ՌԱՀՀԿ-ի օրակարգում հրատապ թեմա է` «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը. թեր եւ դեմ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 30, 2010 17:41
Հայաստանի կողմից ԼՂՀ–ի ճանաչման օրախնդիր թեման այսօր արծարծվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցած սեմինար–քննարկման ժամանակ, որին հրավիրված էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, մամուլի աշխատողներ:
Քննարկումը բացեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը` նշելով, որ խիստ արդիական այդ թեման հայ հասարակության ուշադրության կիզակետում է, ուստի Կենտրոնն ակնկալում է քննարկումների ընթացքին ներկաների շահագրգիռ մասնակցությունը: «Ճանաչման հարցում յուրաքանչյուրի թեր եւ դեմ դիրքորոշման հստակեցումն այսօր չափազանց կարեւոր է խնդրի անսխալ լուծումը գտնելու համար»,- ընդգծեց Կալենչյանը:
Հարցադրումների հիման վրա կառուցված զեկույցով հանդես եկավ ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը: «Իրողություններն այնպիսին են,- ասաց նա,- որ բանակցություններ վարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Հայաստանը շարունակում է ընդունել համաշխարհային տերությունների դիրքորոշումը, ըստ որի` ԼՂՀ կարգավիճակը պետք է որոշվի հակամարտող կողմերի բանակցություններում: Այսինքն` Հայաստանի ղեկավարությունը մի կողմից անընդհատ հայտարարում է, թե կարգավիճակը չի կարող լինել սակարկման առարկա, մյուս կողմից շարունակում է այդ կարգավիճակի խնդիրը քննարկել Ադրբեջանի հետ` փաստորեն ճանաչելով այդ հարցում վերջինիս իրավունքը»:
Սարգսյանի դիտարկմամբ` Հայաստանն այսօր ոչինչ չունի հակադրելու միջազգային կառույցներում ընդունվող հակահայկական բանաձեւերին, եւ մեր երկրի հանդեպ միջազգային քաղաքականությունն ավելի է կենտրոնանում ԼՂՀ կարգավիճակի շուրջ գոյություն ունեցող անորոշության վրա: Հենց այդ փաստարկն է, ըստ փորձագետի, ընկած Հայաստանի կողմից ԼՂՀ–ի անհապաղ ճանաչման կողմնակիցների մոտեցման հիմքում: «Ճանաչման ակտով արմատապես կփոխվի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային հարաբերությունների գծապատկերը, ինչը Հայաստանին թույլ կտա ԼՂՀ անկախության պաշտպանության հիմնախնդիրը դարձնել իր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների քաղաքականության բաղկացուցիչ մասը»,- եզրակացրեց զեկուցողը:
Արցախի Ճանաչման գործընթաց սկսելու ուղեգծին համաձայնելով հանդերձ` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն, փորձագետ Լաուրա Բաղդասարյանը մտավախություն հայտնեց, որ ուղղակի ճանաչումը կնշանակի վերահաստատել Ադրբեջանի այն պնդումը, թե Հայաստանն իր նկատմամբ ագրեսիայի գործողություն է իրականացրել: «Եթե մենք ճանաչենք ԼՂՀ–ի անկախությունը, համոզված եմ, Ադրբեջանը կդադարեցնի բանակցությունները` հայկական կողմի վրա բարդելով գործընթացի տապալման ողջ պատասխանատվությունը: Բացի դրանից, ներկայիս վիճակը ձեռնտու է ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ Հայաստանին եւ, նույնիսկ, պատերազմի սուտ հոխորտանքներ հնչեցնող Ադրբեջանին: Ուրեմն ինչո՞ւ հենց հիմա ճանաչել, երբ վիճակն անհամեմատ բարվոք է»,- իր մոտեցումն այսպես փաստարկեց փորձագետը` հավելելով, որ ԼՂՀ–ի ճանաչման պահը մենք բաց ենք թողել 1994-ին:
Մտքերի փոխանակության ժամանակ Ճանաչման օգտին եւ հարակից մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին Ազգային ժողովի պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ ուրիշներ: Մասնավորապես շեշտվեց, որ այս թեմայով հրապարակային բանավեճից իշխանամետ գործիչները, չգիտես ինչու, խուսափում են, ինչի վկայություններից մեկն էլ այսօրվա սեմինարի օրակարգի նկատմամբ նրանց կրավորական պահվածքն էր:
———————————————————————————————————-
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ՝ root@acnis.am եւ info@acnis.am, կայքէջ՝ www.acnis.am:






Facebook
Tweet This
Email This Post
