Ողնաշարային ճողվածքներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 9, 2010 2:50

Վերջին շրջանում  ողնաշարային  ճողվածքների  հաճախությունը կարծես եռապատկվել է: Դրա առաջացման հիմնական պատճառը միջողնային նյութափոխանակության խանգարումն է: Գենետիկական նախատրամադրվածության  ու տարիքային կազմափոխության հետևանքով նվազում է ջրի թափանցումը միջողնային սկավառակի միջուկ: Սովորական օստեոխոնդրոզը  այս հիվանդության առաջացման հավանականությունը  մեծացնում է 10 անգամ: Ողնաշարային (միջողնային) ճողվածքը վնասված սկավառակի տեղախախտումն է (սահմանից դուրս գալը), ինչի հետևանքով ճզմվում է նյարդը` առաջացնելով անտանելի ցավ: Այս կամ այն աստիճանի ողնաշարային ճողվածքով տառապում է ողջ բնակչության  1/4-ը: Այս հիվանդության հետևանքով ախտահարվում են մեր ողնաշարային սյան շարժունությունն ապահովող «ամորտիզատորները»: Երբեմն   պատճառ կարող են դառնալ վնասվածքներն ու վարակները:

Ողնաշարային ցավերը հաճախ քողարկում են իրական պատճառները` ճողվածքն ու օստեխոնդրոզը, բավական նենգ հիվանդություններ, որոնք չբուժելու դեպքում կարող են  հիվանդին գամել հաշմանդամի սայլակին: Գրեթե միշտ հիվանդը բողոքում է մեջքի ցավից: Հիմնականում այն առաջանում է դեռևս պատանեկան տարիքից սկսած.   հիվանդը բողոքում է չափավոր ֆիզիկական ծանրությունից, աշխատասեղանի մոտ կամ անկողնում` անհարմար դիրքից:

Ողնաշարային  ճողվածքի ամենատարածված տեսակը  օստեխոնդրոզային տարբերակն է, երբ ճողվածքն առաջանում է ողնաշարի օստեխոնդրոզի ֆոնի վրա: Ողների սկավառակների կռճիկային հյուսվածքների դեգեներատիվ-դիստրոֆիայի (տարաճ) ֆոնի վրա մեռած հյուսվածքներից աղային կղզյակներ են  գոյանում: Ծանրության ազդեցությամբ  այդ փուխր գոյացությունները վնասվում են` առաջացնելով ձևափոխություններ կամ  էլ` սկավառակի տեղաշարժ,  ինչի հետևանքով ճզմվում են հարողնաշարային նյարդերը, կամ էլ նեղանում է  ողնուղեղային  լուսանցքը:Այս ճողվածքով պայմանավորված` առաջանում է  ցավ, որը կարող է ուղեկցվել մկանների անդամալուծությամբ, կոնքային օրգանների ֆունկցիայի խանգարմամբ: Հիվանդների մոտ 19%-ը վիրահատական միջամտության կարիք ունի:

Միջողնային ճողվածքի հիմնական պատճառը պայմանավորված է 2 գործոնով. առաջինը իշեմիան է, այսինքն` նյարդային գոյացությունների արյունազրկումը, երկրորդը` նյարդի ճզմումը: Ռադիկուլիտը, միջողնային ճողվածքը, ողնաշարի ուռուցքները կամ բորբոքային գործընթացները հայտնաբերվում են ողնաշարային ձևախախտման և դրա հետևանքով հարողնաշարային մկանների լարման պատկերով: Այդ բոլորը միասին ցավ են առաջացնում, որը ծանոթ է մեզանից յուրաքանչյուրին: Հիվանդությանը բնորոշ են նաև գոտկատեղում առաջացած հանկարծակի, ոչ ուժեղ ցավերը ,  իսկ օրվա ընթացքում  ցավ ու թուլություն է զգացվում  նաև աջ կամ ձախ ոտքում: Երբեմն շարժումների ժամանակ, հազալիս, փռշտալիս մեջքի ու ոտքի ցավերն այնքան են ուժգնանում, որ հիվանդն անկողնային ռեժիմի կարիք է զգում: Հիվանդի վիճակը կարելի է մեղմել մեջքի վրա պառկեցնելով կամ էլ ոտքի տակ բարձ դնելով:

Դիտվել է 4395 անգամ:
Print Friendly

Leave a Reply