Հայաստանը Գինեսի ռեկորդների գրքում կհայտնվի ոչ միայն շոկոլադով, այլ նաև խորովածով

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 30, 2010 14:18

Սեպտեմբերի քսանիննին «Արարատ հոլ» ռեստորանում ամփոփվեցին օրեր առաջ Ախթալայում անցկացված Խորովածի փառատոնի արդյունքները: Հաղթողները պարգևատրվեցին, կնքվեց համագործակցություն Հայաստանում արդեն ավանդական դարձող Խորովածի փառատոնի և «Բարբեքյու» միջազգային ասոցիացիայի միջև, ըստ որի Հայաստանը դարձավ այդ միջազգային ասոցիացիայի անդամ, իսկ վերջում կայացավ «Ախթալա. Խորովածի փառատոն 2009» գրքի շնորհանդեսը:

Ինչպես նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը, ով Խորովածի փառատոնի հանձնաժողովի նախագահն էր, փառատոնի իմաստը միայն խորոված ուտելու մեջ չէ. գլխավորը հայ խոհարարական ավանդույթները զարգացնելն է, խոհարարներին համախմբելը և Խորովածի փառատոնը համաժողովրդական տոն դարձնելը:

«Բարբեքյու»-ին անդամամակցելուց  հետո պակաս կարևոր չի լինի նաև հայկական խորովածը միջազգային մրցույթներում ներկայացնելն ու հաղթելը:

«Այդպիսի փառատոններ աշխարհում շատ են լինում, սակայն Հայաստանը ներկայացնող չկա, այնինչ մեր խորովածի պատրաստման եղանակը միակն է աշխարհում»,-ասաց Մամուլյանը` պարզաբանելով, որ, ի տարբերություն այլ ազգերի,   մենք չենք խաշում միսը, ոչ էլ ջեռոցում ենք տապակում, այլ պատրաստում ենք բաց օդում` կրակի վրա` հատուկ ջերմային մշակման միջոցով:

Հայաստանյան փառատոնին մրցանակներ էին սահմանվել տասը անվանակարգերում` «Լավագույն ավագ խոհարար», «Լավագույն համուհոտով խորոված»,  «Լավագույն տեսքով խորոված», «Լավագույն մտահղացումով պատրաստված խորոված», «Լավագույն նորարարություն», «Լավագույն սկսնակ խոհարար» «Լավագույն խորոված պատրաստող ՀՀ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ», «Լավագույն թիմային աշխատանքով պատրաստված» խորոված», «Լավագույն խորոված պատրաստող անհատ», «Լավագույն խորոված պատրաստող ուսանող-խոհարար»:

Մրցանակակիրները ոչ միայն հայտնի ռեստորանների խոհարարներ էին, այլ նաև ուսումնական հաստատությունների խոհարարական խմբերի սաներ, ինչպես նաև մի քաղաքացի, ով որևէ կապ չունէր խոհարարության հետ. Ախթալայում մասնակցելով Խորովածի փառատոնին` նա հանձնաժողովի անդամների դատին էր ներկայացրել նաև իր պատրաստած խորովածը, որը բարձր էր գնահատվել և արժանացել հատուկ մրցանակի:

Մամուլյանի խոսքով, Էկոնոմիկայի նախարարությունում փառատոնի անցկացման նպատակով արդեն ստեղծվել է կազմկոմիտե, և հաջորդ տարի կազմակերպչական խնդիրներն ավելի բարձր մակարդակով կլուծվեն, կհրավիրվեն խոհարարներ նաև այլ երկրներից, և հայաստանյան Խորովածի փառատոնը միջազգային բնույթ կստանա:

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև «Բարբեքյու» միջազգային ասոցիացիայի  փոխնախագահ, մոսկվաբնակ մեր հայրենակից Արտյոմ Ենգոյանը. հենց նա էր առաջարկել , որպեսզի Հայաստանն անդամակցի ասոցիացիային` տեղեկանալով, որ արդեն երկրորդ անգամ Ախթալայում անցկացվում է Խորովածի փառատոն:

Մրցանակաբաշխության ժամանակ Սեդրակ Մամուլյանը հայտնեց, որ «Բարբեքյու»-ի անդամ երկրները միջազգային փառատոններին ներկայանում են պատվավոր նախագահների մակարդակով ու հենց այդ ժամանակ էլ Հայաստանը ներկայացնելու համար առաջարկեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի թեկնածությունը: Բանն այն է, որ Խաչիկյանը ոչ միայն աջակցում է Խորովածի փառատոնի կայացմանը Հայաստանում, այլև, որպես Ախթալայի բնակիչ, մասնակցում է քաղաքի ցանկացած իրադարձության ու միջոցառման` ներդրումներ անելով Ախթալայի զարգացման ու առաջընթացի գործում:

Խաչիկյանը հայտնեց, որ նպատակ ունեն հաջորդ տարի Հայաստանը  Գինեսի համաշխարհայի ռեկորդների գիրք մտցնել աշխարհի ամենամեծ խորովածով:

Դիտվել է 1689 անգամ:
Print Friendly

Leave a Reply