Հարություն Խաչատրյանի հեղինակային կինոն գնահատեցին նաև ԱՄՆ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 30, 2010 16:09

Սեպտեմբերի 3-6-ը ԱՄՆ Կոլորադո նահանգի Թելուրայդ քաղաքում անցկացված հեղինակային ֆիլմերի 37-րդ միջազգային փառատոնում կայացել է ռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Սա ամերիկյան մայրցամաքում ոչ կոմերցիոն կինոն առանձնացնող ամենահեղինակավոր փառատոնն է, որին այս տարի իրենց ֆիլմերով մասնակցել են համաշխարհային կինոյի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վերներ Հերցոգը, Գոդֆրի Ռեջիոն, Լի Չան-Դոն, Բերտրան Տավերնիեն, Օլիվիե Ասայասը, Ալեխանդրո Ինյարիտուն և այլք:

ԱՄՆ-ում Հարություն Խաչատրյանը արժանացել է նաև Նիլսոնի անվան հեղինակավոր մրցանակին, որ շնորհվում է այն կինոռեժիսորներին, որոնց ֆիլմերը “բացում են նոր սահմաններ, ձևափոխում հինը` ներկայացնելով այն դեպի ապագան նայող հայացքով”: 2008 թվականից ամեն տարի կինոյի հեղինակավոր այս մրցանակը հանձնվում է Ամերիկայի կինեմատոգրաֆիստների ալյանսի կողմից:

Ռոբ Նիլսոնի մեկնաբանությունը` Հարություն Խաչատրյանի ֆիլմերի մասին

Հարություն Խաչատրյանի ֆիլմերում խոսքը զուր չի վատնվում։ «Սահման» և «Պոետի վերադարձը» ֆիլմերում մարդիկ բառերն օգտագործում են երգելու համար։ Լսում ենք քահանաների աղոթասացությունը պսակադրության կարգը կատարելիս, սակայն ակնդետ հետեւում ենք կերպարներիգործողություններին, ոչ թե՝ խոսքին։ Հայկական լայնարձակ բնապատկերներում տեսնում ենք հովիվների հսկողությամբ հոտ կազմող ընտանի կենդանիներ, սակայն լսում միայն վերջիններիս հաչոցներն ու փռնչոցները` ո´չ վիճաբանություններ, ո´չ էլ բացատրություններ։ Եվ քանի որ մարդիկ հիմնականում լուռ են, ապա ոչխարներին, այծերին ու մարդկանց սկսում ենք ընկալել որպես կենդանիների կյանքի միահյուս տիեզերական դրամայի մասնակիցներ։ Հարությունը կարծես ասում է, թե ստելու միակ հնարավոր կերպը լեզուն է։ Առանց չընդհատվող խոսքի պաշտպանիչ վահանի, հայ բանվորները, գյուղացիները, արվեստագետները և սովորական մարդիկ թվում են ամուր ու անխաթար` մարդիկ, ովքեր ամեն պահ հարաբերվում են երկրին ու երկնքին, որոնք այնքան կարևոր են նրա տեսլականի համար։

Հարությունի կինոն ավանդական է ու հիմնարար, միևնույն ժամանակ՝ արդիական ու մերօրյա։ Այն գյուղական կյանքը, որ տեսնում ենք նրա կինոնկարներում, այլևս գոյություն չունի Արևմուտքում։ Խուլ ձայները կարծես գալիս են հենց հողից, բայց հետո փոխարկվում են Դեյվ Բրուբեկի։ Սա սխալ է թվում, սակայն մեզ անակնկալի բերելով` ստիպում է ընդունել պարադոքսը։ Հարությունի ֆիլմերի մասին դժվար է խոսել, քանի որ դրանք դիմադրում են մեկնաբանություններին։ Նրա ֆիլմերը կյանքի փորձառություններ են, որ պիտի ապրել, ճանապարհորդություններ են, որ պիտի ձեռնարկել։ Դժվար է առանձնացնել հատվածներ նրա ֆիլմերը ներկայացնելու համար, քանզի դրանք շարունակվող երգեր են, տեսնելու և ունկնդրելու, կոպիտ ու գեղեցիկ ծեսեր, որ հնարավոր է ընկալել մեր բոլոր զգայարանների լարման միջոցով։

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply