, նախորդ պատվիրակության անդամը կարող է իր գործունեությունը շարունակել: «Ճանաչելով Լինդբլադին և հստակ տեղյակ լինելով նրա մոտիվացիաներին, ես վստահ եմ, որ հոկտեմբերի 5-ին պարոն Լինդբլադն անպայման կլինի Ստրասբուրգում` «իր գործն» ավարտին հասցնելու համար»,- ասաց նա: Ըստ Ն. Զոհրաբյանի, եթե անգամ Գ. Լինդբլադը չմասնակցի այդ նիստին, կա երկրորդ համազեկուցող` բրիտանացի պատգամավոր Ջոն Պրեսկոտը, ուստի քիչ հավանական է, որ քննարկումը չլինի:

Շվեդական ընտրությունների առնչությամբ Հայաստանում հետաքրքրությունը միայն Գորան Լինդբլադի ընտրվել-չընտրվելով չի սահմանափակվում: Հետաքրքիր զուգադիպությամբ, հոկտեմբերի 8-11-ը իտալական Պալերմո քաղաքում տեղի են ունենալու մեկ այլ միջազգային կառույցի` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստերը, և այստեղ էլ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը նախատեսված է: Ինչպես հայտնեց պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, չի բացառվում, որ կայանալիք հանդիպումների ընթացքում անդրադարձ լինի վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցչի խնդրին: Դա պայմանավորված է նրանով, որ, ըստ որոշ տեղեկությունների, մինչ այժմ այդ առաքելությունն իրականացնող շվեդ պատգամավոր Գորան Լենմարկերը նույնպես չի շարունակելու պատգամավորական գործունեությունն իր երկրի խորհրդարանում:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply