Հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2010 19:14

Սեպտեմբերի 30-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավորներ Մարտին Սարգսյանը եւ Արա Սիմոնյանը հանդիպեցին Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահ Մոհամմադ Նավահանդեանի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության զարգացմանն ու առեւտրի խթանմանն առնչվող հարցեր:

Պարոն Մոհամմադ Նավահանդեանը տեղեկացրեց վերջին տարիներին վարչարարության շնորհիվ Իրանի տնտեսության ձեռքբերումների ու առեւտրաշրջանառության աճի մասին` հույս հայտնելով, որ երկկողմ տնտեսական ու առեւտրային կապերի զարգացումը ոչ միայն կմեծացնի Հայաստանի ապրանքաշրջանառությունը եւ կխթանի նրա տնտեսության զարգացումը, այլեւ Հայաստանը կդարձնի առեւտրային տարանցիկ երկիր: Նրա գնահատմամբ` ժամանակն է ծառայություններից անցում կատարել արտադրության ոլորտ` ապահովելով ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների անխափան աշխատանքը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը արգելակող խոչընդոտներ չեն կարող լինել, եւ կոնկրետ քայլեր պետք է կատարել ծրագրերը կյանքի կոչելու եւ փոխշահավետ համագործակցություն ապահովելու համար: Այդ հնարավորությունը տալիս են երկու երկրների աշխարհագրական դիրքը, դարավոր մշակութային հարաբերություներն ու տնտեսության զարգացման մեջ առկա ընդհանուր հետաքրքրությունները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը անդրադարձավ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը ռազմավարական խնդիր է եւ տնտեսության ու զբոսաշրջության զարգացման կարեւորագույն նախապայման:

Երկուստեք արձանագրվեց, որ թեեւ Հայաստանը եւ Իրանը բարիդրացիական ու տնտեսական ակտիվ հարաբերություններ ունեն, բայց դրանց զարգացման հնարավորություններն ու հեռանկարները ավելի մեծ են, եւ պետք է կոնկրետ ու իրատեսական քայլեր ձեռնարկել դրանք կյանքի կոչելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու դրանց հասնելու ուղիները:

Դիտվել է 1991 անգամ:
Print Friendly

Leave a Reply