Սահակ Պողոսյան. «Հայր իմ, ներիր նրանց, նրանք չեն հասկանում, թե ինչ են անում»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 1, 2010 11:17

Սահակ Պողոսյանի քանդակներից

Քանդակագործ Սահակ Պողոսյանը, որ Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել  հունիսին,  ծրագրել է  հայրենիքում ստեղծել ժամանակակից արվեստի նոր պետական հաստատություն, որը կներկայացնի ու կմիավորի Հայաստանի ու սփյուռքի ժամանակակից contemporary  art  ժանրի  ստեղծագործողներին: Նա իր հետ բերել է 52  ստեղծագործություն՝ մոտ 3 տ քաշով, այդ թվում` 27 քանդակ, որոնք  նույնպես կընդգրկվեն ստեղծվելիք հաստատությունում:

Քանդակագործը, որի արվեստասեր ավյունը լցված է այն ի նպաստ  հայրենիքի ծառայեցնելու ու հայրենքում ժամանակակից արվեստը զարգացնելու համար, ծրագրել է մի նախաձեռնություն, որի փակուղին, առայժմ բոլորովին էլ չի հուսահատեցնում նրան:

Պողոսյանն իր նախագծի իրագործումն սկսել է  հուլիսից: Նախագահին և վարչապետին ուղղված դիմում է ուղարկել կառավարություն, որին պատասխանել են, թե դա մշակույթի նախարարության գործառույթն է, և դիմումը մակագրել են այնտեղ:

«Դիմումում ես ներկայացրել եմ նախագծի գաղափարը, որ էսպես-էսպես բան եմ ուզում անել, որը պետք է պետական լինի,- «Անկախին» ասաց Սահակ Պողոսյանը,- բայց պարադոքսն այն է, որ մշակույթի նախարարությունը, որը պիտի զբաղվի իմ նախագծով,  տեխնիկական ու մասնագիտական հմտությունների չի տիրապետում»:

Նախարարության  Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն «Անկախին» ասաց, որ դիմումին  պատասխան է տրվել, թե նախարարությունը ողջունում է արվեստագետի առաջարկը, սակայն տարածքի խնդիր կա: «Նրա նախաձեռնությունը շատ լավն է` ստեղծել ֆոնդ, որը կներկայացնի ժամանակից արվեստի տեղական և սփյուռքի հայ արվեստագետներին,- ասաց Հարությունյանը,- սակայն տարածքի խնդիր կա, որի տրամադրումը Երևանի քաղաքապետարանի գործառույթն է»:

Պողոսյանը տարածքի փնտրտուքներով Նորքի 4-րդ զանգվածում գտել է կիսաքանդ մի շինություն, որն, իր կարծիքով, չափազանց հարմար է իր մտահղացումն իրագործելու համար: «Դա մի անավարտ կառույց է, որը ժամանակին կոպեկներով տվել են ինչ-որ մեկին,- ասում է Պողոսյանը,- նա էլ ինչ հնարավոր է` քանդել-իրացրել է, շենքն էլ կիսաքանդ ու անմխիթար կանգնած է: Ոչ տերն է հայտնի, ոչ էլ հնարավոր է պարզել»:

Ժամանակակից արվեստի վարչության պետը ցավով նշեց, որ նախկին խորհրդային պետություններից Հայաստանն առաջին էր, որ 1972 թ. բացեց Ժամանակակից արվեստի թանգարանը. «բայց այժմ իր վիճակով երևի վերջին տեղում է»:

Նա կարծում է, որ Հայաստանի` որպես անկախ պետության համար չափազանց արդիական է  արվեստի նկատմամբ նոր մոտեցում ցուցաբերելու կամ եղած մոտեցումը վերանայելու խնդիրը:

Հարությունյանը պատմեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Դանիայից, որտեղ մասնակցել է ժամանակակից արվեստի ֆորումի և չափազանց զարմացած ու ոգևորված է  արվեստի նկատմամբ այդ երկրի պետական ուշադրությունից: «Ես կարծում եմ, որ ժամանակակից արվեստի նկատմամբ պետական վերաբերմունքը պետք է լինի մեր պետության այցեքարտը,- ասաց նա,- որով էլ պետությունը կարող է ներկայանալ երկիր այցելած զբոսաշրջիկին: Արվեստի նկատմամբ պետական հոգածությունը չափանիշ է, որը բնորոշում է տվյալ պետությունը, բայց տարածքի խնդիր կա»:

Սահակ Պողոսյանի կարծիքով այս շենքը շատ հարմար է նախագծի համար

Քանի որ նախագիծը ներառում է սփյուռքում ստեղծված արվեստի գործերը, քանդակագործը դիմել էր նաև Սփյուռքի նախարարություն: Սակայն  երկու նախարարության գործառույթները համադրելով` ստացել է իրավիճակի կազուսայիին  պատկեր: «Ուրեմն Սփյուռքի  նախարարությունը զբաղված է անձանցով, իսկ Մշակույթի նախարարությունը՝ մշակութային գործերով,- ասում է նա,- ստացվում է մարդու և ստեղծագործությունների բաժանում: Ես փորձում եմ երկուսի հետ էլ աշխատել, որ մեկը մյուսի վրա չգցի»:

Նա մոտ մեկ շաբաթ առաջ Սփյուռքի նախարարությունից նախագիծը ներկայացնելու առաջարկ է ստացել, որն էլ ուղարկել է և սպասում է պատասխանի:

«Ամբողջ խնդիրն այն է, որ մշակույթի և սփյուռքի նախարարություններն ինչ-որ  գործառույթներ ունեն և ինչ-որ բաներ անում են, բայց դրանք ձևական բնույթ ունեն,- ասում է նա,- Հայաստան- Սփյուռք արվեստի համաժողով են արել վերջերս ու ինձ էլ էին հրավիրել, ես չգնացի ու ճիշտ էլ արեցի: Հետևելով էդ գիտաժողովի ընթացքին` տեսա, որ մշակույթի կամ արվեստի մասին ոչ մի լուրջ հանգուցալուծում էլ չի եղել»:

Սեպտեմբերի 6-8-ը Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  Երևանում կազմակերպվեց կերպարվեստի գործիչների «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» համահայկական համաժողով, որին մասնակցեց 158  արվեստագետ Հայաստանից և սփյուռքից:

«Ինչ-որ անհասկանալի ու անորոշ բան էր, մարդիկ եկան, ման եկան, գնացին,- մեկնաբանում է Պողոսյանը,- բայց դրա համար ծախսվեցին պետական միջոցներ, սակայն դրանից ոչինչ էլ չփոխվեց, որովհետև նախարարության այն մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, աշխատում են հին սովետական սկզբունքներով, իսկ դրա փոխարեն Գյումրիի բիենալեն պետական ոչ մի աջակցություն էլ չստացավ»:

համայնապատկեր շենքից

Սսպտեմբերի 10-ին Գյումրիում կազմակերպվեց Բիենալե-7 միջազգային ժամանակակից արվեստի ցուցադրությունը, որն անցավ առանց պետական միջամտության կամ մասնակցության: «Այդ ցուցադրությունը կազմակերպվում է մասնակիցների էնտուզիազմի ու անձնական միջոցների հաշվին,- ասում է Պողոսյանը,- արվեստագետների մոտ 100 հոգանոց մի բանակ զբաղված է դրանով, որին պետությունը ոչ մի կերպ չի նկատում, բայց նրանք այն մարդիկ են, ովքեր ինչ-որ չափով տեղյակ են էսօրվա համաշխարհային արվեստի խնդիրներին ու լուրջ արվեստից բան են հասկանում»:

Քանդակագործի կարծիքով` խնդիրը պահանջում է կառավարության ու նախագահի մակարդակով մոտեցում: «Վերջ  ի վերջո, երկու նախարարություններում  պետք է հասկանան, թեպետ ես կասկածում եմ, որ կհասկանան, որովհետև մասնագիտական առումով շատ սուղ է հասկացողության ունակությունը, որ էս հարցին պետք է մոտենալ պետական բարձրագույն մակարդակով,- ասում է Պողոսյանը,- չնայած նրանք մեղք էլ չունեն, նրանք էդ դաշտից բան չեն հասկանում: Էդ մարդիկ  այդ տարածքից  էնքան հեռու են, որ մոտավոր պատկերացում անգամ չունեն, թե ինչ մասին է խոսքը »:

Պողոսյանը իրավիճակը դիպուկ բնորոշում է Քրիստոսի խոսքերով. «Հայր իմ, ներիր նրանց, նրանք չեն հասկանում, թե ինչ են անում»:

Դիտվել է 2574 անգամ:
Print Friendly

Leave a Reply