Ձախորդություններ` շղարշված մեդալների փայլով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 2, 2010 10:35

Թուրքիայում կազմակերպվող մարզական ամեն մի  միջոցառման Հայաստանի ներկայացուցիչներն առաձնակի պատասխանատվությամբ են մոտենում: Եվ դա հասկանալի է, սահմանակից այդ երկրի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, թուրքերը փակ են պահում սահմանը: Եվ այդպիսի պայմաններում մեր մարզիկների հաջող մրցելույթները կարող են կրկնակի արժևորվել:

Օրերս Անթալիայում կազմակերպված ծանրամարտի աշխարհի առաջնությունն այդ առումով բացառություն չէր: Դեռ ստուգատեսի մեկնարկից առաջ շատ էր խոսվում այն մասին, որ հնարավորն է արվում, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչներն արժանավայել հանդես գան: Մրցավայր մեկնելուց առաջ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը «Անկախին» հայտնեց, որ կասկած չունի` Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ կնվաճեն, կբարձրացվի մեր երկրի դրոշը: Այդուհանդերձ, նա հույս էր փայփայում, որ ի պատիվ հայ ծանրորդի հաղթանակի, կհնչի նաև մեր երկրի օրհներգը: Ընդ որում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր հատուկ չվերթ կազմակերպել` չեմպիոն դարձած մարզիկին և Հայաստանի պատվիրակությանը փառք ու պատվով Թուրքիայից  մեր երկիր վերադառնալու հնարավորություն տալու համար:

Եվ աշխարհի առաջնությունում մերոնք մեդալներ, դրանց թվում նաև ոսկե մեդալ ունեցան, Հայաստանի օրհներգն էլ հնչեց, եռագույնն էլ բարձրացվեց, սակայն եղան նաև մտահոգվելու առիթներ, քանի որ մեր մարզիկներից  երեքը դուրս մնացին պայքարից և այդպես էլ չկարողացան վարկանիշային միավորներ գրանցել Հայաստանի հավաքականի օգտին: Գլխավորը դա էր: Այնպես որ մեդալների փայլի շղարշի ներքո եղան նաև ձախորդություններ: Փաստորեն, 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի հնարավորությունները խիստ սահմանափակ են: Անգամ եկող տարի Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու դեպքում կկարողանանք  օլիմպիական խաղերի մայրաքաղաք գործուղել ոչ լրիվ կազմով` 6 մարզիկով հավաքական: Իսկ դա նշանակում է, որ մեր երկրի ընտրանու հնարավորություններն այդ ստուգատեսում սահմանափակ կլինեն:

Այնպես որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն  Անթալիայում սպասելիքները լիովին չարդարացրեց: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, սակայն Հայաստանի ընտրանին  ոչ մարտական կազմով էր մրցավայր ուղևորվել: Փաստորեն, ցածր քաշային կարգերում մենք մասնակիցներ չունեինք: Պարզ չէ, թե  ինչու էր այդպես ստացվել: Ընդ որում, գերծանրքաշայինների մրցավեճում նույնպես Հայաստանը ներկայացուցիչ չուներ: Մինչդեռ ցածր և ամենաբարձր քաշային կարգերում ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ներկայացուցիչները լավ են  մասնակցում մրցումներին: Առանձնացնենք թեկուզ Սմբատ Մարգարյանին և Ռուբեն Ալեքսանյանին, սակայն նրանք մնացել էին տանը: Այնինչ այս մարզիկները մեծ հավանականությամբ վարկանիշային միավորներ կարող էին բերել Հայաստանի հավաքականին:

Հիշեցնենք, որ  մեր երկրի երեք ծանրորդներ այդպես էլ երկամարտում տեղեր չզբաղեցրին և ոչ մի միավորի չարժանացան: Խոսքը պոկում վարժությունում պատվիրած կիլոգրամները չբարձրացրած Գևորգ Դավթյանի (77 կգ), Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի (85 կգ) մասին է: Իսկ Արա Խաչատրյանը (85 կգ), թեև նույնպես այս առումով արդյունքի չհասավ, սակայն  պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալի տիրացավ` 175 կգ, իսկ հրում վարժությունում 201 կգ ծանրությունը բարձրացնելիս, կռիվ տալով ծանրաձողի հետ, վնասեց ձեռքի մկանները և հիվանդանոց տեղափոխվեց: Փաստն այն է, որ վճռական պահին նա էլ չկարողացավ անել այն, ինչը սպասում էին: Անհասկանալի է նաև, թե այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գևորիկ Պողոսյանն ինչու էր տեղափոխվել 94 կգ քաշային կարգ և երկամարտում բավարարվեց սոսկ 11-րդ տեղով` 380 (170+210) կգ: Ինչ վերաբերում է ծանրքաշային  Արթուր Բաբայանին, ապա նրա հնարավորությունները սահմանափակ էին, և  նա չէր կարող իր «գլխից բարձր ցատկել»: Ի վերջո, Բաբայանը երկամարտում բավարարվեց 7-րդ տեղով` 394 (176+218) կգ:

Իսկ մեր հավաքականին պարզերես անողը 77 կգ քաշային Տիգրան Գևորգի Մարտիրոսյանն էր, որ հռչակվեց չեմպիոն, առանձին մրցաձևերում էլ արժանացավ ոսկե և արծաթե մեդալների` 373 (200+173) կգ: Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին անդամ, 69 կգ քաշային  Արմեն Ղազարյանը, հանդես գալով Ռուսաստանի հավաքականի կազմում, գրավեց 4-րդ տեղը և վարկանիշային միավոր պարգևեց իր նոր թիմին: Նրա արդյունքն է` 329 (148+181) կգ:  Ի դեպ, մեր որոշ մասնագետներ նրան «հանգած» մարզիկ էին համարում: Սակայն Արմենը հակառակն ապացուցեց: Փաստորեն, նա հրում վարժությունում ավելի բարձր արդյունք ցույց տվեց, քան մեկ քաշային բարձր կարգում հանդես եկած և աշխարհի չեմպիոն դարձած իր նախկին թիմակից Մարտիրոսյանը:

Ի վերջո, ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հավաքած 62 միավորով գրավեց 18-րդ տեղը: Ակնհայտ է, ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի անժամանակ մահվանից հետո խնդիրներ են առաջացել: Իրականում նրան արժանի փոխարինող չի գտնվել: Այդ է պատճառը, որ հավաքականի նախապատրաստությունը վստահվել էր մարզիչ Պողոս Պողոսյանին, իսկ աշխատանքների համակարգումը կատարում էր ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, փորձառու մասնագետ Փաշիկ Ալավերդյանը: Փաստորեն, հավաքականի գլխավոր մարզչի տեղը թափուր է, և չկա մեկը, որ ամբողջովին իր վրա վերցնի պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է Արտաշես Ներսիսյանի գլխավորած Հայաստանի ծանրորդուհիների հավաքականին, ապա այն արեց առավելագույնը և վաստակած 80 միավորով հանգրվանեց  9-րդ տեղում: 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը երկամարտում, պոկում և հրում վարժություններում դարձավ բրոնզե մեդալակիր` 251 (112+139) կգ: +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը բավարարվեց 4-րդ տեղով` 283 (123+160) կգ: 53 կգ էլեն Գրիգորյանը 12-րդն էր` 186 (80+106) կգ, իսկ 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը` 11-րդը` 214 (100+114) կգ: Կարևորն այն է, որ բոլորն էլ վարկանիշային միավորներ վաստակեցին և լուրջ հայտ ներկայացրին, որ առաջիկա  օլիմպիական խաղերում Հայաստանը կարող է մրցահարթակ դուրս բերել լրիվ կազմով կանանց հավաքական: Դրա համար երկու ստուգատեսների ընդհանուր հաշվարկով պետք է լինել ինը լավագույնների թվում:

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply