ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2010 19:11

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ի նիստում երկրորդ ընթերցումով քննարկեց կառավարության ներկայացրած 4 օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ, որոնք ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ԱԺ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման վրա լրամշակվել է: Օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:

«Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չէին ստացվել:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ պատգամավորները մի շարք առաջարկներ են ներկայացրել, կատարվել են համապատասխան փոփոխություններ: Օրինագծերով կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը կամ անձամբ բանկ ներկայանալու միջոցով հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:

Քննարկվեց նաեւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց քննարկված օրինագիծն ու օրենսդրական փաթեթները դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ հոկտեմբերի 4-7-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Դիտվել է 1823 անգամ:
Print Friendly

Leave a Reply