Թուրքիայի իշխանությունները արտոնել են նամազը Անիի Մայր տաճարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2010 22:42

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անցկացնել Անիի Մայր տաճարում:
Այդ մասին հաղորդում է CNN Turk-ը` հավելելով, որ նամազին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին:

«Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ազգային Մեծ ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկը նշանավորելու են Անիի Մայր տաճարում խմբակային աղոթք անցկացնելով», – «Ազատություն» ռադիոկայանին տված հացազրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» պարբերականի խմբագիր Ռոբեր Հատեճյանը` հավելելով. – «Սա պատասխան է Աղթամարում կազմակերպված արարողությանը»:

Ստամբուլահայ խմբագիրը կարծում է, որ ազգայնականների այս քայլը նաեւ նպատակ ունի կառավարությանը նեղ կացության մեջ դնել. – «Ասում են` եթե հայերին թույլ տվեցիք Աղթամարում պատարագ կազմակերպել, ապա մեզ էլ պետք է արտոնեք նամազ մատուցել մզկիթի վերածված Մայր տաճարում: Այս նախաձեռնության նպատակը երկու իրադարձությունների միջեւ որոշակի զուգահեռականություն մտցնելն է»:

Հատեճյանը վստահ է, որ թուրք ազգայնականները վաղը Անիում կազմակերպված նամազով չեն սահմանափակվելու: – «Արարողության ընթացքում նրանք երթ են կազմակերպելու դեպ հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջանի անցակետ: Այսպիսով ազգայնականները որոշել են բողոքել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում վերջին զարգացումների դեմ», – նշում է «Մարմարայի» խմբագիրը:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը կտրականապես դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը:

«Շուտով կմեկնարկի նախընտրական պայքարը, եւ այս նամազի արարողությունը Դեւլեթ Բահչելիի կուսակցության համար ընտրապայքարի առաջին քայլն է», – համոզմունք հայտնեց Հատեճյանը` հավելելով, թե Թուրքիայում եւս պատահական չեն համարում այն իրողությունը, որ խորհրդարանական ամենաազդեցիկ ուժերից մեկի` «Ազգայնական շարժման» ողջ ղեկավարությունը, Դեւլեթ Բահչելիի գլխավորությամբ, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի աշնանային նստաշրջանի առաջին օրը որոշել է անցկացնել Անիում:

Ստամբուլահայ համայնքի արձագանքը

Ստամբուլահայ համայնքն առայժմ շատ զուսպ է արձագանքում թուրք ազգայնականների նախաձեռնությանը: Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը հրաժարվել է Թուրքիայի ազդեցիկ Hurriyet Daily News պարբերականին որեւէ մեկնաբանություն տալ այս առթիվ: Պոլսի պատրիարքի հնարավոր թեկնածուներից մեկը` Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանն էլ նույն պարբերականին ասել է, թե կհարգեր «Ազգայնական շարժման» առաջնորդի ցանկությունը, եթե նա անկեղծորեն աղոթելու նպատակ ունենար:

«Իրականում, սակայն, նա կրոնը գործիքի է վերածել` քաղաքական իր նպատակներին հասնելու համար», – նշել է Չուլջյանը:

«Մարմարայի» խմբագրապետը եւս նշում է, որ նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքն այլ կլիներ, եթե ակցիան քաղաքական նպատակներ չհետապնդեր: – «Խնդիրն այն է, որ ընտրված վայրը մեր պատմական Մայր եկեղեցին է: Եթե արարողության համար այլ վայր ընտրեին, խնդիր չէր լինի: Բայց ընտրվեց եկեղեցի, որը պետք է որպես մզկիթ գործածվի: Խնդիրն այդպիսով դուրս է գալիս կրոնական դաշտից ու քաղաքականացվում է», – ասում է Ռոբեր Հատեճյանը:

/www.azatutyun.am/

Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply