Վարչապետը Տավուշի մարզում մասնակցել է մշակույթի օջախների բացմանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 30, 2010 21:09

Տավուշի մարզում այսօր ՀՀ կառավարության արտագնա նիստից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Իջևանում հիմնանորոգված երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը։ Դպրոցը կառուցվել է 1978 թվականին, և հիմնանորոգման աշխատանքներ երբևէ չէին իրականացվել։
Դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2009 թվականի նոյեմբերից. բացի հիմնանորոգումից, երկհարկանի շենքին ավելացվել է ևս մեկ հարկ։ Ֆինանսավորումն իրականացվել է Համաշխարհային Բանկի կողմից` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով։ Վերջինս դպրոցին աջակցել է նաև գույքի ձեռք բերման հարցում։
Երաժշտական դպրոցը նախատեսված է 320 աշակերտի համար, սակայն, ներկայում դպրոցում սովորում է 325 աշակերտ, որից 25-ը մանկատան երեխաներ են։ Դպրոցը սպասարկում է ոչ միայն Իջևանի, այլև հարակից շրջանների երեխաներին։ Երաժշտական գործիքների համալրման գործում ներդրում է ունեցել նաեւ ՀՀ վարչապետը. նա նվիրաբերել է գերմանական ռոյալ։ Գործադիրի ղեկավարը այցելել է նաև Իջևանի Տուրիզմի կենտրոն, որտեղ անցկացվում է վերջին տարիներին հրատարակված գրքերի ցուցահանդես-վաճառք։ Տիգրան Սարգսյանը շրջել է շենքում, ծանոթացել ցուցադրությանը։
Մինչ Երևան վերադառնալը վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջան քաղաքում Երկրագիտական թանգարան-պատկերասրահի բացմանը։
Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2008 թականին, ֆինանսավորման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 208 մլն դրամ։ Այսօր արդեն ճարտարապետական նոր լուծումներով նորակառույցը բաց է արվեստասերների համար։ Կառավարության ղեկավարը շրջել է շենքում, ծանոթացել ներկայացված կերպարվեստի հետաքրքիր աշխատանքների հավաքածուներին։

Դիտվել է 1751 անգամ:
Print Friendly

Leave a Reply