Հայազգի ռեժիսորը նկարահանում է «Ծառայողական սիրավեպի» նոր տարբերակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 1, 2010 0:07

Ծնունդով երեւանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մի քանի ամսից ռուս հանդիսատեսի դատին կհանձնի խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի կինոկատակերգություններից մեկի` «Ծառայողական սիրավեպի» նոր տարբերակը:
«Ծառայողական սիրավեպ. մեր ժամանակները» անվանումը կրող ֆիլմում խորհրդային հիմնարկությանը փոխարինելու է եկել մոսկովյան ժամանակակից գրասենյակը, 33 տարի առաջ` Ալիսա Ֆրեյնդլիխի մարմնավորված կոշտ ու կոպիտ տնօրինուհին վերածվել է նույնքան անհանդուրժող թոփ մենեջերի, դե իսկ գործընկերների անձնական կյանքին ակտիվորեն միջամտող քարտուղարուհի Վերոչկայի փոխարեն ֆիլմում հանդես է գալիս գործավար Վադիկը, որի դերը «Ծառայողական սիրավեպ 2»-ում խաղում է «Քոմեդի քլաբ»-ի աստղերից Պավել Վոլյան:

Այս ամենը բավարար էր, որպեսզի «Ծառայողական սիրավեպի» դասական տարբերակի հեղինակները կտրականապես հրաժարվեին ֆիլմը դիտելու գաղափարից: Էլդար Ռյազանովը «Կոմսոմոլսկայա պրավադա»-ին տված հարցազրույցում ասել է. – «Ռիմեյքի հեղինակները չեն էլ փորձել ինձ հետ կապ հաստատել` ճշտելու համար իմ կարծիքը»: Ֆիլմի դիտումից հրաժարվել են նաեւ օրիգինալ տարբերակի գլխավոր դերակատարներից առնվազն երկուսը` Օլեգ Բասիլաշվիլին եւ Սվետլանա Նեմոլյաեւան:

«Ծառայողական սիրավեպ 2»-ի արտադրությամբ զբաղվող «Լեոպոլիս» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` «Ծառայողական սիրավեպի» օրիգինալ տարբերակի բոլոր հեղինակներին հրավիրելով ռիմեյք տարբերակի փակ դիտմանը: «Հույս ունենք, որ դրանից հետո ֆիլմի մասին մեկնաբանությունները կարվեն փաստական նյութի, այլ ոչ թե ենթադրությունների հիման վրա», – նշել են պրոդյուսերները:

Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը իր բլոգում գրել է. – «Նկարահանում եմ «Ծառայողական սիրավեպ 2»-ը: Հասկանում եմ, որ լավ բան չեմ անում, բայց կան մեղմացուցիչ հանգամանքներ` միեւնույն է, մի որեւէ սրիկա ի վերջո դա անելու էր»:

Ուշագրավ են Անդրեասյանի բլոգում տեղ գտած մեկնաբանությունները: Մոսկվայում բնակվող հայուհի Աննան, օրինակ, գրել է. – «Նայեցի ֆիլմի գովազդային հոլովակը: Սարսափելի էր: Գոնե ռեժիսորը հայ չլիներ»:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply