Եվրոպայի առաջնության մասնակցությունը` վտանգի տակ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 5, 2010 2:00

Հայաստանի հավաքականի հեծանվորդներն օգոստոսին բաց թողեցին Իտալիայում կայացած հրապարակային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը: Պատճառը ֆինանսների պակա՞սն է, թե՞ այլ  հանգամանքներ են խոչընդոտել, պարզ չէ, սակայն փաստը մնում է փաստ: Այդուհանդերձ, մեր երկրի այս մարզաձևի ներկայացուցիչները միջոցներ գտել էին միջազգային երկու այլ ստուգատեսներում ուժերը չափելու համար:

Փորձություններից մեկը Ռուսաստանի  Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած հրապարակային հեծանվավազքի մինչև 18  և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն էր: 18 տարեկանների պայքարում սպասելիքները մեծ էին Մհեր Մկրտչյանից, սակայն միջանկյալ վերջնագծերով խմբային մրցավազքում նա բավարարվեց համեստ արդյունքով` զբաղեցրեց 16-րդ տեղը: Բայց Մհերն ավելի հաջող հանդես եկավ 15 կմ մեկ վերջնագծով «սկրեչ» մրցաձևում և հանգրվանեց 10-րդ հորիզոնականում: «Դա բարձր արդյունք է, քանի որ ամեն երկրից հանդես էին գալիս միայն ամենուժեղները, և այդ պայքարում մեր մարզիկը շրջանցեց տիտղոսավոր մի շարք հեծանվորդների: Անհատական մրցումներում էլ Մկրտչյանը 16-րդն էր: Նա բարելավեց իր անձնական ցուցանիշը, ցույց տվեց սպորտի վարպետի նորման գերազանցող արդյունք: Մկրտչյանը 17 տարեկան դեռ չկա և կարող է նաև հաջորդ տարի հանդես գալ այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում: Դա հիմք է տալիս հույսեր փայփայելու, որ հաջորդ անգամ այս ստուգատեսում նա ավելի բարձր արդյունքներ ցույց կտա: Փաստորեն, դրա համար նախադրյալներ կան»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը:

23 տարեկան հեծանվորդների մրցավեճն ավելի անզիջում էր: Մեր երկրից մեկնարկի էին դուրս եկել Դավիթ Մկրտչյանը և Միհրան Ավետիսյանը: Նախատեսվում էր, որ խմբային  մրցավազքում, «սկրեչ» մրցաձևում այս երկու մարզիկներից որևէ մեկը եզրափակիչ կմտնի, բայց նման բան չեղավ: Հաջողությունը նրանց ուղեկից չէր: Սակայն մարզիկները պարտքի տակ չմնացին` լավ մասնակցելով «մեդիսոն» մրցաձևին: Մեկնարկին ամեն երկրից հանդես է գալիս հեծանվորդների մեկ զույգ: Թիմակիցները, իրար փոխարինելով, ուժերն են չափում 50 կմ  մրցատարածությունում: Այսպիսով, մարզիկներից մեկը հանգստանալու հնարավորություն է ստանում: Իրար փոխարինելու հարցում որևէ սահմանափակում չկա: Հաջողության հասնելու գրավականն  այն է, որ թիմակիցները պետք է կարողանան ճիշտ տեղաբաշխել ուժերը:

Ինչևէ, Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրին 13-րդ տեղը: Մեր երկրի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչն այն կարծիքին է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ուրախանալու  նաև տխրելու առիթներ են տվել: Նրա կարծիքով` գոտեպնդում է այն, որ այս երկու հեծանվորդներն էլ դեռ երկու տարի կարող են մասնակցել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը: «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մինչև Սանկտ Պետերբուրգ մեկնելը մեր մարզիկները հնարավորություն են ունեցել միայն մեկ անգամ հրապարակային հեծանվավազքի մրցումների մասնակցելու, ապա արդյունքը կարելի է գերազանց համարել»,- պարզաբանեց Սոլոյանը:

Միաժամանակ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում կազմակերպվել էր խճուղային հեծանվավազքի միջազգային պատանեկան խոշոր մրցաշար, որին մասնակցեցին Հայաստանի հինգ մարզիկներ: Սակայն  բախտը մեր երկրի նեկայացուցիչներին ուղեկից չէր: Առաջին իսկ մեկնարկից հետո Հայաստանի հեծանվորդներից երկուսը ստիպված էին դառնալու հանդիսական: Բանն այն է, որ նրանց հեծանիվները շարքից դուրս  եկան, և մարզիկներն անկարող էին նոր մեկնարկների մասնակցել: Մրցատարածությունը 418 կմ էր, և մեր երկրի ներկայացուցիչներից այն հաղթահարեցին միայն երեքը: Մերոնցից լավագույնը Էդվարդ Մաթոսյանն էր, որ 105 մասնակիցների պայքարում հայտնվեց 6-րդ տեղում: Նա վերջին մրցափուլում, որի երկարությունը 92 կմ էր, ճանաչվեց երկրորդը: Իսկ Վարշամ Դարբինյանը «Լեռնային արքա» մրցույթում (այն որոշվում էր երկու մրցափուլերի արդյունքով) գրավեց 4-րդ տեղը: Նա 110 կմ մրցատարածություն ունեցող փուլում նույնպես 4-րդն էր: «Այս արդյունքները հույս են ներշնչում, որ հեծանվային սպորտում հերթափոխ ունենք»,- ասաց Սոլոյանը:

Այդուհանդերձ, Հայաստանի ներկայացուցիչները բաց են թողել տարվա գլխավոր ստուգատեսը` աշխարհի առաջնությունը, և հետաքրքիր է, թե  ինչ է մտածում այդ մասին  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Նա պատճառաբանեց, որ Մհեր Մկրտչյանն այդ ժամանակահատվածում Ֆիզկուլտուրայի հայկական պետական  ինստիտուտում ընդունելության քննություններ էր հանձնում: «Իհարկե, ավելի լավ կլիներ, որ նա հանդես գար աշխարհի առաջնությունում, սակայն չստացվեց: Բայց այն հանգամանքը, որ Մհերը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում լավ ցուցանիշ է ունեցել, հույսեր է ներշնչում. երկար ժամանակ մեր մարզիկներն այդպիսի արդյունքի չէին կարողացել հասնել»,- նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Այդուհանդերձ, մտահոգվելու տեղիք է տալիս այն, որ ծախսեր էին կատարվել, մարզիկներ էին մրցավայր գործուղվել, սակայն նրանք իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն չէին ստացել հեծանիվների անսարքության պատճառով: Մարզիչը տեղեկացրեց, որ երկար ժամանակ պետական աջակցության միջոցով նոր հեծանիվներ գնելու հնարավորություն չեն ունեցել: Փաստն այն է, որ վերջին անգամ հեծանիվներ են գնվել 1996-ին: Սակայն այժմ շատ բան փոխվել է, նոր հեծանիվներ են արտադրվում, իսկ առանց դրանց հնարավոր չէ լուրջ ակնկալիքներ ունենալ: «Փորձել ենք հավաքականի առաջատարների համար հեծանիվներ ձեռք բերել: Աջակցել են նախկին հեծանվորդներ, գործարարներ, սակայն եղածը բավար չէ: Դրանցից 4-5-ը  բարձր կարգի հեծանիվներ են, մնացածները միջին մակարդակի են, դրանցով հնարավոր չէ միջազգային մրցումների մասնակցել, այդ թվում նաև Եվրոպայի, աշխարհի առաջնությունների: Փաստորեն, հարցի լուծումն այդպես էլ չի գտնվել: Բացի այդ, պարապմունքների ժամանակ մարզիկներին ուղեկցելու համար ավտոմեքենաների խնդիր կա, վառելանյութը չի բավականացնում, հեծանիվների պահեստամասեր, անվադողեր չկան»,-ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Ի դեպ, կնճռոտ հարցերը դրանով չեն ավարտվում: Երևանի հեծանվային սպորտի կենտրոնին են պատկանում   հարևանությամբ գտնվող հրաձգության և գեղասահքի դպրոցների տարածքները, սակայն Սոլոյանը դժվարացավ այդ մասին որևէ բան ասել, թեև հաստատեց, որ  չնայած այդ ամենն իրենցն է, սակայն վարաձավճար չեն ստանում: Ընդ որում, ոչ մի լծակ չի գործում ծագած խնդիրները կարգավորելու համար: Նա մասնավորապես ասաց. «Մեր կենտրոնում ներկայումս նեղվածք է, ասեղ գցելու տեղ չկա, նոր հանդերձարանների կարիք ունենք, բայց մեր տարածքը նպատակային չենք կարող օգտագործել: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում այս հիմնախնդիրները կլուծվեն»:

Ինչ վերաբերում է միջազգային նոր փորձություններին, ապա հոկտեմբերի 2-ին Թուրքիայում մեկնարկելու է հրապարակային հեծանվավազքի միջազգային մրցաշար, և նախատեսվում է, որ Հայաստանից կմասնակցի 6 հեծանվորդ: Թուրքիայում մրցաշարը տևելու է մեկ օր: Այդ ստուգատեսում ուժերն են չափելու մեծահասակ և երիտասարդ մարզիկները: Հոկտեմբերի 5-ին էլ Իրանում մեկնարկելու է միջազգային բազմօրյա հեծանվավազք, որի երկարությունը 600 կմ է: «Անցյալ տարի Մհեր Մկրտչյանն այդ ստուգատեսում երկրոդ տեղն էր գրավել: Հույս ունենք, որ նա այս անգամ կլինի առաջինը: Ի դեպ, նոյեմբերին Լեհաստանում կայանալու է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որը վարկանիշային է, սակայն ֆինանսների բացակայության պատճառով, հնարավոր է` մարզիկներ չգործուղենք մրցավայր»,-հայտնեց Սոլոյանը:

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply