Արվեստագետը բաց նամակով դիմում է ՀՀ իշխանություններին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 30, 2010 18:06

ԲԱՑ     ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության նախագահ

պրն.ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,

Հայաստանի Հանրապետության վարչապետ պրն. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պրն.ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ,

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար

տիկ. ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆԻՆ,

Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար տիկ.ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

Մեծարգո տիկնայք և պարոնայք,

Սույն նախագիծ-առաջարկը, նամակի տեսքով, նախապես հղել էի Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախագահին, այնուհետև այն վերահասցեագրվել էր Մշակույթի նախարարություն: Առաջարկը համահայկական նշանակություն ունի և այն վերաբերում է աշխարհասփյուռ և տեղացի արդի հայ նշանավոր արվեստագետների գործերին հայրենիքում տեղ տալուն, պահպանելուն, դրանց հանրային ներկայացումն ապահովելուն: Իմ խորին համոզմամբ, պետական մարմինների համակարգում, ցավոք, արդի  արվեստի (contemporary art) ասպարեզում իրազեկ մասնագիտական ներուժի բացակայության պատճառով է, որ առաջարկս ընկալվեց սոսկ իբրև աջակցության ներկայացված հերթական անհատական “պրոյեկտ” և արձագանքի չարժանացավ: Սակայն, չհուսահատվելով, շարունակում եմ հետապնդել նպատակս: Ներքոշարադրվածով կարդարացվի այս անգամ Ձեզ միասնաբար դիմելու իմ որոշումը, քանի որ ներկայացվող խնդիրը համալիր պետական մոտեցում է պահանջում, այն դիտվում է երկու նախարարությունների գործառույթների տիրույթում և պահանջում է երկրի բարձրագույն իշախանության միջամտությունը:

Խնդրի մասին մամուլում բազմիցս խոսվել և դեռ խոսվում է, հանրության շահագրգիռ հատվածն իրազեկված է և սրա թիկունքում է կանգնած մերօրյա առաջադեմ հայ մտավորականությունն ու արտիստական ողջ դաշտը: Այսպիսով, մտահոգությունս ու այս նախաձեռնությունը բնավ մասնավոր մի հղացում չեն, այլ հայ հասարակության և մշակույթի առջև ծառացած հրամայական, որն իր լուծումն է պահանջում:

Աշխարհի առաջադեմ զարգացած երկրներում պետական հոգածությանն արժանի, պատվաբեր խնդիր և առաջնայնություն է համարվում սեփական երկրի արդիական արվեստին տեղ տալը, այն պատշաճ կերպով ներկայացնելը և հանրահռչակելը: Մեզ` հայերիս համար, սա շատ կարևոր է, քանի որ արդի արվեստը, ավանդականից ոչ պակաս, իսկ երբեմն էլ` առավել, ունակ է արտահայտելու ազգային ինքնությունը, արտացոլելու երկրի պատմությունն ու մշակույթը, հասարակական զարգացումները, գեղարվեստական, հոգևոր ու մտավոր նոր արժեքներ ստեղծել: Իսկ ամենակարևորը` արդի արվեստն է, որ իրապես կարող է կամրջել տեղային հասարակական-մշակութային կոնտեքստը համաշխարհայինին, հետամուտ լինել համամարդկային արժեքներին` մարդու իրավունքների պաշտպանությանը, հասարակական կյանքի դեմոկրատացմանը և արդիականացմանը, քաղաքացիական հասարակության կերտմանը: Ահա թե ինչու, մշակութային այս խնդիրն ընկալելով իբրև պետական ռազմավարության արտացոլում, հարկ համարեցի այն ներկայացնել ոչ միայն նախարարություններին, այլև երկրի բարձրագույն իշխանության ուշադրությանը:

Ս.թ. սեպտեմբերին Սփյուռքի նախարարության կազմակերպած կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովն առիթ հանդիսացավ, որպեսզի կապ հաստատեմ հատկապես այս նախարարության հետ և մասնագիտական համագործակցության հայտ ներկայացնեմ`համոզվելով, որ ազգային շահերի և էթնիկ գործոնի պաշտպանությանն ուղղված այս հաստատության ծրագրերն ու իմ գաղափարները համընկնում են, և դրանք ոչ միայն չեն հակասում վերոնշված արդիականացման և համաշխարհայնացման գործընթացին, այլև փոխլրացվում են: Կրկնվեմ` խոսքը վերաբերում է աշխարհասփյուռ ժամանակակից հայ արվեստի արժեքներին տեր կանգնելուն, ի մի բերելուն, Հայաստանում դրանց ապաստան տալուն, հայկական արդիական արվեստի դեմքն ամբողջացնելուն և այն պատշաճ կերպով ներկայացնելուն:

Ես, արվեստագետ Սահակ Պողոսյանս, հետխորհրդային շրջանի հայ կերպարվեստի արդիականացման, անկախացման շարժման ակտիվ մասնակիցներից մեկն եմ: Վերջին 20 տարիներին ապրել և ստեղծագործելով ԱՄՆ-ում, ոչ միայն չեմ խզել կապը հայրենիքիս հետ, այլև պարբերաբար այցելելով Հայաստան, ստեղծագործական ուժերս հնարավորինս ներդրել եմ այստեղ: Այժմ վերադարձել եմ Հայաստան, սեփական միջոցներով և բազում խոչընդոտներ հաղթահարելով, հայրենիք եմ բերել բոլոր ստեղծագործություններս: ԱՄՆ-ում ապրած տարիներին բազմաթիվ կարևոր և անհրաժեշտ կապեր եմ հաստատել արդի համաշխարհային, այդ թվում և սփյուռքահայ, արվեստի լծակներն իրենց ձեռքերում պահող տարբեր հաստատությունների և անձանց հետ: Անհրաժեշտ պայմանավորվածություններ եմ ձեռք բերել` Հայստանում պատշաճ պայմանների ապահովման դեպքում, անվանի հայ արվեստագետներից շատերի ստեղծագործությունները Հայաստան բերելու ուղղությամբ: Ցայսօր էլ արտերկրում ստեղծագործող արդի հայ արվեստագետներից շատերը` թե’ ծագումով սփյուռքահայ, թե’ 1990-ականների դժնդակ ալիքի հետ արտագաղթած, սույն խնդրով մտահոգված անձիք են, ովքեր պատրաստ են իրենց գործերը Հայաստանին նվիրել, կրկին շեշտենք` պահպանման և ներկայացման պատշաճ պայմանների առկայության դեպքում: Աշխարհով մեկ սփռված արժեքներ ու զավակներ ունեցող և ազգային ինքնության պահպանումն իբրև առաջնահերթություն ընդունած Հայաստանի համար “շռայլություն” կլիներ տեր չկանգնելն այդ ամենին: Իմ խորին համոզմամբ, սփյուռքահայ արվեստը հայկական մշակույթի մասն է կազմում` և բավականին ծանրակշիռ մասը: Հայսատանում միայն հայտնի է Արշիլ Գորկու` որպես ամերիկյան էքսպրեսիոնիստական նկարչության հիմնադիրներից մեկի, անունը: Սակայն, աններելի է, որ մեզանում տեղյակ չեն հայազգի այլ հիշարժան արվեստագետների մասին, այնպիսի համաշխարհային դեմքերի, ինչպիսիք են Ռուբեն Նաքյանը, Ռաուլ Հեյգը /Հայկ Հայքելեքյան/, Ջոն Ալթունը /Հովհաննես Ալթունյան/, Գրիգոր Զորդյանը, Արտաշ Կաքավյանը, Չարլզ Կարապետյանը, Էրիկ Պողոսյանը, Սեդա Մանուկյանը, Սարգիս Զաբունյանը, Հուսեյն Չախալյանը, Քրտաշ Օննիկը, Չարլի Խաչատրյանը, Անի Քուպելյանը և այլոք: Այս արվեստագետներին գումարենք նաև 1990-ականներին Հյաստանից արտագաղթածների թիվը, ովքեր նախապես հասցրել էին հայրենիքում գեղարվեստական հեղափոխություն իրագործել /Սահակ Պողոսյան, Գրիգոր Միքայելյան`Քիքի, Հենրիկ Խաչատրյան` Սև Հենդո, Կարապետ Թերզյան, Կարո Մկրտչյան, Արմեն Պետրոսյան, Աշոտ Ղազարյան` Աշոտ-Աշոտ և շատ ուրիշներ/: Այդ տարիներին Հայաստանից դուրս կրվեցին այնպիսի ստեղծագործական արժեքներ, որոնք կարող էին զարդարել արդի արվեստի ցանկացած հավաքածու, և այդ կորուստը ոչ մի կերպ չհատուցվեց: Մինչդեռ, անկախության տասնիննամյա պատմություն ունեցող երկրում, մինչ օրս վավերացված չէ արվեստի այն հատվածը, որն կայացած փաստ է, սակայն որևէ կապ չունի խորհրդային մշակութային կոնտեքստում ստղեծված արժեքների հետ: Բազմադարյա գաղութային անցյալ ունեցող Հայաստանի անվանի շատ արվեստագետներ կայացել են արտերկրում: Այժմ ժամանակն է Հայաստանում, տեղացի և սփյուռքահայ արվեստագետների ներուժն օգտագործելով, անկախ պետությանը հարիր և միջազգային ստանդարտներին համապատասխանող, նոր տեսակի /contemporary/ մշակութային կենտրոն ստեղծել, որն իր հերթին կնպաստի հայրենիքում հայ արվեստագետների  կայացման, ճանաչման, համաշխարհային մշակույթին ինտեգրվելուն:

Սա պետական հովանավորություն պահանջող, ազգի կրթման և զարգացման, արդի  կերպարվեստի հանրահռչակման համար շատ կարևոր և նպաստավոր ծրագիր է, ուստի  ակնկալվում է պետության հովանավորությունը:

Բոլոր արդի /contemporary/ հայ արվեստագետների անունից դիմում ենք Ձեզ` խնդրանքով աջակցել այս ազգային հարստությանը տեր կանգնելու գործին: Եթե ոչ, պատմությունը մեզ չի ների:

Ստորև ներկայացնում եմ նախագծի նկարագրությունը, գաղափարական և գործնական նպատակային խնդիրները: Արդի հայ արվեստագետների, մտավորականների անունից կանխավ շնորհակալ եմ:

Հարգանոք`

Սահակ Պողոսյան, արվեստագետ

Ստորև ներկայացվում է նախագծի գաղափարը

ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ և ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Դեռևս 20-րդ դարի 80-90 ական թթ. հայկական կերպարվեստում տեղի ունեցան գաղափարական և ձևաբանական զգալի փոփոխություններ, որոնք իրենց ցայտուն արտահայտությունը գտան 90-ականների հայ արվեստի համայնապատկերում և զգալի ազդեցություն թողեցին հայ հասարակության վրա` Անկախ Հայաստանի տեսլականի ձևավորման հարցում: Խորհրդային ամբողջատիրական, գաղութատիրական ոտնձգություններից ձերբազատվելու թոհուբոհում Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց որպես անկախ երկիր: Հետագա զարգացումները, թվում է թե, պետք է նպաստեին նաև Հայաստանում անկախ և ազատ արվեստի զարգացմանը: Բայց, դժբախտաբար, խորհրդային հասարակարգի հնացած կարծրատիպերը մինչ այժմ էլ դեռ չի հաջողվում լիովին հաղթահարել, և մեր արդի կերպարվեստը, բավական ներուժ ունենալով հանդերձ, չի կարողանում ընդգրկվել Հայաստանի Հանրապետության պետական հովանավորության ներքո: Մինչդեռ, հայտնի է, որ ժամանակակից մտքի, քաղաքական և հոգևոր զարգացման գործում արդի արվեստը վիթխարի նշանակություն ունի: Այդպես է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ուստի, պետք է փորձել օգտագործել այդ ազդեցությունը` ի նպաստ պետականության շահերի և նրա ամրապնդմանը: Հակառակ դեպքում, արդի արվեստը սկսում է ինքնադրսևորման և ինքնարտահայտման այլընտրանքային ձևեր փնտրել, ինչը հաճախ բերում է ընդդիմադիր կեցվածքին, առանց այդ էլ սրված քաղաքացիական դիմադրության դաշտի առավել լարմանը: Սա, մեր խորին համոզմաբ, չի նպաստում պետության, հայ հասարակության շահերին: Այս դեպքում, իսկապես տաղանդավոր արվեստագետներից շատերն երկու ելք ունեն. հեռանալ երկրից կամ գնալ դեպի ընդդիմություն: Բանն այն է, որ խորհրդային ժամանակների իներցիայի բերումով, արդի արվեստը ավտոմատ կերպով դեռ ընկալվում է որպես “նորմատիվ” արվեստի հակադրություն: Մինչդեռ, ինչ ասել է “նորմատիվ արվեստ” մեր օրերում, երբ, թվում է թե, անկախ ազատ երկրում այն պետք է ձերբազատված լինի գաղափարականացումից: Ցավոք, մեզանում այս միտումը ամրապնդված է, կրկնվենք, իբրև խորհրդային մտածելակերպի ռուդիմենտ, և հարկ է նշել, որ այս կարծրատիպի կենսականության մեջ, պարադոքսալ կերպով, զգալի դեր է խաղացել Ժամանակակից արվեստի թանգարանը: Կարիք չկա վերագնահատելն այդ թանգարանի վիթխարի նշանակությունը հայ կերպարվեստի զարգացման, խորհրդային պայմաններում ազգային ինքնության վերաբացահայտման գործում: Այդ թանգարանն այսօր էլ մնում է հայկական մշակութային դաշտում գործող, հայ կերպարվեստի ամենանվիրական արժեքների պահապանը: Սակայն, իր բոլոր արժանիքներով հանդերձ, այն այսօր իրապես չի արտացոլում հայկական ժամանակակից արվեստն իր պատմական և աշխարհագրական ողջ ընդգրկունությամբ, բնավ չի նպաստում արվեստում ազատական  արժեքների խրախուսմանը, այն փակ է արվեստագետների մերօրյա երիտասարդ սերնդի առջև: “Մոդեռնիզմի” և “ժամանակակիցի” /“այժմէական արդիականի”/ շուրջ առաջացած տերմինաբանական շփոթմունքը տասնամյակներ շարունակ թյուրիմացությունների է բերում. նշված թանգարանն, ըստ էության, արտացոլում է մոդեռնիստական արվեստի ազգային մեկնաբանությունները, ինչն առաջադիմական էր միայն լոկալ խորհրդահայ իրականության մեջ, բայց ոչ` համաշխարհային գեղարվեստական կոնտեքստում, քանի որ մոդեռնիզմը վերաբերում է միայն 20-րդ դարի առաջին կեսին: Անգլերենում ընդունված “contemporary” եզրն է, որն արտահայտում է “արդիականը”, “ժամանակակիցը” և տարանջատում այն պատմական “մոդեռնից”: Մեզանում, ցավոք, մասնագիտական այս դասակարգումների հանրային չիմացությունը լուրջ վրիպումների տեղիք է տալիս: Այս հակասականությունը բացահայտվում է Ժամանակակից արվեստի թանգարանն այցելող արտերկրյա հյուրերի առջև, ովքեր ցանկանում են տեսնել այսօրվա ժամանակակից հայ կերպարվեստը և տարակուսում են, որ Հայստանում այն որևէ կերպ ներկայացված չէ: Սա լուրջ վրիպում է: ՈՒստի, մեր առաջարկը վերաբերում է ձևով և բովանդակությամբ ժամանակակից մի նոր կենտրոն-թանգարանի ստեղծմանը, որպիսիք որ գործում են բոլոր այն պետություններում, որոնք իրագործում են քաղաքացիական հասարակություն ունենալու հրամայականը, ուստի և ունեն ազատ դեմոկրատական մշակույթ, որը գնահատում, սիրում և պահպանում են: Չէ որ տասնամյակներ անց մերօրյա “արդիականը” վեր է ածվելու “ավանդականի”, և այդ դեպքում ինչ պատասխան պետք է տրվի սերունդներին, ինչ պետք է պատասխանենք ինքներս մեր հարցին, թե որտեղ է անկախության առաջին տասնամյակների հայկական ժամանակակից արվեստը? Իսկ ուր մնաց սփյուռքահայ հատվածն այն դեպքում, երբ երկրում պաշտոնապես քարոզվում է “մեկ ազգ, մեկ մշակույթ” կարգախոսը?

Այսպիսով, “Արդի /contemporary/ հայ արվեստի կենտրոնի” հավաքածուն պետք է ներառի 1980-ականների կեսերից ի վեր և անկախության շրջանում ստեղծված Հայաստանի ժամանակակից արվեստի, ինչպես նաև 20-րդ դարից մինչ օրս ստեղծված սփյուռքահայ արդի արվեստի նմուշները: Արվեստի գործերի ցուցադրության հետ մեկտեղ, կենտրոնը պետք է զբաղվի հայ արվեստագետների տվյալների բազայի և ժամանակակից հայ արվեստի պատմության փաստերի հավաքագրմամբ` հետազոտական և արխիվային աշխատանքով,  հայ արվեստագետների ստեղծագործական կտակների պահպանմամբ, տեսադարան և գրադարան ստեղծի, ընթացիկ նախագծերի իրականացման դաշտ հանդիսանա և այլն: Սա կդառնա ապագայամետ մի կառույց, որն Հայաստանի անկախության քսանամյակի շեմին լավագույն նվերը կդառնա մեր երկրին: Կենտրոնի գործունեությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու դեպքում, այն կարող է հետագայում Հայաստանի արդի արվեստի միջազգային կապերն առաջ տանող, արտերկրեւմ արդի հայ կերպարվեստ ներկայացնող, հաստատություն լինել:

Սահակ Պողոսյան

Լիլիթ Սարգսյան

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply