Բարեփոխումներ` վերևից ներքև. ավագ դպրոցը հանրակրթության որակի գրավակա՞ն

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 5, 2010 15:09

11-րդ դասարանցի Վլադ Կարապետյանը, որ ուզում է տնտեսագետ դառնալ,  արդեն մեկ ամիս  կրկնուսույցի մոտ պարապմունքների է հաճախում:  Առաջիկա երկու տարիների ինտենսիվ պարապմունքների շնորհիվ հույս ունի բավարար գիտելիք կուտակել և բուհ ընդունվել:

Վլադը երկրորդ տարին է, ինչ սովորում է ավագ դպրոցում` բնագիտամաթեմատիկական հոսքում: Նրա խոսքով`ավագ դպրոցում դասերն ավելի ինտենսիվ են, հիմնական դպրոցի հետ համեմատած` հոսքային առարկաներից ավելի շատ են գիտելիք ստանում: Սակայն Վլադը նաև նշում է, որ ինքն, օրինակ, ավագ դպրոցի տված գիտելիքներով բուհ ընդունվել չի կարողանա . «Դասերին մեկը կկատակի, մյուսը կաղմկի, ոմանց կրթությունն ու ուսումը չի հետաքրքրում: Այդ ամենը թույլ չի տալիս կենտրոնանալ դասերի վրա, լիարժեք գիտելիք ստանալ,- ասում է Վլադը:- Իսկ կրկնուսույցի մոտ պարապմունքն արդեն անհատական է, ավելի լուրջ ենք տրամադրված»:

10-րդ դասարանցի Արման Յուզբաշյանն էլ, որ ապագա ծրագրավորող է և սովորում է բնագիտամաթեմատիկական հոսքում, նշում է, որ կրկնուսույցի մոտ դեռ չի պարապում. ծնողները սպասում են ավագ դպրոցում ուսուցման առաջին տարվա արդյունքներին, որպեսզի որոշեն` երեխան կրկնուսույցի մոտ պարապի՞, թե՞ դպրոցի տված գիտելիքներով բուհ դիմի:

Առանձին գործող ավագ դպրոցների համակարգը տասը  դպրոցներում  փորձնական կիրառվել է 2008 թ.: Հաջորդ տարի ավագ դպրոցների թիվը ավելացավ ևս 38-ով: Այս ուսումնական տարում արդեն հանրապետությունում գործում է 91 ավագ դպրոց, որոնցից 31-ը՝ Երևանում:

ԿԳՆ-ն նախատեսում է, որ  եկող տարի արդեն ողջ հանրապետությունում կգործեն առանձին ավագ դպրոցներ:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշում է, որ ավագ դպրոցների համակարգի կայացման մասին դեռ վաղ է խոսել. եռամյա ավագ դպրոցը դեռ շրջանավարտներ չունի, իսկ  այս տարվա շրջանավարտները, ովքեր երկամյա ավագ դպրոցում են  սովորել, նրա խոսքով, արդյունք ապահովել չէին կարող: Հովհաննիսյանը արդեն 3 տարի փորձարկվող ավագ դպրոցի ձեռքբերում է համարում այն, որ նվազել է աշակերտների բացակայությունների թիվը. «Նախորդ տարիներին ավարտական դասարաններում գրեթե դասի չէին գալիս, իսկ փորձարկվող ավագ դպրոցներում աշակերտները ողջ տարին դասերից գրեթե չեն բացակայում»:

Նարինե Հովհաննիսյան.«Ավագ դպրոցների համակարգի կայացման մասին դեռ վաղ է խոսել»

Հովհաննիսյանն ավագ դպրոցների կայացման հիմնական խոչընդոտ է համարում դպրոցների ոչ բարեկարգ վիճակը. գործող 91 դպրոցներից 30-ը անբարեկարգ են: Մինչդեռ ավագ դպրոցները պետք է ունենան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության հագեցած լաբորատորիաներ, համակարգչային դասարան, ինչն աստիճանաբար է կատարվում:

Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանն էլ համակարգի կայացումը խոչընդոտող երևույթ է համարում քոլեջ-ավագ դպրոց մրցակցությունը: Նրա խոսքով` շատ քիչ քոլեջներ է, որ ավագ դպրոցից ավելի շատ գիտելիք են տալիս աշակերտին, պարզապես քոլեջները գովազդվում են, իսկ ավագ դպրոցի մասին ծնողը և աշակերտը լիարժեք տեղեկություններ չունեն, դեռ չեն վստահում նոր համակարգին:

Հովհաննիսյանը, սակայն, դրական  երևույթ է համարում քոլեջում ուսանելը,  եթե երեխաներն ընտրում են իրենց մասնագիտական նախասիրություններին համապատասխանող քոլեջ. «Հաճախ քոլեջն են ընտրում, քանի որ մտածում են այնտեղ, ի տարբերություն ավագ դպրոցի, կրթությունը երկամյա է: Այս տարի անգամ մի քանի դեպք է արձանագրվել, երբ թյուրիմացությունը պարզելուց հետո երեխաները քոլեջից ավագ դպրոց են տեղափոխվել»:

2008-ին ընդունված «Ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագրում» առանձին ավագ դպրոցների ստեղծումը մի քանի գործոններով է պայմանավորվում. նախ` նոր համակարգը պետք է կարողանա փոխարինել կրկնուսույցներին և աշակերտին տալ բավարար գիտելիք բուհ ընդունվելու համար: Ավագ դպրոցների նպատակն է ունենալ հոսքային ուսուցման դասարաններ, որտեղ երեխան, ըստ մասնագիտական նախասիրության, կընտրի ուսումնասիրվող առարկաները և դասախոսի մոտ պարապելու փոխարեն 3 տարվա ընթացքում մեծ ժամաքանակով կուսումնասիրի դրանք:

«Ավագ դպրոցում չեն տուժում նաև մյուս առարկաները, որոնք կրկնուսույցների մոտ պարապելու դեպքում անուշադրության են մատնվում»,- ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ  12-րդ դասարանում դասաժամերի 70 տոկոսը կհատկացվի հոսքային` մասնագիտական առարկաներին:

Կրթության որակ վերևից ներքև՞

Նոր համակարգը կոչված է  նաև կրթության բարձր մակարդակ ապահովելու միանգամից հանրակրթության երկու օղակներում` հիմնական դպրոցում և ավագում:

«Այլևս հիմնական դպրոցի աշակերտը  գիտի, որ իր դպրոցում չի ավարտելու և վերջում իրեն գնահատականներ չեն նկարի: Գիտի, որ նոր շրջապատ պետք է տեղափոխվի, որտեղ առանց գիտելիքների չի կարող առաջ գնալ: Նախկինում ծնողը մտածում էր, որ երեխան սովորի, թե չէ, կապ չունի. վերջին 1-2 տարին կպարապի կրկնուսույցի մոտ և բուհ կընդունվի:  Այսօր այդ խնդիրը չկա,- ասում է Հովհաննիսյանը:- Հիմա պարբերաբար գրավորների միջոցով կհետևենք աշակերտների գիտելիքների մակարդակին: Ուսուցիչները և տնօրեններն այլևս գիտեն, որ միայն ատեստատը չի վկայում երեխայի գիտելիքների մասին»:

Իսկ այն հարցին, թե ինչպես պետք է հանրակրթության վերին օղակից հասնեն ներքին օղակի որակի ապահովմանը,  Հովհաննիսյանը նշում է, որ կրտսեր դպրոցում այսօր որակը բարձր է, բացթողում կա միայն միջին դպրոցում` 5-9-րդ դասարաններում, որը կլուծվի ավագ դպրոցի կայացման միջոցով:

Ավագ դպրոց +- կրկնուսույց

Հովհաննիսյանը նշում է, որ միայն եռամյա ավագ դպրոցի առաջին  շրջանավարտներ ունենալուց հետո պարզ կդառնա, թե որքանով են իրագործվել նախատեսված առաքելությունները:

Իսկ Քարամյանը հավատացած է, որ աստիճանաբար նվազելու է կրկնուսույցների մոտ պարապող աշակերտների թիվը. «Եթե երեխան ծրագիրը դպրոցում յուրացնում է, էլ ի՞նչ իմաստ ունի հավելյալ գումար ծախսել և երեխային էլ ծանրաբեռնել պարապմունքներով: Հոսքային ծրագրով սովորող երեխային կրկնուսույց պետք չէ: Մանավանդ որ բուհական ընդունելության թեստերը հիմնված են  դպրոցական դասագրքերի վրա»: Նա նշում է, որ որևէ կրկնուսույց շաբաթը 6-7 անգամ պարապմունք չի անում, մինչդեռ հոսքային առարկաներին շաբաթական այդքան ժամաքանակ է հատկացվում: «Ժամանակ է, պետք, որ փաստեր, թվեր ունենանք, որոնք կխոսեն մեր փոխարեն: Ընդամենը ծնողը պետք է հետևի, որ երեխան որակյալ ավագ դպրոցում սովորի»,- ասում է Քարամյանը և որպես նախնական փաստ նշում, որ թիվ 112 դպրոցի  2009-2010 ուսումնական տարվա  109 շրջանավարտներից 96-ն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նրանցից 58-ն են պարապել կրկնուսույցների մոտ, իսկ 38-ը բուհ են ընդունվել սեփական գիտելիքներով:

Մեկ դպրոց ունեցող գյուղերի ապագան` անհայտ

Չնայած եկող տարի արդեն պետք է հանրապետության ողջ տարածքում գործեն  առանձին ավագ դպրոցներ, սակայն դեռևս որոշված չէ, թե ինչ մոդել է կիրառվելու գյուղերում, որոնք մեկ միջնակարգ դպրոց ունեն: Հովհաննիսյանն ասում է, որ նախապես ծրագրով ենթադրվում էր, որ այդ գյուղերի աշակերտներին փոխադրամիջոց  կտրամադրվի, որով էլ կհաճախեն մոտակա գյուղում կամ քաղաքում գործող ավագ դպրոցը: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ծնողներ պատրաստ չեն իրենց երեխաներին գյուղից դուրս` այլ դպրոց  դասի ուղարկել:  «Գյուղերում կմնա ընդհանուր 12-ամյա կրթությամբ դպրոց, որը պետք է ապահովի որակյալ, բայց ոչ հոսքային կրթություն: Եթե ցանկացողներ լինեն, կարող են հաճախել տարածքում գործող ավագ դպրոցներ»,- ասում է Հովհաննիսյանը:

Դիտվել է 2700 անգամ:
Print Friendly

Leave a Reply